Հա

Համայնք

15/09/2019 - 09:40

Յովհ. Թումանեանը ժամանակակիցների յուշերում

Երկրորդ անգամ վերջին ամիսներում, Իրանահայ Գրողների միութիւնը նշեց Յովհ. Թումանեանի ծննդեան 150-ամեակը: Ձեռնարկը՝ «Թումանեանը ժամանակակիցների յուշերում» խորագրով, տեղի ունեցաւ հինգշ. սեպտ. 5-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրի սրահում:

Երկրորդ անգամ վերջին ամիսներում, Իրանահայ Գրողների միութիւնը նշեց Յովհ. Թումանեանի ծննդեան 150-ամեակը: Ձեռնարկը՝ «Թումանեանը ժամանակակիցների յուշերում» խորագրով, տեղի ունեցաւ հինգշ. սեպտ. 5-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրի սրահում:

Միութեան նախագահ Գարուն Սարգսեանը ողջունելով ներկաներին եւ տեղեկութիւն փոխանցելով երկշաբաթեայ ընդմիջումով ծրագրւած միութեան գրական ձեռնարկների շարանի մասին, հրաւիրեց միութեան քարտուղար՝ Աշխէն Եղիայեանին օրւայ նիւթը ներկայացնելու:

Դասախօսի խօսքով՝ 1935 թւականին Հայաստանի Պատմութեան եւ գրականութեան ինստիտուտի նախաձեռնութեամբ սկսւում է Թումանեանի երկերի գիտական հրատարաութիւնը, միաժամանակ ձեռնարկւում է մեծ բանաստեղծի մասին նրա ժամանակիցների յուշերի հաւաքման գործը: Ինստիտուտը դիմում է Թումանեանի դպրոցական ընկերներին ու գրչակիցներին, նրան ճանաչող արւեստագէտներին, հասարակական-քաղաքական գործիչներին՝ խնդրելով գրել իրենց յուշերը: Հաւաքւած յուշերը խմբագրւելով տեղ են գտնում առանձին հատորում:

Դասախօսը հետաքրքիր քաղւածներ ներկայացրեց նախ Թումանեանի կնոջ՝ Օլգա Մաճկալեանի յուշերից, ով 17 տարեկանում ամուսնանում է 19-ամեայ Թումանեանի հետ, ապա Աւետիք Իսահակեանի յուշերից, որում վերջինս պատմում է Թումանեանի հետ իր ծանօթութեան եւ հետագայ տարիներին «Վերնատան» հաւաքների ու մասնակիցների մասին: Դրւագներ ներկայացւեց Դերենիկ Դեմիրճեանի, Վահան Թոթովեցի եւ Զապէլ Եսայեանի յուշերից, ինչպէս նաեւ Թումանեանի երիտասարդ տարիքի ընկեր, արձակագիր Անուշաւան Աբովեանի, արձակագիր ու թարգմանիչ՝ Մարգար Աւետիսեանի եւ այլ ժամանակակիցների յուշերից: Մարգար Աւետիսեանը որպէս ուսուցիչ երկու տարի պաշտօնավարել է Թեհրանի Հայկազեան հայոց դպրոցում:

Ծրագրի երկրորդ բաժնում, որ սկսւեց կարճ ընդմիջումից յետոյ, արւեստագէտ Լիդա Բերբերեանը հատւածներ ներկայացրեց իր մօր յուշերից, երբ վերջինս Թումանեանի Վան կատարած այցի առիթով, որպէս աւարտական դասարանի աշակերտուհի, հրաւիրւել ու ներկայ է գտնւել կազմակերպւած փառաշուք երեկոյթին եւ բանաստեղծի ներկայութեամբ արտասանել է նրա «Հին օրհնութիւն»-ը:

Ձեռնարկի ընթացքին Ռուբէն Շահբազեանը արտասանեց Թումանեանից մի տասնեակ քառեակներ, բանաստեղծ Վարանդը ընթերցեց Թումանեանին նւիրւած իր գրած ակրոստիքոսը, ապա ասմունքեց Թումանեանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծութիւնը: Ծրագրի աւարտը հանդիսացաւ Օֆիկ Մելիքեանի ու Զօրիկ Ֆարհադեանի հոյակապ զուգերգը՝ կատարելով միեւնոյն «Հայրենիքիս հետ» բանաստեղծութեան խօսքերով յօրինւած երգը:

Վերջում ներկաները ծրագրի մասին արտայայտւեցին: Բանաստեղծ Տիգրան Պօղոսեանը իր հիացմունքը յայտնելով ասաց՝ «Այս ծրագիրը Թումանեանին նւիրւած մի փառատօն էր»:

 

Իրանահայ Գրողների միութիւն

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։