Հա

Համայնք

23/09/2019 - 14:35

Դպրոցական տարեմուտ

Սրբազան հօր բաեմաղթանքը տարեմուտի առթիւ

Մանկապարտէզ - նախակրթարան

Մանկապարտէզի եւ նախակրթարանի իմ սիրելի բալիկներ,

Շատ ուրախ եմ, որ կրկին անգամ մանկապարտէզում էք, ձեզանից ոմանք նոր են, իսկ մի մասն էլ արդէն կարօտով է գալիս մանկապարտէզ։

Սիրելի՛ փոքրիկներ, ուրախ ու երջանիկ եղէք, եւ վստահ եղէք, որ այստեղ ձեր օրիորդներն ու տեսչուհիները սիրում են ձեզ եւ ամէն ինչ անելու են, որ դպրոցում ձեզ համար լաւ անցնի։

Այստեղ դուք ընկերներ եւ ընկերուհիներ պիտի ունենաք եւ միմեանց սիրելու էք։ Պիտի երգէք, պարէք, ներկէք եւ ուրախանաք։ Մանկապարտէզում աղօթք պիտի սովորէք, պիտի ճանաչէք Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետին եւ Ս. Սահակ հայրապետին։ Մի խօսքով, պիտի լսէք պատմութիւններ Յիսուսի կեանքից եւ Ս. Մեսրոպի ու Ս. Սահակի գործերից։

Դպրոցը շատ լաւ տեղ է, լաւ բաներ էք սովորելու, իմանալու էք, որ Յիսուսը ձեզ շատ է սիրում եւ միշտ աղօթում ձեզ համար, պիտի սովորէք Ս. Մեսրոպ Մաշտոցի ստեղծած, գտած Ա, Բ, Գ-ն եւ դրանով պիտի սովորէք նաեւ հայոց լեզուն եւ կամաց-կամաց էլ մեր կրօնն ու պատմութիւնը։

Ես ձեզ համար աղօթում եմ եւ նաեւ շնորհաւորում ձեզ բոլորիդ, որ ահա դպրոց-մանկապարտէզ էք եկել եւ Աստծու օրհնութեամբ սովորելու էք այն ինչ որ լաւ է, բարի է եւ Աստծուն հաճելի։

Աստւած օրհնի ձեզ բալիկներ, ձեր ծնողներին, օրիորդներին ու տեսչուհուն եւ բոլոր նրանց, ովքեր ձեզ համար աշխատում են։

Օրհնութիւն եւ յաջողութիւն բոլո-

րիդ եւ շնորհաւոր վերամուտ։

 

Ձեզ սիրող եւ ձեզ համար աղօթող՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

23 սեպտեմբերի 2019

Թեհրան

Տարրական բաժնի

 

Շատ սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,

Քրիստոնէական սուրբ սիրով եւ անկեղծ ու ջերմ զգացումներով ողջունում եւ օրհնում եմ ձեզ սիրելիներ՝ աշակերտներ, աշակերտուհիներ, ուսուցիչներ, ծնողներ եւ դպրոցի ողջ աշխատակազմ։

Փառք Ամենակալ Աստծուն, որ մեզ շնորհեց այս գեղեցիկ պահը, երբ աշակերտ, ուսուցիչ, տեսուչ եւ ծնողք միասին հաւաքւած աղօթքով եւ առ Աստւած գոհաբանական մաղթանքով սկսում ենք 2019-2020 դպրոցական շրջանը եւ շնորհաւորում միմեանց։ Այս ուրախ առիթով շնորհաւորում եմ ձեզ բոլորիդ, յաջողութիւն, առողջութիւն, անփորձանք տարի ցանկանալով բոլորիդ։

Դպրոցը այն կրթօջախն է, որ առանցքային դեր, տեղ եւ առաքելութիւն ունի մի ազգի կեանքում։ Դպրոցը հոգեւոր տաճար է, մարդակերտումի սրբազան կրթարան։ Մի դպրոցի որակի բարձրութիւնը երաշխիքն է տւեալ հաւաքականութեան, ազգի կեանքի մակարդակի բարձրութեան, դրա համար դպրոցը համարւում է սուրբ վայր եւ ժողովուրդները գուրգուրում են դպրոցի վրայ։

Դպրոցի մթնոլորտը շաղախւած պէտք է լինի սիրով, փոխադարձ յարգանքով, լայնախոհութեան, համբերատարութեան, ներողամտութեան, հանդուրժողականութեան ոգով եւ այս բոլորը պատւանդանւած պիտի լինի քրիստոնէական հաւատքի վրայ։

Դպրոցը ձեզ համար, սիրելիներ, պիտի լինի մեղուների այն փեթակը, որից դուք մեղր պիտի հանէք։ Հայոց լեզուն Մեսրոպ Մաշտոցի փեթակն է, հայոց կրօնը, հաւատքը Յիսուսի եւ իր առաքեալների փեթակն է ամրացած մեր հայրերի ուսուցումների վրայ, իսկ հայոց պատմութիւնը մեր անմահանուն արքաների, իշխանների, զօրավարների, նահատակների եւ սուրբ հերոսների կեանքով ներծծւած, մեղրի փեթակն է եւ ահա մեր բոլորի պարտականութիւնն է այս վերոյիշեալ փեթակներից մեր ամենօրեայ հոգեւոր սնունդը առնենք, նրանով կենսաւորւելու եւ ինչու չէ քաղցրանալու, համեմւելու։ Հետեւաբար, այս տարի մեր նշանաբանը թող լինի «Սիրով եւ համբերութեամբ գործենք» վերոյիշեալ փեթակներից մեղր քաղելու՝ ի վայելումն բոլորիս։

Այս տարի մեր անմահանուն հեղինակների՝ Յովհաննէս Թումանեանի, Կոմիտաս Վարդապետի եւ Լեւոն Շանթի ծննդեան 150-ամեակն է։ Երեք մեծ եւ երախտարժան դէմքեր, ովքեր մեր հպարտութիւնն ու փառքն են, եւ ահա դպրոցում աւելի մօտկից ճանաչելու էք այս մեծերին։

Այո՛, դպրոցը մեզ հաղորդակցութեան մէջ է դնում մեր պատմութեան հետ, մեր եկեղեցու ու եկեղեցական հայրերի ներշնչող կեանքի հետ, որով կենսաւորւած մուտք ենք գործելու Սահակ Մեսրոպեան անդաստանից, մեղրածորան պուրակից ներս, որպէսզի նրանցով զօրացած ապրենք մեր կեանքը միշտ կառչած մնալով մեր լեզւին, հայրենիքին, պատմութեան, որպէս հիմնասիւները մեր գոյութեան եւ ներշնչող աղբիւրը մեր պահանջատիրական պայքարին ի խնդիր մեր ամբողջական իրաւունքների ձեռքբերման։

Օրհնութիւն եւ յաջողութիւն բոլորիդ եւ շնորհաւոր վերամուտ։

 

Սիրով եւ աղօթասացութեամբ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

23 սեպտեմբերի 2019

Թեհրան

Միջնակարգի Ա եւ Բ բաժիններ

 

Շատ սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,

Քրիստոնէական սուրբ սիրով ու հայրական ջերմ ու անկեղծ զգացումներով ողջունում եմ ձե՛զ, սիրելի՛ աշակերտներ, աշակերտուհիներ, նաեւ ձե՛զ սիրելի ծնողներ, ուսուցիչներ, տեսուչներ եւ պաշտօնէութիւն։

Ամէն անգամ, երբ նստում եմ գրելու համար իմ ողջոյնի խօսքը, դպրոցական վերամուտի առիթով, ուրախութեան եւ յուզումի կրկնակ զգացումներով խառնւում ու ալեկոծւում է հոգիս։

20 տարիներ առաջ, երբ նոր էի եկել, 24 դպրոցներ այցելեցի եւ ամէն մի դպրոցում հարիւրաւոր աշակերտների, աշակերտուհիների առաջ էի կանգնում եւ ինքս ինձ շատ ուրախ եւ հպարտ էի զգում։ Այսօր թէեւ թիւը նւազել է, սակայն, որակը դեռ բարձր է, եւ սա բնականաբար, ուրախալի է եւ մխիթարական։ Այսօր էլ ձեր դիմաց կանգնելիս էլի հպարտութեան եւ գոհունակութեան զգացումներով հըրճւում է հոգիս։

Միւս կողմից՝ ուրախ եմ հաստատելու, որ մեր աշակերտներն ու աշակերտուհիները դպրոցներում եւ արտադպրոցական կեանքում, միութիւններում եւ մշակութային զանա-

զան ասպարէզներում աշխոյժ եւ եռանդուն իրենց մասնակցութիւնն են բերում եւ համայնքային մեր կեանքը աշխուժացնում։ Մեր աշակերտութիւնը Հայրենիքում եւ Արցախում եւս տեղի ունեցող մշակութային եւ աշակերտական ձեռնարկներին մասնակցել ու մասնակցում եւ պատւաւոր դիրքեր են գրաւում մրցոյթներում։ Չորս տարին մէկ կազմակերպւող ամառային Համահայկական խաղերը այս տարի մեծ խանդավառութեամբ սկսւեցին, շարունակւեցին եւ իրենց աւարտին հասան։ Աւելի քան հինգ հազար երիտասարդներ-երիտասարդուհիներ եւ պատանի, պարմանուհիներ մասնակցեցին Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած 7-րդ ամառային Համահայկական խաղերի բացման։ Վստահ եմ, ձեզանից երեւի շատերը մասնակցեցին եւ նաեւ հետեւեցին այդ հանդիսութիւններին եւ մրցոյթներին։

Այս տարի մեր անմահանուն հեղինակների՝ Յովհաննէս Թումանեանի, Կոմիտաս վարդապետի եւ Լեւոն Շանթի ծննդեան 150-ամեակն է. մարդիկ, ովքեր հայօրէն ապրեցին ու գործեցին եւ մեզ ժառանգ թողեցին իրենց մտքի եւ հոգու ստեղծագործութիւնը եղող երգեր, հեքիաթներ, գրականութիւն ու վէպ։

Այս բոլորը յիշեցնում եմ ձեզ սիրելիներ, ասելու համար, որ մեր ուժը մեր միասնականութեան մէջ է։ Այսօր, եթէ Թեհրանում կամ Իրանի այլ երբեմնի հայահոծ քաղաքներում մեր թիւը նւազել է, սակայն մեր եռանդն ու խանդավառութիւնը, մեր կապւածութիւնը ազգային մեր արժէքներին ոչ մի ժամանակ չի նւազել: Եկեղեցական, ազգային, մշակութային, մարզական եւ հասարակական մեր կեանքը աշխուժօրէն շարունակում է իր ընթացքը, եւ կը շարունակի, որովհետեւ մենք առաքելութիւն եւ կոչում ունեցող ժողովուրդ ենք, գործում ենք դպրոցներում, սովորում ենք ի խնդիր մեր քրիստոնէական հաւատքի, լեզւի ու մշակոյթի պահպանման, որովհետեւ դրանցով զինւած կը շարունակենք մեր պահանջատիրական պայքարը, ի խնդիր՝ մեզանից անարդարօրէն խլւած իրաւունքների։ Լեզուն ու հաւատքը մեր ինքնուրոյնութեան եւ ինքնապահպանման սիւներն են։

Այո՛, սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,

Մեր դպրոցների, մշակութային հաստատութիւնների առաքելութիւնը կամարակապւած մեր աստւածակառոյց եկեղեցու առաքելութեան, գօտեպնդելու ու զօրացնելու են մեզ մեր պայքարի մէջ։

Շնորհաւորում եմ ձեզ 2019-2020 դպրոցական վերամուտի առիթով եւ այս տարւայ մեր դպրոցական նշանաբանը թող լինի «Սիրով եւ համբերութեամբ գործենք» ի խնդիր առողջ, կենսուրախ եւ արդիւնաշատ կեանքի ու լուսաւոր ապագայի։ Չմոռանաք, որ դպրոցը օրրանն է մեր ազգային եւ հոգեւոր արժէքների եւ միջնաբերդը մեր գոյութեան։

Օրհնութիւն եւ յաջողութիւն բոլորիդ սիրելիներ եւ շնորհաւոր վերամուտ։

 

Սիրով եւ օրհնութեամբ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

23 սեպտեմբերի 2019

Թեհրան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։