Հա

Համայնք

09/04/2013 - 10:48

altՈւրբաթ, մարտի 15-ի առաւօտեան, Իրանահայ գրողների միութեան հերթական հանդիպման ընթացքում, շահեկան ու բովանդակալից դասախօսութիւն կայացաւ 18-րդ դարի հայ բանաստեղծ-երգահան-աշուղ, «Արեւելքի երգի արքայ» տիտղոսին արժանացած Սայեաթ Նովայի ծննդեան 300-ամեակի առթիւ:
Դասախօսն էր թեհրանահայ համայնքի մշակութային կեանքում գործօն դերակատարութիւն ունեցող, «Հայ կին» միութեան անդամուհի ու անցեալ շրջանների նախագահուհի Դիանա Յովհաննիսեանը:

Նախքան դասախօսութիւնը՝ միութեան նախագահ Թորգոմ Տէր-Յակոբեանը հանդիպումը բացւած յայտարարելով՝ արտայայտւեց ընդհանուր առմամբ գեղարւեստ երեւոյթի կարեւորութեան մասին՝ նշելով, որ որեւէ ժողովուրդ չի կարող առանց գեղարւեստի յարատեւել. գեղարւեստը նրբացնում ու մշակում է մարդու հոգին, եւ հայ ժողովուրդն այն ժողովուրդներից է եղել, որ գոյատեւել է իր գեղարւեստական մարզում ունեցած ունակութիւնների եւ այդ ունակութիւններով օժտւած անձանց կերտած գոհարների շնորհիւ: Նա յոյս յայտնեց, որ այժմ, երբ հայկական անկախ պետականութիւն գոյութիւն ունի, գեղարւեստական բնագաւառը պետական նեցուկ ունենալով՝ առաւել զարգանայ ու բարգաւաճի:
Միութեան նախագահը նմանօրինակ դասախօսութիւն-հանդիպումների նպատակը հայ գեղարւեստի մարզում նշանակալից ներդրում ունեցած գործիչներին գնահատելն ու նրանց հասարակութեանը, մասնաւորաբար երիտասարդներին, ծանօթացնելը համարեց: Նմանատիպ ակնառու դէմքերից էր Սայեաթ Նովան, որին էր յատկացւած այդ օրւայ հանդիպումը:
Ապա օրւայ դասախօսը բեմ հրաւիրւելով՝ նախ շնորհակալութիւն յայտնեց ԻԳՄ-ի վարչութեանը՝ իրեն տրւած առիթի համար, այնուհետեւ համառօտ կերպով ներկայացրեց Սայեաթ Նովայի կեանքի ու գործունէութեան յատկանշական դրւագները:
Սայեաթ Նովան, բուն անունով՝ Արութիւն Սայեադեան, ծնւել էր 1712 թւականին՝ Վրաստանի Թբիլիսի քաղաքի Հաւլաբար թաղում (որոշ աղբիւրներում ծննդեան թւականը 1722 է նշւած): Հայրը՝ Կարապետ, հալէպցի էր, իսկ մայրը՝ Սառա, թբիլիսցի: Հայրն էր նրա մէջ ամրապնդել ազգային ու կրօնական արժէքների նկատմամբ սէրը: Արհեստով ջուլհակ էր, տիրապետում էր 3-4 լեզուների, հեղինակել է՝ 70 հայերէն, 30 վրացերէն եւ 120 թուրքերէն երգեր, եղել է վրաց Հերակլ արքայի պալատական աշուղը, սիրահարւել է արքայի քրոջ՝ Աննա իշխանուհու վրայ, որից ներշնչւած՝ յօրինել է իր սիրային տաղերը, ապա վտարւել է արքունիքից, ամուսնացել է Մարմար անունով մի կնոջ հետ եւ ունեցել է չորս զաւակներ: Այնուհետեւ հոգեւորական է ձեռնադրւել՝ վերանւանւելով Տէր-Ստեփանոս: Այս հանգամանքով պաշտօնավարել է Հնդկաստանում ու Պարսկաստանում՝ Անզալի քաղաքում, ուր նաեւ զբաղւել է գրչագրութեամբ: Սպանւել է 1795 թւականին՝ Աղա Մոհամմադխան Ղաջարի Թբիլիսի կատարած արշաւանքի ժամանակ եւ թաղւած է Թբիլիսիի Ս. Գէորգ վանքի բակում:
Դասախօսն ապա մէկ առ մէկ ընթերցեց ականաւոր գրաքննադատ-մտաւորական Նիկոլ Աղբալեանի Սայեաթ Նովայի 10 տաղերի մասին իրականացրած ուսումնասիրութիւն-մեկնաբանութիւնները՝ յայտնելով, որ Ն. Աղբալեանը եւս ծնւել էր Թբիլիսիում՝ հէնց միեւնոյն Հաւլաբար թաղում: Խնդրոյ առարկայ տաղերը կրում էին՝ սիրերգային, խրատական, գովերգական, տրտունջքի, պաղատանքի, ելքի, ողոքման եւ որոշ զուգահեռների անցկացման բնոյթներ: Իւրաքանչիւր տաղի ուսումնասիրութեան ընթերցմանը զուգընթաց՝ պաստառի վրայ երեւան էին գալիս տւեալ տաղի բառերը, նաեւ սփռւում էին պատկան տաղերից հատւածներ՝ երգային կամ ասմունքային տարբերակներով՝ երգիչներ՝ Օֆելիա Համբարձումեանի, Վարդուհի Խաչատրեանի, Լեւոն Գաթրճեանի ու Ռուբէն Մատթէոսեանի եւ ասմունքողներ՝ Սուրէն Քոչարեանի, Բաբգէն Ներսիսեանի, Սւետլանա Խանումեանի ու Նժդեհ Յովհաննիսեանի կատարմամբ:
Դասախօսը, նշելով, որ Սայեաթ Նովայի ստեղծագործական ժառանգութիւնը համամարդկային արժէք ունի, եւ նա կատարելութեան է հասցրել աշուղական երաժշտութիւնը, բացատրեց նրա տաղերում գործածւած որոշ բառերի իմաստը եւ ներկայացրեց գրականագէտներ՝ Յովհաննէս Թումանեանի, Վալերի Բրիւսովի ու Պարոյր Սեւակի տեսակէտները՝ Սայեաթ Նովայի մասին:
Սայեաթ Նովա անւան ստուգաբանութեան վերաբերեալ դասախօսը նշեց, որ այդ կապակցութեամբ մի քանի տարբերակներ կան, որոնցից կարելի է ակնարկել Սայեաթի թոռ կամ երգի որսորդ իմաստներին:
Դասախօսութիւնից յետոյ՝ միութեան նախագահի եւ ներկաների կողմից, որոնց մաս էին կազմում նաեւ երաժիշտներ, գնահատական արտայայտութիւններ ուղղւեցին դասախօս Դիանա Յովհաննիսեանին՝ խիստ հետաքրքիր ու համապարփակ դասախօսութեան համար, նաեւ եղան հարցումներ ու մտքերի փոխանակումներ, որոնց ընթացքում արծարծւեցին՝ Սայեաթ Նովայի ազգասիրութեան, նրա շառաւիղների եւ աշուղական երաժշտութեան ընդհանրապէս արեւելեան ու մասնաւորապէս կովկասեան ժողովուրդների առանձնայատկութիւններից լինելու հարցերը:

ԻԳՄ-ի թղթակից

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։