Հա

Մշակոյթ

07/08/2013 - 10:35

alt«armenpress.am» - Գերմանացի թարգմանիչ Կոնրադ Կունինը գերմաներէնի է թարգմանել Եղիշէ Չարենցի բանաստեղծութիւնները: «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով բանաստեղծութիւնների գիրքը առաջին անգամ հայ ընթերցասէր հանրութեանը ներկայացւեց յուլիսի 24-ին՝ Հայաստանի Գրողների միութիւնում (ԻԳՄ):
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԳՄ-ի նախագահ Լեւոն Անանեանը նշեց, որ օրն առանձնայատուկ է, քանի որ Կունինը ընթերցողներին է ներկայացնում մի աշխատութիւն, որն իր տեսակի մէջ բացառիկ է եւ հրաշալի:
«Հեղինակի գեղարւեստական ճաշակը հիացնում եւ զարմացնում է: Շատ եմ կարեւորում այս գրքի հրատարակումը»,- նշեց Լ. Անանեանը: Նրա գնահատմամբ՝ Կունինի դեբիւտը (առաջին գործ) մեծ աշխատանք է, քանի որ իրեն յաջողւել է վերարտադրել չարենցեան հնչողութիւնը:

Լ. Անանեանը շեշտեց, որ նախկինում Չարենցի ստեղծագործութիւնները թարգմանւել են գերմաներէնի, սակայն «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը նոր ձեւաչափ է եւ նոր խօսք՝ չարենցեան թարգմանութեան ոլորտում:
Կոնրադ Կունինը համաշխարհային մեծութեան օպերային երգչուհի Յասմիկ Պապեանի ամուսինն է: Նա ազգութեամբ գերմանացի է, սակայն Պապեանի հետ համատեղ կեանքի ընթացքում սովորել է խօսել հայերէն:
«Ես շատ զգացւած եմ եւ չէի սպասում, որ այսպիսի մեծանուն դէմքեր պէտք է հաւաքւած լինէին այսօր: Շատ մեծ պատիւ է ինձ համար, որ Գրողների միութիւնը ինձ նման պատւի արժանացրեց»,- վարժ հայերէնով ասաց Կունինը՝ ընդգծելով, որ հայ մշակոյթը չէր կարող այսչափ ճանաչել, եթէ չհանդիպէր Յասմիկ Պապեանին:
«Չնայած նրան, որ Յասմիկը գիտի ռուսերէն, իտալերէն, սակայն ես հասկացայ, որ Յասմիկի սրտի լեզուն հայերէնն է, եւ այդ պատճառով՝ որոշեցի սովորել հայերէն»,- անկեղծացաւ թարգմանիչը՝ աւելացնելով, որ գիրքը նւիրել է գերմանացիներին:
Նրա գնահատմամբ՝ հայկական մշակոյթի հարստութիւնը առանձնայատուկ է:
Չարենցի տուն-թանգարանի տնօրէն Լիլիթ Յակոբեանն էլ նշեց, որ իւրաքանչիւր գրողի համար կարեւոր է, որ իր ստեղագործութիւնները թարգմանւեն, քանի որ այդ թարգմանութիւնների շնորհիւ են հանճարները հասու դառնում օտարալեզու ընթերցողին:
Հանդիպման աւարտին Լեւոն Անանեանը Կունինին յանձնեց ՀԳՄ-ի պատւոգիր եւ մեդալ՝ ձեռքբերած վաստակի համար:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։