Հա

Մշակոյթ

07/08/2013 - 10:15

alt«yerkirmedia.am» - Արուճ գիւղի գլխաւոր վանքային համալիրը Ս. Գրիգոր եկեղեցին է: 7-րդ դարում կառուցել է Գրիգոր Մամիկոնեանը: Երբեմնի կաթողիկոսանիստ տաճարն անցել է խորհրդային հալածանքների միջոցով, աւերւել երկրաշարժերից, բայց շարունակում է կանգուն մնալ:
Իտալիայից ժամանած մասնագէտները տեղադրում են յատուկ սարքաւորումներ, որոնց միջոցով կը ճշտւի պատերի ճեղքերի դինամիկան, խոնաւութեան աստիճանը, ամրութիւնը եւ այլն: Համակարգչի գրանցած տւեալները հնարաւորութիւն կը տան ամրացման աշխատանքների մի քանի տարբերակներից ընտրել առաւել արդիւնաւէտը:

Ինչպէս բժշկի, այնպէս էլ ռեստաւրատորի (վերանորոգողական աշխատանք իրականացնող) գործի ամենակարեւոր փուլն է հետազօտումը եւ ճիշտ ախտորոշումը: Այս անգամ ապաքինման կարիք ունեցող հիւանդն Արուճի եկեղեցական համալիրն է, իսկ բժիշկները՝ Իտալիայից ժամանած մասնագէտները: Նրանց ուշադրութեան կենտրոնում Արուճի եկեղեցին յայտնւել է 2011 թւականից, երբ երկու երկրների արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ համապատասխան պայմանագիր կնքւեց: Արդէն մի քանի տարի է, ինչ իտալացի մասնագէտներն ուսումնասիրում են եկեղեցական համալիրը: Սա, իհարկէ, վերականգնման միայն մի մասն է:
«Եկեղեցու ներսում գտել ենք քարեր, որոնք վնասւած են եղել, հիմա փորձում ենք ամբողջական դարձնել: Եւ այդ պոկւած քարերը փորձում ենք միացնել իրար եւ այն տեղերում, որտեղ վնասւածքներ կան, դրանք փորձում ենք ամրացնել»,- ասաց քարի մաս-նագէտ Ստեֆան Վոլտան:
Ուսումնասիրութիւններին զուգահեռ՝ տարածքում նաեւ հնագիտական պեղումներ են իրականացրել: Եկեղեցական համալիրը պատկանել է Մամիկոնեան իշխանական տոհմին: Մատուռը 4-ից 5-րդ դարերի պատմութիւն ունի, հարեւանութեամբ գտնւող պալատը կառուցւել է 7-րդ դարում:
Քրիստինա Տեդեսկին վերականգնողական աշխատանքներ է իրականացնում արդէն 20 տարի: Ասում է՝ այս եկեղեցին պատմական մեծ արժէք ունի, ուստի՝ իրենք զգուշութեամբ են աշխատում: Այս հարցում օգնում են նաեւ Իտալիայից բերւած գործիքները: Օրինակ՝ յատուկ ճեղքաչափերի եւ խոնաւաչափերի օգնութեամբ ուսումնասիրում են պատերի խոնաւութիւնը:
«Արդէն 2011 թւականից Արուճի վանական համալիրում մենք ուսումնասիրութիւններ ենք իրականացնում: Ուլտրաձայնային հետազօտութիւնների օգնութեամբ պարզում ենք քարի հաստութիւնը, թէ ինչքան խիտ է, կառուցւածքային ինչ խնդիրներ ունի եւ ամենակարեւորը՝ որոշում ենք խոնաւութիւնը, ինչը շատ կարեւոր է»,- ասաց Տեդեսկին։
Ծրագիրը նաեւ կրթական նպատակ ունի: Իտալացիներն իրենց մասնագիտական հմտութիւններով կիսւում են հայ վարպետների հետ: Աշխէնն այս տարի է աւարտել ճարտարագիտական համալսարանը: Այստեղ սովորում է վերականգնել որմնանկարները: Ասում է՝ իրենք աշխատում են վերականգնել 7-րդ դարի պատմութիւն ունեցող այս որմնանկարը, որը պատկերում է Յիսուս Քրիստոսի Յարութիւնը:
Վերականգնողական աշխատանքների միւս փուլում արդէն այստեղից վերցւած փորձանմուշները կուղարկւեն Իտալիա: Այնտեղ էլ իտալացի մասնագէտները ախտորոշումից յետոյ՝ կորոշեն բուժման ձեւը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։