Հա

Մշակոյթ

06/08/2013

alt«ankakh.am» - Այսօր հաւանաբար հատուկենտ են այն դերասաններն ու բեմադրիչները, որոնց նոր ներկայացումը դեռ չաւարտւած՝ հասարակութիւնը սպասում է յաջորդին: Վարդան Պետրոսեանը յաջողում է ողբերգութիւնն ու կատակերգութիւնը մէկտեղել, իւրաքանչիւր թեման հետաքրքրական ու բովանդակալից մատուցել:
Որքան հետաքրքիր, նոյնքան էլ զարմանալի է, որ դերասանական կոչումը Վարդան Պետրոսեանը չի ընդունում:

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆԵՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ»

Վարդան Պետրոսեանը Ցեղասպանութիւն ապրած ընտանիքի որդի է: Հայրը ծնունդով Մանազկերտ քաղաքից է: Իսկ ինքը տան ամենափոքրն է:
- Եղբայրներս արդէն վաթսունն անց են: Երեք եղբայր ենք եւ մի քոյր: 3-4 տարեկանում հօրս փախցրել են կոտորածներից եւ բերել Լենինականի ամերիկեան մանկատուն: Նա հետագայում ուսումը շարունակել է, գրականագէտ դարձել, գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր էր: Ուսումնասիրել է յատկապէս արեւմտահայ գրականութիւնը:
Վ. Պետրոսեանի մօր նախնիները քահանաներ են եղել, Սալմաստից էին:
- Երբ գիւղի ժողովուրդը գաղթել է դէպի Գառնի, իրենք մնացել են եկեղեցիների մօտ ու սպանւել թուրքերի կողմից: Մեր տանն այդ մասին միշտ խօսակցութիւններ եղել են, եւ ես իմացել եմ Ցեղասպանութեան մասին: Չեմ կարող մարսել Ցեղասպանութիւնը, ես չեմ կարող ներել թուրքերին: Միայն թէ Բոլշեւիկեան Ռուսաստանի դերակատարութեան մասին չգիտէի: Ծնողներս աշխատում էին մեզ հեռու պահել այդ թեմաներից: Մի օր ուղղակի եղբայրս մօրս հետ բանավէճ ունեցաւ ու ասաց. «Էդ էլ ձեր Լենինը, որ Էնւեր փաշային ասում էր՝ ընկեր Էնւեր»: Ես 9 տարեկան էի այդ ժամանակ, եւ դա ինձ համար մեծ շոկ էր, քանի որ այն տարիներում Լենինի կերպարը մեզ այլ կերպ էր ներշնչւել: Յիշո՞ւմ էք՝ «Լենինը մեզ նման փոքրիկ է եղել…»: Ես յուզւեցի: Յիշում եմ՝ գնացի բաղնիքում լաց եղայ: Ինձ համար դա մեծ հիասթափութիւն էր: Բայց, այդ օրւանից ես Լենինին չներեցի:

ՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼ ՈՒ ՆԵՐԿԱՅ

Վարդան Պետրոսեանն ասում է, որ որպէս հայ՝ ձեւաւորւել է դեռ մանկութեան տարիներից: Ասում է, որ հայ քրիստոնեայ է, ու քրիստոնէական վարդապետութիւնը համարում է մեծագոյն տիեզերական վարդապետութիւն:
- Իմ պապերից իմ մէջ սարսափելի մի բան է փոխանցւել, որ ես չեմ կարողանում բացատրել: Նոյնիսկ հոգեպէս ուժ չունեմ, որ գնամ Դեր Զոր, Թուրքիա, մեր պապենական հողերը ես չեմ տեսել: Գիտէք, ես կրում եմ այդ ամէնն ու ուզում եմ փոխանցել: Մենք սարսափելի արհաւիրք ենք ապրել, ու այն, որ այսօր կանգուն ենք, նշանակում է՝ շատ կարգին ժողովուրդ ենք: Մենք ունենք ե՛ւ հերոսական անցեալ, ե՛ւ հերոսական ներկայ:

«ԻՆՉՊԷՍ ԴԱՐՁԱՅ ԴԵՐԱՍԱՆ»

Վարդան Պետրոսեանի ծնողներն արւեստին, առաւել եւս՝ թատրոնին, իր հաւաստմամբ, մեծ տեղ են տւել: Ասում է՝ դերասան դառնալու ո՛չ տենդագին փափագ է ունեցել, ո՛չ էլ ինչ-որ մէկը կողմնորոշել է:
- Դերասան դառնալու որոշում երբեք չի եղել, նման հարց ես չեմ քննարկել: Գիտէք, դա ստացւեց կամաց-կամաց, քանի որ ինստիտուտում կերպարւեստի բաժնում էի սովորում: Ունէինք դերասանական մի խումբ, նպատակը ոչ թէ լուրջ թատրոն ստեղծելն էր, այլ՝ կատակներ անելը, տարբեր տեսակի գժութիւններ կազմակերպելը: Հիմնականում նկարիչներ էին: Սուքիասի հետ ենք սկսել: Յետոյ մեր այդ խմբին միացաւ Վահրամ Սահակեանը, ու ստեղծեցինք «Ոզնիները»: Այդ ժամանակ մի լաւ բան կար, որ դերասաններն ու նկարիչները նոյն տեղում էին սովորում, եւ մեր ձեւաւորումն այդ միախառնւած մթնոլորտում էր տեղի ունենում: Դա էր, որ ինձ կամաց-կամաց դերասանութեան տարաւ:
Թէ ինչու չի ընդունում «դերասան» բառը՝ ասում է.
- Կարծում եմ՝ մեծ ժողովրդականութիւն վայելող մարդ եմ: Դերասանը Փափազեանն էր: Օրինակ՝ Հենրիկ Յովհաննիսեանը որքան էլ յաճախ կրկնի, որ ես դերասան եմ, չէ՞, ես Վարդան Պետրոսեանն եմ, որը, պարզապէս, համարձակութիւն ունի բեմ բարձրանալու եւ սրտի եկածն արտայայտելու:

...ԲԱԽՏ ՎԻՃԱԿՒԵՑ ԽԱՂԱԼ ՌՈԲԵՐ ՀՈՍԷՅՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ

Որքան էլ Վարդան Պետրոսեանը խօսի հայերի, հայկական արժէքների ու հայ մշակոյթի մասին, նրա կենսագրութեան էական մասն անցել է Փարիզում: Երբ խնդրեցինք համեմատել ֆրանսիացի ու հայ մշակութասէր հասարակութեանը, արւեստագէտը ժպտալով պատասխանեց.
- Աշխատանքի բովանդակութիւնը թերեւս մնում է նոյնը, ուղղակի Հայաստանում ես ընդունւած դերասան եմ: Այստեղ իմ աշխատանքային ճակատը շատ մեծ է: Ընդունւած դերասան լինելը մի կողմից շատ հեշտացնում է քո գործը, միւս կողմից՝ պէտք է ասեմ, նաեւ շատ դժւարացնում է: Հեշտացնում է, քանի որ արդէն ունես մի հանդիսատես, որը նախապէս գալիս է քեզ շատ սիրելով, բայց միւս կողմից՝ պատասխանատւութեան սանդղակը, նշաձողը շատ մեծ է, որ բարձրացրել ես, ու իրաւունք չունես աւելի «ցածրանալու»: Ֆրանսիայում, օրինակ, այդպէս չէ: Այնտեղ շատ աւելի ծանր է ու դժւար: Ընդունւած դերասան չեմ բոլորովին: Սրճարան-թատրոններում ամբողջ օրը աշխատելով՝ հացի փող եմ միայն վաստակել, ինչպէս տեղի բոլոր դերասանները:
… Բայց, դա դեռ սկիզբն էր: Յետոյ բախտ վիճակւեց խաղալ Ռոբեր Հոսէյնի ծրագրում, նախ փոքր դերակատարումներով՝ զանգւածային տեսարաններում: Մի քանի տարի անց նաեւ համագործակցել է շատ աւելի լաւ թատերախմբերի հետ:
- Գիտէք, երեք անգամ իմ կեանքում շատ մեծ դռներ են բացւել, բայց նոյն պահին, զուգահեռ նաեւ Հայաստան գնալու ծրագիր է բացւել: 1997-1998 թթ. յայտնի պրոդիւսերներ՝ Փօլ Լեդերմանը եւ Ֆիլիպ Բուվարդը հմայւած էին իմ խաղով ու առաջարկում էին աշխատել իրենց հետ: Սակայն, ես եկայ Հայաստան, որովհետեւ այլեւս ի վիճակի չէի այնտեղ մնալու: Դրանից երկու ամիս առաջ «Խաթաբալադան» էի տեսել, չէի քնել: Մտածում էի՝ տղաները հիմա ինչ են անում այնտեղ: Ինձ համար շատ կարեւոր բան էր դա: Ու նորից եկայ Հայաստան, չեմ փոշմանել: Այդ օրւանից սկսեցի աշխատել եւ ամէն տարի նոր ներկայացում բեմադրեցի: 1999 թ. ֆրանսիական հեռուստատեսութիւնն իր դուռը բացեց իմ առջեւ, եւ էլի յամառ աշխատանքից յետոյ: Էրւէ Ուբեր շատ յայտնի պրոդիւսերը ինձ մեծ հնարաւորութիւն էր տալիս հեռուստատեսային ծրագրի մէջ աշխատել եւ յայտնի դառնալ: Օրինակ՝ Շառլ Ազնաւուրի պէս մարդը կարող է 40 տարի տքնաջան աշխատել, որ յայտնի մարդ դառնայ, իսկ այսօր հեռուստատեսութեան շնորհիւ կարող է տասը ապուշ հաղորդման մասնակցես ու յայտնի մարդ դառնաս: Եւ էլի դա թողեցի ու եկայ, քանի որ «Ծերունին եւ ծովը» պէտք է խաղայի Խորէն Աբրահամեանի հետ, ինչը ինձ համար շատ կարեւոր էր: 2003 թ., երբ Մարինի թատրոնում ծանր ներկայացում խաղացի ու շատ ծանր հոգեվիճակների մէջ էի, կրկին դուռը բացւած էր, եւ նոր դժւարութիւնների ու տառապանքների սկիզբն էր դրւած: Բայց, նորից եկայ Հայաստան: Սա ճակատագրի պէս մի բան է: Կայ հոգու կանչ եւ դերասանի բնազդ, ինչպէս Փափազեանն էր ասում: Նա է քեզ տանում առաջ, դա տրամաբանութեամբ ու խելքով չէ: Այդ հոտառութիւնն ու այդ սիրտն էր, որ ինձ շպրտում էր այստեղ: Մի խօսքով՝ հէնց այդ տարի՝ 2003 թ. «Արմմոնօ»-ում գլխաւոր դերակատարի համար լաւագոյն մրցանակը ստացայ, հիւրախաղերով մեկնեցի Ռուսաստան: Բայց, յանուն երեխաներիս եւ ընտանիքիս՝ հրաժարւեցի ու կրկին մեկնեցի Փարիզ, նրանց մօտ: Բացի այդ՝ Հոսէյնի թատրոնում էլ պայմանագիր ունէի, որ չէի կարող դադարեցնել:

Հարցազրոյցը վարեց՝
ՄԻՔԱՅԷԼ ԱՀԱՐՈՆԵԱՆԸ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։