Հա

Մշակոյթ

31/07/2013

Արւեստը հոգու սնունդ լինելով՝ պիտի լաւապէս մատակարարել, որպէսզի իր դրական ազդեցութիւնը թողնի։
Այդ առումով՝ մեր մշակութային միութիւնները իրենց յարկի տակ գործող մշակութային միաւորների աշխատանքը աւելի մասնագիտական հունի վրայ դնելու նպատակով՝ հրաւիրում են մասնագէտների, altի մասնաւորի՝ Հայաստանից։ Արդարեւ, Լորետա Աւետիսեանի ղեկավարութեամբ «Զարթօնք» պարախումբը իր աշխատանքներին է՛լ աւելի մասնագիտական երանգ հաղորդելու նպատակով՝ հրաւիրել է Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստ, Սպենդիարեանի անւան Օպերայի-բալետի ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար, Երեւանի Խաչատուր Աբովեանի անւան Պետական ման-կավարժական համալսարանի դասախօս եւ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստ Սոնա Առուստամեանին։

«Մարիամ» հաստատութեան յարկի տակ փորձեր անցկացնող «Զարթօնք» պարախմբի գեղար-ւեստական ղեկավարի եւ վաստակաւոր արտիստ Սոնա Առուստամեանի հետ «Ալիք»-ում ունեցած հարցազրոյցը ներկայացնում ենք սոյն էջում:

Սոնա Առուստամեանը ծնւել է Երեւանում եւ 10 տարեկանից սկսել է իր պարային դասընթացները Երեւանի Բալետի դպրոցում: Նա աւարտել է 1991 թւականին եւ մասնակցել է Օպերայիբալետի ազգային ակադեմիական թատրոնին որպէս առաջատար մենակատար: 1995-1998 թթ. Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում աշխատակցել է Իւրի Գրիգորովիչի ղեկավարած խմբում: Նա բազմիցս շահել է մրցանակներ: 2003 թւականից դասաւանդում է Երեւանի բալետի դպրոցում եւ համալսարանի դասախօս է:
Սոնա Առուստամեանը հրաւէրի մասին ասաց. «Ես Լորետային ճանաչում եմ Երեւանից, քանի որ Լորետան ուսանում է մեր համալսարանում, որի դասախօսն եմ եւ մեր կապը այդտեղից ստացւեց։ Նա ինձ դիմեց, որպէսզի այցելեմ «Զարթօնք» պարախմբին եւ դասական ոճը ինչ-որ տեղ հասցնեմ պարապել երեխաների հետ։ Իհարկէ, երկար անցեալ ունի «Զարթօնք» պարախումբը եւ իրենց սաները տարբեր ոճի պարեր են սովորել. օրինակ՝ տարբեր ազգերի պարեր, սակայն Լորետան ցանկութիւն ունի դասականն ուսուցանել երեխաներին։ Իհարկէ, այս պարախմբի հետ դասական ոճով աշխատել է Հայաստանի մեր շատ լաւ դասախօսներից պրն. Շահվերդեանը։ Իմ առաքելութիւնն է խմբի սաներին հասցնել բարձր կէտի եւ, յուսով, որ մեր աշխատանքը արդիւնաւորւի։ Երեխաները շատ գիտակից, բարեհամբոյր ու պատասխանատու են:
Սոնա Առուստամեանը խօսելով Թեհրանից իր տպաւորութիւնների մասին՝ այսպէս արտայայտւեց. «Սկզբում երբ հրաւէր ուղարկւեց, ինչ-որ ձեւով խուսափում էի, բայց առաջին իսկ վայրկեանից, երբ Իրան եկայ, այդ խուսափողական մօտեցումը վերացաւ եւ իրապէս շատ ջերմ վերաբերմունք են ցուցաբերել թէ՛ պարսիկները, թէ՛ տեղի հայութիւնը։ Ես նոյնիսկ եղել եմ իրանական «Փարս» խմբում, որի հետ աշխատում է նաեւ Լորետան եւ ընդունելութիւնը իրապէս հոյակապ էր՝ թէ՛ տնօրէնութեան, եւ թէ՛ սաների կողմից։ Ես շատ զարմացած եմ Իրանում ինչպէս են կարողանում տարբեր հաւատքի տէր անձինք այսպիսի սիրով ու յարգանքով ապրել միմեանց կողքին եւ հպարտ եմ, որ այստեղ՝ Իրանում այսքան յարգւած են հայերը:
Թէեւ ես շատ երկրներում եմ եղել, բայց ոչ մի տեղ հայը այսքան յարգւած չէ: Գալով «Զարթօնք»-ին՝ այնքան բոլորը ջերմութեամբ են աշխատում՝ ոնց որ մի ընտանիք. ես այս բաները տեսնելով՝ իրապէս շատ ուրախ ու հպարտ եմ զգում, այստեղ մարդիկ սուտ չեն ժպտում, այլ դա իրական է:
Իմ այցի վերջին օրը մենք ունենալու ենք բաց դաս, որպէսզի ծնողներին ի ցոյց դնենք, թէ քանի օրերի ընթացքում մենք ինչի ենք հասել:
Ներկայացնելու ենք նաեւ պարային կտորներ, որ մեր մի քանի շնորհաշատ աղջիկներ հանդէս կը գան կատարումներով»:
Սոնա Առուստամեանը զրոյցի մի այլ բաժնում նշեց. «Իրանահայ երիտասարդները ֆիզիկապէս շատ ընդունակ են դասական պարի համար եւ այստեղ շատ տաղանդաւոր երեխաներ կան, որոնց կարգավիճակը ինձ մեծ ուրախութիւն է պարգեւում»:
Խօսելով պարարւեստի ոլորտում քիչ թւով տղաների ներգրաււածութեան մասին՝ նա ասաց. «Այժմ այս ուղղութեամբ ենք աշխատանք ծաւալում: Դժբախտաբար, հայերի մօտ նման մի բարդոյթ կայ. դա առնչւում է ոչ միայն իրանահայերին, այլ նաեւ՝ Հայաստանին եւ մենք փորձում ենք տղաներին համոզել, որ բեմը միայն աղջիկների համար չէ, եւ այս հարցը պահանջում է նաեւ զանգածային լրատւամիջոցների լուրջ քարոզչութիւնը, ինչու չէ նաեւ ծնողների դաստիարակութիւնը, եւ պիտի մտածւած աշխատանք ծաւալել, որպէսզի երեխան դա ընդունի ու ընկալի: Կոմպլեքսը ակունք է առնում այն ժամանակ, երբ երեխային թւում է, թէ ինքը մենակ է՝ ուրեմն՝ նրան պիտի հաւատացնել, որ ինքը մենակ չէ»:

alt

Վերջում վաստակաւոր արտիստը ցանկութիւն յայտնեց, որ ապագայում այցելի հայկական տարբեր միութիւններ՝ ծանօթանալու նրանց պարախմբերին եւ աւելացրեց. «Թէեւ այդ առումով եւս կան հրաւէրներ, սակայն ժամանակի սղութեան պատճառով՝ պիտի հրաժարւեմ եւ ներողութիւն եմ խնդրում՝ հրաւէրները մերժելու համար»:
Վերջում Սոնա Առուստամեանը շնորհակալութիւն յայտնեց «Ալիք»-ին՝ ընդունելութեան համար, եւ իր ուրախութիւնը յայտնեց սփիւռքեան պայմաններում նման օրաթերթի գոյութեան ու հրատարակման համար:
Նա վերջում ասաց. «Շնորհակալութիւն համայնքին, որը մեծատառով է պահում հայի անունը՝ Իրանում. Իրանը այն վայրն է, ուր ես հպարտ եմ, որ հայ եմ»:

* * *

Վերջում զրուցեցինք «Զարթօնք» պարախմբի գեղարւեստական ղեկավար Լորետա Աւետիսեանի հետ: Նա նշեց, որ այս տարի «Զարթօնք» պարախմբի 25-ամեակն է եւ այդ առումով մշակւել են ծրագրեր ու աւելացրեց. ««Զարթօնք»-ի հիմքը դասական է, սակայն սաներին ուսուցանում ենք տարբեր ոճեր, ունեցել ենք նաեւ Hip Hop-ի ոճի դասաւանդում: Ես փորձում եմ միշտ իր աւարտին հասցնել սկսած աշխատանքներս: «Զարթօնք» պարախմբի մասնագիտացման հարցով Հայաստանից հրաւիրում ենք վաստակաւոր գործիչների եւ օգտւում նրանցից, ինչպէս Հայաստանից պրն. Շահվերդեանը եւ, ահաւասիկ, վաստակաւոր արտիստ Սոնա Առուստամեանը: Նա այսօր մեզ տւեց այն, ինչ շատ անհրաժեշտ էր, ուստի՝ նրան հրաւիրելու հիմնական նպատակն է դասականի մասնագիտական փոխանցումը, որպէսզի մեր ունեցած հայկական եւ այլ պարաձեւերի կողքին՝ ունենանք նաեւ դասականը, ինչու չէ նաեւ հայկական դասականը: Այս աշխատանքը 100 տոկոսով լինելու է շարունակական եւ շատ ուրախ եմ, որ վաստակաւոր արտիստ Սոնա Առուստամեանը եւս շատ լաւ ու դրական է տպաւորւած: Մենք փորձում ենք մեր երեխաներին դասակարգել իրենց համար յարմար նկատւող խմբերում, որպէսզի է՛լ աւելի արդիւնաւորւի մեր աշխատանքը: Վերջում պէտք է իմ շնորհակալութիւնը յայտնեմ «Ալիք»-ին՝ կազմակերպած հարցազրոյցի համար եւ բոլոր նրանց, ովքեր չեն խնայում իրենց համագործակցութիւնը եւ աջակցութիւնը՝ մեզ»:

Հարցազրոյցը վարեց
Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։