Հա

Մշակոյթ

15/06/2014 - 09:50

37-րդ ֆրէյմ - Ակնթարթի որսը

Գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը խառնիխուռն սեղանից հանում է հայ լուսանկարիչների հանրագիտարանը, յետոյ բերում-դնում է լրագրային սեղանին ու խոր շունչ քաշում: Այս հանրագիտարանը նա կազմել է 2007 թ.: Իր հօր՝ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի մտայղացումն էր: Նա հոգատար թերթում է հանրագիտարանի էջերը, յետոյ հատ-հատ պատմում յայտնիների մասին:

«hetq.am» - Գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը խառնիխուռն սեղանից հանում է հայ լուսանկարիչների հանրագիտարանը, յետոյ բերում-դնում է լրագրային սեղանին ու խոր շունչ քաշում: Այս հանրագիտարանը նա կազմել է 2007 թ.: Իր հօր՝ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի մտայղացումն էր: Նա հոգատար թերթում է հանրագիտարանի էջերը, յետոյ հատ-հատ պատմում յայտնիների մասին: Հանրագիտարանում 500-ից աւելի հայ լուսանկարիչներ են ընդգրկւել: Նիւթերի մի մասը Անդրանիկ Քոչարից է ստացել, միւս մասն էլ իր ջանքերով է հայթայթել: «Հայրիկիս սկսածն այսքան ծաւալուն չէր: Նա սեղմ ընտրութիւն էր արել, գրքում կան մարդիկ, ովքեր երեւելի արժէքներ չեն ստեղծել, բայց իրենց ամբողջ կեանքում զբաղւել են լուսանկարչութեամբ»,- նշում է նա, քիչ դադարից յետոյ առանձնացնում Երեւանի լուսանկարիչ Գեղամ Թարվերդեանին, ով համաշխարհային ցուցահանդէսից երկու մեդալ էր ստացել՝ 1909 թ. Ռոտերդամում եւ 1910 թ.-ին՝ Հռոմում: «Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ դա ինչ է, պատկերացնո՞ւմ էք էդ թւի Երեւանը: Էս մարդն ինչ մակարդակի լուսանկարներ է ուղարկել, որ զարմացել են»,- շեշտում է լուսանկարիչը:
Վ. Քոչարն առհասարակ լուսանկարների մասին խօսում է ոգեւորութեամբ: Ասելիքն այնքան շատ է, որ յաճախ խճճւում ես, ինքն էլ երբեմն կորցնում է ասելիքի «թելը»: «Միջին Արեւելքի եւ արաբական երկրների լուսանկարչական ընթացքը եղել է հայերի միջոցով: Եսայի Կարապետեան ենք ունեցել: Նա Երուսաղէմի հայ պատրիարքն էր, որը 17 տարի հայկական եկեղեցու մէջ լուսանկարչատուն է պահել, ե՛ւ դասաւանդել է, ե՛ւ գիրք է գրել»,- պատմում է Վ. Քոչարը, յետոյ ասում, որ ինքը խնդրել է, որ Երուսաղէմում փնտրեն այդ գիրքը, նաեւ ֆոտոխցիկը, որովհետեւ իր տեղեկութիւններով դրանք պահպանւել են:
Հանրագիտարանում յատկապէս մեծ տեղ է տրւել լուսանկարների կնիքներին: Դրանցից, ըստ լուսանկարչի, կարելի է ստանալ տեղեկատւութիւն լուսանկարի պատկանելութեան մասին: Զրոյցի ընթացքում վեր է կենում, բերում հէնց այդ օրը ստացած մեծ ծրարով մի քանի սեւ-սպիտակ լուսանկարներ, որոնք արւել էին Ղարաբաղում մինչ Խորհրդային Միութեան ստեղծումը: Լուսանկարներից մէկում պատկերւած է դեռահաս աղջկայ յուղարկաւորութիւնից տեսարան, Վ. Քոչարը մատնացոյց է անում աղջկայ հագին հարսանեկան զգեստը՝ նշելով, որ այդ ժամանակ ընդունւած ծիսակարգ էր, որ մահացած աղջիկներին, ովքեր չէին ամուսնացել, յուղարկաւորում էին հարսանեկան զգեստով: Լուսանկարիչը ցաւում է, որ այդ լուսանկարների վրայ կնիք չկայ, եւ ինքը չի կարող ասել, թէ ում են պատկանում լուսանկարները: Իսկ հանրագիտարանի համար դրանք խիստ կարեւոր են, որովհետեւ մի կնիքից բացւում են աւելի լայն շերտեր:
Տեսողական յիշողութեան մասին տեղեկատւութիւնից բացի՝ լուսանկարը նաեւ ժամանակաշրջանի մասին է պատմում: Կան լուսանկարներ, որոնք գեղանկարչութեան են հասնում: «Այսօրւայ լուսանկարչութիւնը ինֆորմացիայի տեղափոխում է, լուսանկարիչներ կան, որ «կիլոմետրերով» նկարում են». Վ. Քոչարն այս դիտարկումներն անում է հպանցիկ, կարծես, բոլորն էլ հասկանում են դա: «Լուսանկարը շատ բազմաժանր է, մարդ կայ միայն թռչուն է նկարում, մարդ էլ կայ միայն դիմանկար է անում»,- ասում է նա, յետոյ անմիջապէս աւելացնում, որ չի սիրում համակարգչային միջամտութեամբ արւած լուսանկարները, որովհետեւ լուսանկարն առաջին հերթին պահ որսալն է: «Եթէ կարողացար պահը որսաս, բռնես, շատ լաւ է, դրանից աւել ի՞նչ է պէտք»,- ասում է Վ. Քոչարը, ում այս խօսքերից յետոյ հիւրասենեակ է մտնում նրա թոռը՝ 4-ամեայ Վահանը, լուսանկարչական ապարատը ձեռքին: Սկսում է լուսանկարել մեզ, իսկ պապիկն ուղղում է նրան. ասում է, որ նկարելիս չշարժի ապարատը: 4-ամեայ Վահանը որոշել է լուսանկարիչ դառնալ, իսկ պապը ժպտում է:
«Ո՞վ է լուսանկարիչը»,- հարցնում եմ Քոչարին: Մի քիչ երկար է մտածում, ասում է՝ բարդ հարց է: Հայեացքը չկտրելով հանրագիտարանից՝ պատասխանում է. «Ո՞վ է լուսանկարիչը, ի՞նչ ա լուսանկարիչը, ես ի՞նչ գիտեմ, էդ գործն ա, որ դրւում ա սեղանին, տեսնում ես՝ ինչ ա, թէ չէ սանտիմետրով չի, էլի, որ չափես, բոյը բռնեց, ասես, լուսանկարիչ դարձաւ: Չէ մանաւանդ որ՝ լուսանկարչութիւնը բազմաժանր է»: Այս հարցին աւելացում արեց աւելի ուշ. «Էն մարդը, ով քթի ծակ ունի, տեսնում ա»:
Քոչարի միտքն անընդհատ զբաղւած է: Ասում է՝ երկու մասի բաժանւած մարդ է: Իր ստեղծած եւ հրատարակած հանրագիտարանի մասին շատ է խօսւել, բայց ինքը չի ցանկացել բաւարարւել միայն հանրագիտարանի հայերէն տարբերակով: Մտքի նեարդն անընդհատ յիշեցնում է, որ աշխարհին պէտք է տեղեկացնել հայ լուսանկարիչների մասին, նեարդը հանգիստ չի տալիս: Երեւանի աղմուկից երբեմն կտրւում է, գնում է Օշական, որտեղ ոչ հեռախօս կայ, ոչ ինտերնետ, ոչ հեռուստացոյց: Այդ տիրոյթը լրիւ իրենն է, որտեղ գեղանկարչութեամբ է զբաղւում: Բայց, նոր նախագծի նեարդը հասնում է նաեւ այդ տիրոյթ, իրեն հանում-բերում Երեւան, որպէսզի արագ աւարտի գործը:
«Ես ուզում եմ, որ աշխարհը ճանաչի հայ լուսանկարիչներին: Կարծում եմ, որ նոյնիսկ այդպիսի անալոգ չկայ, որ, ասենք, ֆրանսիացին նստել-հաւաքել է ֆրանսիացի յայտնի լուսանկարիչներին ու առանձին գրքով հրատարակել է»,- ասում է նա: Հանրագիտարանի անգլերէն տարբերակը լինելու է սկաւառակի տեսքով: Սկաւառակը վաճառւելու է երկու տարբերակով՝ ինտերնետով, որտեղ կարելի է վճարել եւ ստանալ այն, ինչպէս նաեւ գրքին կցւած: Իսկ գիրքը լինելու է նորութիւն՝ 134 էջից: Վ. Քոչարի ընտրած 6 լուսանկարիչների մասին է լինելու, որոնցից երեքը 19-րդ դարից են, 3-ը՝ 20-րդ դարից: 19-րդ դարից ընտրել է Աբդուհալեան եղբայրներին՝ Պոլսից, Անտուան խան Սեւրիւգինին՝ Պարսկաստանից, եւ Գրիգոր Տէր-Ղեւոնդեանին՝ Թբիլիսիից: 20-րդ դարի լուսանկարիչներից ընգդրկւած են՝ Անդրանիկ Քոչարը, Իւսուֆ Քարշը եւ Արա Գիւլերը:
Հանրագիտարանի անգլերէն տարբերակում լուսանկարիչների ցանկում աւելանալու են 200-ից աւելի լուսանկարիչներ: Առայժմ ցանկը յստակեցւած չէ: Զրուցակիցս ասում է, որ լուսանկարիչներից շատերի հետ լեզու գտնելը դժւար է: Վերջինս խնդրեց կարդալ իրեն ուղարկւած լուսանկարիչներից մէկի աղջկայ նամակը, ում արդէն մէկ տարի խնդրում է երկու լուսանկար ուղարկել հօր աշխատանքներից: Աղջիկը նամակում գրում է, որ լուսանկարներն արտատպելու իրաւունքը կարող է ստանալ իր նշած հանդէսից, յետոյ հետաքրքրւում, թէ ով է հրատարակիչը, մի խօսքով՝ ենթատեքստում հասկանալի է, որ աղջիկն ուղղակի չի ցանկանում, որ հօր երկու լուսանկարները տեղ գտնեն հանրագիտարանում, թէեւ տեղեակ է գրքի կոնցեպտուալ նշանակութեան մասին: Քոչարը սրտնեղում է այս տեքստից, ասում է, որ ինքն արդէն տեւական ժամանակ բացատրում է աղջկան, թէ ինչի համար է հրատարակել գիրքը: Օբամայի հայ լուսանկարչին՝ Սկաուտ Թուֆենկթեանին էլ է գրել՝ խնդրել, որ լուսանկարներ տրամադրի գրքի համար, բայց պատասխանել է, թէ իր գործերը վաճառւած են, գործ չունի: Չնայած դրան, փոքրամասշտաբ նկար է վերցրել ինտերնետից: Ոմանք նոյնիսկ ուղիղ են խօսում Քոչարի հետ, հարցնում են գրքի շահոյթի մասին: «Գրքից ոչ մի կոպեկ օգուտ չենք ստանում, հակառակը...»,- պարզաբանում է նա:
1000 տպաքանակ ունեցող հանրագիտարանը, սակայն, չի վաճառւում. 2007 թ.-ից մինչ օրս գրախանութներում է: Չնայած դրան՝ լուսանկարիչը համոզւած է, որ յետոյ հասկանալու են իր արած աշխատանքի արժէքը:
«Ինչի՞ համար էք ուզում թարգմանել հանրագիտարանը»,- հարցնում եմ նրան: «Նրա համար, որ ինչ-որ մէկի դեռ պէտք է գալու, այ ձեզ է պէտք գալու, թոռանս է պէտք գալու: Նրա համար, որ ինչ-որ մէկը դեռ կրթւելու է այս գրքով: Էս գրքից հազար տեղերում յղում են անում»,- պատասխանում է մտածկոտ՝ կարծես, սենեակի հեռւում փնտրելով ինչ-որ պատասխաններ: Յետոյ հայեացքը դառնում է երազկոտ՝ դէպի լուսանկարչութեան ինստիտուտ-թանգարան ստեղծելու գաղափարը: Հայրը՝ Անդրանիկ Քոչարը, երազում էր թանգարան ստեղծելու մասին, բայց այդ ուղղութեամբ յստակ քայլեր չեն արւում: «Երազում ենք, երազում: Ասում են՝ «մեչտած նէ վրեդնօ»: Ինչ-որ գործեր արւում են, գնում-գալիս ենք, դիմում ենք գրում, բայց դա բաւարար չէ»,- տեղեկացնում է նա: Ասում է, որ հիմա էլ կարող է դատարկել իր տունը, մի լաւ վերանորոգել ու պատերին լուսանկարներ կախել: Մինչդեռ, թանգարանի իմաստը դա չէ: Թանգարանի նիւթերի համար տարբեր երկրներում պէտք է արխիւային աշխատանքների հետազօտութեամբ զբաղւել, քրքրել, պարզել, իսկ դա մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների հարց է:
Մեր զրոյցից յետոյ մօտ մի ժամ դիտում էինք հանրագիտարանի միայն «Ա» տառի ցանկը:
«Ի՞նչն է պակասում էսօրւայ լուսանկարչութեանը»,- հարցնում եմ նրան: «Կրթութիւնը: Էսօր տեխնիկան ուրիշ է, «պլեօնկան» չի, գրումջնջում են, մէջը յիշողութիւնը կայ, հուպ տուր, թող գնայ, կիլոմետրերով նկարի»,- ժպտում է, յետոյ պատմում «կիլոմետրերով» նկարող լուսանկարիչների մասին ու նորից յանգում է մի կէտի՝ լուսանկարիչը պիտի որսայ ակնթարթը: Պատմում է, որ նախորդ տարի մասնակցում էր մի միջոցառման, որի ընթացքում հետեւում էր իրեն ծանօթ լուսանկարիչներից մէկի աշխատանքին: «Մի շրջանով բոլորին հատ-հատ նկարում էր: Չդիմացայ, իջայ, ասի՝ էս ի՞նչ ես անում, ֆոտօն էդպէ՞ս են անում: Գիտէ՞ք՝ ի՞նչ պատասխանեց: Ասաց, ափսոս, քարտի յիշողութիւնը լցւել ա, թէ չէ երկրորդ «կռուգ էլ կը ֆռայի»,- ասում է ու բազմանշանակ ժպտում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։