Հա

Մշակոյթ

24/02/2016 - 09:50

«Տարածական մոնտաժ»-ի հիմնադիր Արտաւազդ Փելեշեանը նշում է ծննդեան տարեդարձը

«Տարածական մոնտաժ»-ի մեթոդի հիմնադիր, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ եւ ժողովրդական արտիստ կինոռեժիսոր Արտաւազդ Փելեշեանը տօնում է ծննդեան տարեդարձը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ համաշխարհային վաւերագրական կինոյի յայտնի դէմքը փետրւարի 22-ին նշեց 78-ամեակը:

«armenpress.am» - «Տարածական մոնտաժ»-ի մեթոդի հիմնադիր, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ եւ ժողովրդական արտիստ կինոռեժիսոր Արտաւազդ Փելեշեանը տօնում է ծննդեան տարեդարձը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ համաշխարհային վաւերագրական կինոյի յայտնի դէմքը փետրւարի 22-ին նշեց 78-ամեակը:
Արտաւազդ Փելեշեանը ծնւել է 1938 թ. փետրւարի 22-ին Գիւմրիում: Սովորել է Մոսկւայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը» վաւերագրական ֆիլմերը: 1969 թ. ստեղծել է «Մենք» կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «Տարածական մոնտաժ»-ի հիմնատարրերից եւ արժանացել Օբերհաուզենի միջազգային կինոփառատօնի պատւաւոր դիպլոմի: Նշանաւոր գործերից են նաեւ «Տարւայ եղանակնեը», «Մեր դարը», «Վերջ», «Կեանք» ֆիլմերը: 1974 թ. գրել է «Տարածական մոնտաժ» աշխատութիւնը, որտեղ շարադրել է մոնտաժի իր տեսութիւնը:


Արտաւազդ Փելեշեանի մտքերից

«Մոնտաժը հարեւան պատկերների միացումն է: Ես իմ աշխատանքներում զգացի, որ դա ինձ չի հետաքրքրում, ես ոչ թէ միացնում եմ պատկերները, այլ անջատում եմ, հեռաւորութեան վրայ եմ դնում: Հեռաւորութեան վրայ աւելի ուժեղ են խօսում մէկը միւսի հետ, նրանց միջեւ եղած պատկերների հետ: Դա է դիստանցիոն (տարածական) մոնտաժը»:

* * *

«Երբ իմ ֆիլմն անւանեցի «Մենք», ես նկատի ունէի հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»:

* * *

«Երիտասարդ ռեժիսորներին յորդորում եմ, որ առաջին աշխատանքին մեծ ուշադրութիւն դարձնեն: Ամենակարեւորը դա է»:

* * *

«Ինձ թւաց, որ «Փելեշեանի լռութիւնը» ֆիլմում կը բացայայտւեն իմ լռութեան պատճառները: Բայց այդ ֆիլմի ռեժիսորն էլ ինձնից բան սովորեց եւ լռեց»:

* * *

«Աւտոմատիկա» գործարանում էինք աշխատում: Գնում էինք կոլեկտիւով ֆիլմեր դիտելու: Ֆիլմից յետոյ սկսում էինք քննարկել տեսածը, եւ իմ տեսակէտը որեւէ մէկին դուր չէր գալիս, քանի որ այն միշտ տարբերւում էր մնացած կարծիքներից: Այդպէս որոշեցի դառնալ կինոռեժիսոր, որպէսզի նման խօսակցութիւններ այլեւս չլինեն»:

* * *

«Կինօն համարում են սինթետիկ արւեստ, բայց ես համամիտ չեմ այդ կարծիքին: Կինօն չի խմում ո՛չ գրականութեան, ո՛չ երաժշտութեան, ո՛չ կերպարւեստի ջրերը, կինօն խմում է ջուրը այնտեղից, որտեղից խմում են առանձին վերցրած ե՛ւ գրականութիւնը, ե՛ւ կերպարւեստը, ե՛ւ երաժշտութիւնը»:

* * *

«Երաժշտութիւնը բառ չէ, ես չեմ մոնտաժում պատկերն ու երաժշտութիւնը, ես մոնտաժ եմ անում պատկերի զգացմունքը երաժշտութեան զգացմունքի հետ, իսկ դրանք տարբեր են»:

Պատրաստեց
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։