Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 27 Յուլիսի 2016 10:20

Բռնաճնշումներն ու փախուստը՝ պատմական շրջափուլի մաս

«Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի Երեւանեան պրեմիերային ցուցադրւեց հայկական ծագումով թուրք ռեժիսոր եւ սցենարիստ Օզջան Ալփերի «Քամու յուշեր» (2015 թ.) ֆիլմը:
Ֆիլմը նկարիչ եւ լրագրող Արամի մասին է, ով Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ քաղաքական պատճառներով ստիպւած է փախչել Ստամբուլի իր խմբագրութիւնից՝ կեանքը փրկելու համար:

Օզջան Ալփերին ներկայ էր իր «Քամու յուշեր» ֆիլմի երեւանեան պրեմիերային

 

«tert.am» - «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի Երեւանեան պրեմիերային ցուցադրւեց հայկական ծագումով թուրք ռեժիսոր եւ սցենարիստ Օզջան Ալփերի «Քամու յուշեր» (2015 թ.) ֆիլմը:
Ֆիլմը նկարիչ եւ լրագրող Արամի մասին է, ով Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ քաղաքական պատճառներով ստիպւած է փախչել Ստամբուլի իր խմբագրութիւնից՝ կեանքը փրկելու համար: Խորհրդային Վրաստանի սահմանին՝ Սեւ ծովին սահմանակից անտառային գիւղերից մէկում հանգրւանած Արամի համար այս փախուստը վերածւում է 1915 թ.-ի ջարդերին մանկութեան կորած ժամանակի հետքերի որոնման:
Ռեժիսորը ֆիլմը նւիրել էր «ի յիշատակ՝ բոլոր մեռնողների, փրկւողների ու անշիրիմների»:
Ֆիլմի Երեւանեան պրեմիերայից յետոյ ռեժիսորը հանդիսատեսի հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, թէ ինքը որպէս ռեժիսոր բարձրաձայնում է մինչ օրս շարունակւող բռնաճնշումների ու հետապնդումների շրջափուլի մասին, որի պատճառով մարդիկ ստիպւած են փախչել իրենց ծննդավայրից եւ շատ դէպքերում մեռնել՝ մնալով անշիրիմ:
«Տարբեր երկրներում բռնատիրութիւնը շարունակւում է եւ մարդիկ, որոնք ժողովրդավարութեան կող քին են, թերեւս ստիպւած են փախչել իրենց ծննդավայրից ու բնակավայրերից, որտեղ ապրում են: Մինչ օրս Թուրքիայում նոյն խնդիրները շարունակւում է»,- ասաց նա:
Ռեժիսորը Սիրիայի գաղթականների հարցը համեմատեց հայերի պատմութեան հետ եւ նշեց՝ քաղաքակիրթ աշխարհն այդպէս էլ չի կարողանում խնդրին լուծում գտնել: «Ինչպէս 1915 թ.-ի հայերի տեղահանութիւնից յետոյ, այնպէս էլ հիմա աշխարհը, մասնաւորապէս՝ Եւրոպան, արդէն Եւրոխորհուրդը, խնդրի լուծումը տեսնում է ֆինանսական փոխհատուցման ձեւով: Եւրոպան այսօր Թուրքիային գումար է յատկացնում սիրիացի գաղթականներին օգնելու համար: Դա նշանակում է, որ մարդկութիւնը, դժբախտաբար, չի կարողացել գտնել այդ խնդիրները լուծելու տարբերակը, եւ մենք՝ որպէս ռեժիսորներ, թերեւս նման ֆիլմերով ենք փորձում այս խնդրի վրայ ուշադրութիւն սեւեռել»,- ասաց նա:
Հանդիսատեսներից մէկը ֆիլմի հերոսի եւ հայ գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապէլ Եսայեանի միջեւ նմանութիւն տեսնելով՝ հարցրեց, թէ ռեժիսորը գուցէ զուգահեռներ է տեսել հերոսի եւ հայ գրողի միջեւ, ով ցեղասպանութիւն էր տեսել, ապա տեղափոխւել Խորհրդային Հայաստան եւ ստալինեան բռնապետութեան տարիներին ձերբակալւել: Զապէլ Եսայեանի կեանքի ողբերգական մահւան հանգամանքները մինչ այժմ անյայտ են:
Ռեժիսորը նշեց, որ ֆիլմում հերոսի կերպարը յօրինւած է, բայց վերցւած ինչպէս Զապէլ Եսայեանի, այնպէս էլ շատ այլ մտաւորականների կեանքից: «Իրականութեան մէջ այո՛, կապ ունեն իրար հետ, այլ հեղինակներ եւս Զապէլի հետ կան, այնպէս որ բոլորի կեանքը ինչ-որ տեղ շաղկապւած է ճակատագրի առումով: Իհարկէ, կերպարը իրական չէ, կառուցւած է, բայց պատմական իրողութիւնների հիման վրայ է»,- ասաց նա:
Նշենք, որ ֆիլմն արդէն իսկ արժանացել է մի շարք մրցանակների՝ լաւագոյն օպերատորական աշխատանք, լաւագոյն երաժշտութիւն, Անթալիայի «Ոսկէ նարինջ» ԿՓ, Համբուրգի պրոդիւսերների մրցանակ, Համբուրգի ԿՓ Լաւագոյն օպերատորական աշխատանք, Թուրք կինոքննադատների ընկերակցութեան (SIYAD) մրցանակ, Լաւագոյն ֆիլմ, Մոնրէալի թուրքական ԿՓ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։