Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2016 10:30

Հայոց հնագոյն այբուբենը՝ հիքսոսեան այբուբենը, Մաշտոցեան գրերի հիմք

«Վերջին տարիների ուսումնասիրութիւններն ամենայն որոշակիութեամբ ցոյց տւեցին, որ Հին Հայաստանում, իրօք, գոյութիւն են ունեցել մինչմաշտոցեան գրեր, եւ օրէցօր աւելանում են այն հաստատող ծանրակշիռ ապացոյցները:
Հին հայկական այբուբենի մասին միանգամայն որոշակիօրէն մատնանշում են 4-րդ եւ 5-րդ դարերի հայ պատմիչները՝ Կորիւնը, Ղազար Փարպեցին, Մովսէս Խորենացին:

«Ազատ ձայն» լրատւականն իր ընթերցողին է ներկայացնում, թէ ինչպէս է Մեսրոպ Մաշտոցը վերագտել հայոց գրերի նախահիմք հանդիսացող հիքսոսեան կամ հին հայկական այբուբենը: Այս երկու այբուբենների միջեւ ընկած ժամանակահատւածը շուրջ 20 դար է, սակայն ինչպէս երեւում է ժամանակը չի կարողացել ամբողջութեամբ ջնջել մեր նախնիների ստեղծած ամենավաղագոյն այբուբենը, որը հիմք է հանդիսացել հնդկական բրահմի այբուբենի, փիւնիկեան, սեմական, Ասիայի բոլոր այբուբենների եւ Աֆրիկայի այբուբենների ստեղծման համար:
Ստորեւ ձեզ կը ներկայացնենք ճանաչւած հայագէտ Սուրէն Այւազեանի «Հնագոյն Հայաստանի մշակոյթի պատմութիւն» գրքից մի հատւած՝ նւիրւած հայոց գրերի ծագմանը:

 

«Վերջին տարիների ուսումնասիրութիւններն ամենայն որոշակիութեամբ ցոյց տւեցին, որ Հին Հայաստանում, իրօք, գոյութիւն են ունեցել մինչմաշտոցեան գրեր, եւ օրէցօր աւելանում են այն հաստատող ծանրակշիռ ապացոյցները:
Հին հայկական այբուբենի մասին միանգամայն որոշակիօրէն մատնանշում են 4-րդ եւ 5-րդ դարերի հայ պատմիչները՝ Կորիւնը, Ղազար Փարպեցին, Մովսէս Խորենացին: Այն ժամանակներում, երբ եկեղեցին աստւածացրել էր Մաշտոցի անձը եւ օրհնանքներում նշում էր, որ այբուբենի ստեղծմանը մասնակցել են աստւածային ուժերը, այդ համեստ գիտնականները՝ Մաշտոցի աշակերտներն ու զինակիցները, ձգտեցին սերունդներին հասցնել Մաշտոցի սխրանքի իսկական էութիւնը:
160830d03aԿորիւնը գրում է, որ հին հայկական գրերը պատահաբար յայտնաբերել է «ասորւոց» եպիսկոպոս Դանիէլը հին ժողովուրդների գրերի ժողովածուում: Կորիւնը միանգամայն որոշակիօրէն գտած այդ գրերը անւանում է «հայ այբուբենի գրեր»: Մէկ այլ պատմիչ՝ Ղազար Փարպեցին, նոյնպէս վկայում է, որ «բարեպաշտ այր Դանիէլ եպիսկոպոսի մօտ է եղել հայկական գրեր»:
Մովսէս Խորենացին յայտնում է, որ Վռամշապուհ թագաւորի պատւիրակ Վահրիճը «ուղեւորւեց Դանիէլի մօտ եւ մանրամասնօրէն ծանօթացաւ հնագոյն ժամանակներում յօրինւած գրերին»:
Ուշագրաւ է միջնադարեան պատմիչ Վարդան Մեծի (12-13 դարեր) խիստ հետաքրքիր հաղորդումը, որն առաջինը հիմնւեց փաստական նիւթի վրայ, որպէսզի հերքի Մաշտոցի «ոչնչից» այբուբեն ստեղծելու մասին տարածւած առասպելները: Ահա այդ հատւածը Վարդան Մեծի «Տիեզերական պատմութիւն»-ից: Հայ գրերի գոյութիւնը հնագոյն ժամանակներում ապացուցւել է Լեւոն թագաւորի օրօք, երբ Կիլիկիայում գտան մի դրամ, որի վրայ հայկական տառերով գրւած էր «Հայկազունի հեթանոս թագաւորի անունը: Հէնց այս այբուբենի թերութիւններն է լրացրել վերականգնողը եւ կարգաւորողը, այսինքն՝ Մեսրոպ Մաշտոցը»:
Պատահական չէ, որ Վարդան Մեծը Մաշտոցին անւանել է «վերականգնող եւ կարգաւորող», քանի որ նա, իրօք, վերականգնել է հին այբուբենը, այն հիմք է ընդունել, ապա լրացրել ու կարգի բերել:
Բացի այդ, Մովսէս Խորենացին յայտնում է, որ Դանիէլի մօտից յայտնաբերւած այբուբենը չէր կարող արտայայտել հայոց լեզւի կապակցող հնչիւնները, այսինքն՝ չունեն ձայնաւորներ, որի պատճառով այն միաժամանակ մոռացւեց:
Վարդան Մեծը վկայում է. «Հնագոյն ժամանակներից տառերը, որ գտնւել են Դանիէլի մօտ, անբաւարար լինելով արտայայտելու մեր լեզւի հնչիւնները, մոռացութեան տրւեցին եւ սկսեցին օգտագործւել յունական, սիրիական եւ պարսկական տառեր»:
Այսպիսով, Մաշտոցը վերցրեց հին հայկական գրերի թերութիւնը՝ ձայնաւորների բացակայութիւնը: Բայց այստեղ էլ Մաշտոցը «ոչնչից» չյօրինեց ձայնաւորներ: Նա սկսեց որոնումները: Ահա թէ ինչպէս է նկարագրում Մովսէս Խորենացին նրա ստեղծագործական պահը. «Եւ տեսնում է (Մաշտոցը) ոչ այն է երազում, ոչ այն է արթմնի իր սրտի խորքում, հոգու աչքերին յայտնւող աջը, որ գրում է քարի վրայ Ա, Ե, Ի, Ո, Ու: Քանի որ քարի վրայ, ինչպէս ձեան վրայ, երեւում էին տառերի հետքերը»:
160830d03bՀետաքրքիր է մի մանրամասն, որ յիշատակում է Խորենացին: Տառերը Մաշտոցին երեւացել են քարի վրայ գրւած: Այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ յատկապէս նշելով Մաշտոցի ստեղծագործական միտքը, Խորենացին գիտակցօրէն ուզում է ընթերցողին հասցնել այն գաղափարը, որ այբուբենի ստեղծումը Մաշտոցի գործն է, որը քարի վրայ յայտնաբերել է իրեն անհրաժեշտ տառերի ուրւագծերը: Եւ հէնց այդ տառերն են՝ միայն ձայնաւորները, որ պատմաբանները համարում են յայտնագործութիւն, այբուբենի ստեղծման պրոբլեմի լուծում:
Հէնց այդ թերութիւնն էլ՝ ձայնաւորների բացակայութիւնը ցոյց է տալիս հին այբուբենի կապը հիքսոսեան կամ հին հայկական այբուբենի հետ, որին այնքան բնորոշ է ձայնաւորների նկատմամբ անտարբերութիւնը եւ որի հիման վրայ ստեղծւել են սեմական աշխարհի այբուբենները:
Դժւար է մարդկային պատմութեան մէջ գտնել առաւել եզակի մի երեւոյթ, քան հիքսոսեան աշխարհը: Ապշեցուցիչ է այն պարգեւը, որ մարդկութեանը բերել է հիքսոսների ստեղծագործական հանճարը, աշխարհում առաջին այբուբենից մինչեւ առաջին մարտակառքը, երկաթի ձուլումից մինչեւ առաջին օրացոյցը՝ կայուն տարով, համեմատած նրա կարճատեւ քաղաքական կեանքի հետ:
Հիքսոսները Եգիպտոսում յայտնւել են Ք.ա. մօտ 1710 թւականին Միջին եւ Նոր թագաւորութիւնների միջեւ եղած ժամանակաշրջանում, եւ մնացել են մինչեւ Ք.ա. 1580 թւականը:
Գիտութեանը միայն մի պատմիչ է յայտնի, ով նկարագրել է հիքսոսների՝ Հայկական լեռնաշխարհից Եգիպտոս կատարած արշաւանքը: Նա առաջինն է, որ յայտնում է օտարերկրացիների անունը: Այդ պատմիչը եգիպտական քուրմ Մանեթոնն է (3-4 դար Ք.ա.): Հիքսոսների մասին ամենաստոյգ աղբիւրը Եւսեբիոս Կեսարացու «Ժամանակագրութեան» հայերէն թարգմանութիւնն է: Կեսարացին միակ եւ վերջին պատմիչն է, որ հիքսոսների պատմութիւնը շարադրելիս անմիջապէս օգտւել է Մանեթոնից: Հիքսոսների մասին մենք այստեղ մանրամասն չենք խօսի: Նշենք միայն, որ հիքսոս բառում աչքի է զարնում հայկական էթնիկական «հայ» տերմինը: Այդ ժամանակ Հայկական լեռնաշխարհում գոյութիւն է ունեցել Հայասա պետութիւնը՝ հայերի բնօրրանը, եւ հիքսոսները արշաւել են հէնց այդ խոշոր կենտրոնից, որտեղ Ք.ա. 2-րդ հազարամեակի սկզբում յայտնագործւել է երկաթաձուլման պրոցեսը: Հիքսոսների ամենամեծ ծառայութիւնն այն է, որ նրանք առաջինն են այբուբեն յօրինել:
Մեծամօրի պեղումներից եւ այնտեղ գաղափարագրեր յայտնաբերելուց յետոյ, միանգամայն ակնյայտ է, որ հիքսոսներն իրենց հայրենիքում ունեցել են գաղափարագրեր եւ կարող էին հասնել այբուբենի գաղափարին ոչ թէ Եգիպտոսում, այլ հէնց իրենց հայրենիքում՝ Հայաստանում: Այսինքն՝ հայերը յանգել են այբուբենի գաղափարին՝ ելնելով հէնց իրենց գաղափարագրերից եւ կատարել են այդ սխրանքը հէնց Հայաստանում:
Այսպիսով, Ք.ա. 18-րդ դարը եղել է առաջին անձայնաւոր այբուբենի ստեղծման դար, որը սկիզբ է դրել Ասիայի, Աֆրիկայի եւ Եգիպտոսի այբուբեններին: Հիքսոսեան այբուբենի, հին հայկական գաղափարագրերի ու Մեծամօրում գտնւած գաղափարագիր նշանների համեմատութիւնը ցոյց է տալիս դրանց լիակատար նմանութիւնը, անտարակուսելի ծագումնաբանական կապը: Վերականգնւեց այն վճռորոշ փաստը, որը առաջնակարգ նշանակութիւն ունի հայկական այբուբենի ուղիների ուսումնասիրման համար:
160830d03cՀայերի եւ հիքսոսների բառապաշարի նմանութիւնները, հիքսոսների Եգիպտոս տարած մարտակառքերը, որոնց նիւթը ծնունդ էր առել Արարատ լեռան շրջակայքում, Նեղոսի ափին Աւարիս մայրաքաղաքի հիմնելը, հիքսոսների ծանօթ լինելը երկաթաձուլմանը, որն առաջին անգամ իրագործւել է Հայկական լեռնաշխարհի սահմաններում եւ, ի վերջոյ, այսպիսի փաստերի կողքին ամենակարեւորը՝ հիքսոսների ու հայերի գաղափարագրային այբուբենի ծագումնաբանական կապը, թւում է՝ հաստատում են մեր կարծիքը:
1967 թւականին ապացուցւեց, որ հնդկական բրահմի այբուբենը (Ք.ա. 15-րդ դար) սկիզբ է առել հիքսոսեան այբուբենից եւ մի շարք նմանութիւններ ունի Մեծամօրի գաղափարագրերի եւ հին հայկական ձեռագրերում հանդիպող գաղափարագրերի հետ:
Ինչպէս յայտնի է, բրահմի այբուբենն իր ազդեցութիւնն է թողել հին արաբական թւականների ծագման վրայ: Յստակօրէն նշմարւում է նաեւ ծագումնաբանական կապը բրահմի այբուբենի թւականների եւ հիքսոսեան ու հին հայկական գաղափարագրերի միջեւ:
Հետաքրքիր է վեց ձայնաւորների ու կիսաձայնաւորների (որոնցով Մաշտոցը լրացրեց հին հայկական այբուբենը) համեմատութիւնը բաբելոնեան սեպագրերի հինգ ձայնաւորների (ա, ե, ի, ու, ո՝ւ) հետ: Մաշտոցի ձայնաւորները գրեթէ լիովին համընկնում են բաբելական սեպագրերի հետ: Հէնց այդ քարի վրայ դրոշմւած բաբելական ձայնաւոր սեպագրերն էին պակասում այբուբենին, որին եւ Մաշտոցը հնչեղութիւն տւեց:
Այսպիսով, Մաշտոցի ստեղծած նոր հայկական այբուբենի էութիւնը յանգում է այդ ձայնաւորների յայտնագործմանը, որոնք համանման են բաբելական սեպագրերին, եւ ձայնաւորների պակասը հին հայկական (հիքսոսեան) այբուբենում լրացնելուն: Ինչպէս յայտնի է, ի տարբերութիւն բաբելական սեպագրերի՝ եգիպտական գաղափարագրերը (Ֆր. Շամպոլիոնի «գաղափարագիր այբուբենը») ձայնաւորներ չունեն, որը յատուկ է եղել ձայնաւորների նկատմամբ ունեցած անտարբերութիւնը եւ, Եգիպտական գաղափարագրերի հիման վրայ հիքսոսների ստեղծած այբուբենում դրանք, բնականաբար, պէտք է բացակայէին:
Փիւնիկցիները կամ, թերեւս յոյները, առաջինը հիքսոսեան այբուբենի սկզբունքը միացրին բաբելոնեան հնչեղութեան սկզբունքի հետ, մինչդեռ բուն Հայաստանում այդ սկզբունքը ձայնարկութեան բացակայութեան պատճառով տեղը զիջեց սեպագրերին, իսկ յետոյ յունական, ասորական եւ այլ գրերի, որոնք միայն մի առաւելութիւն ունէին՝ հնչեղութիւն եւ բազում թերութիւններ՝ կապւած հայոց լեզւի արտայայտչական իւրայատկութիւնների հետ:
Այբուբենի սկզբունքը ձայնարկման սկզբունքին միացնելը հայերի մօտ ուշացաւ: Հայկական տառերի հնամենի ձեւը բացատրւում է այն բանով, որ նրա հիմքում ընկած է աշխարհի հնագոյն այբուբենը՝ հիքսոսեան այբուբենի հետագայ ձեւը:
Հնագոյն հայկական այբուբենի մոռացմանը նպաստել է քաղաքական իրադրութիւնը: Յայտնի է, որ հիքսոսները, նւաճելով Եգիպտոսը, այնտեղ մտցրին օրացոյց, ստեղծեցին այբուբեն եւ, չնայած այն բանին, որ հիքսոսեան օրացոյցն ու այբուբենն ակնյայտօրէն առաջադիմական էին, եգիպտացիները հիքսոսների վտարումից յետոյ հրաժարւեցին դրանցից: Եգիպտացիների համար հին գրերին վերադառնալը նշանակում էր մշակութային զարգացման ազգային ձեւերի վերականգնում, որպէս երկրի ինքնուրոյն քաղաքական զարգացման պայմաններից մէկը:
Ահա թէ ինչու Մաշտոցի՝ հին հայկական այբուբենի վերադառնալը, այն ձայնաւորելը եւ նոր, միանգամայն ամբողջական այբուբենի երեւան գալը այդպիսի հսկայական նշանակութիւն ունեցաւ հայ ժողովրդի կեանքում:
Այբուբենի յայտնագործութիւնը սերտօրէն կապւած է արտադրական ուժերի զարգացման հետ, որը յաջորդեց երկաթաձուլմանը: Այլ կերպ ասած, այբուբենը երեւան եկաւ երկաթի շնորհիւ, գրերի հսկայական պատկերագաղափարական՝ գաղափարագրային համակարգը պարզեցւեց, յարմարեցւեց գործնական պահանջներին:
Հայաստանում այբուբենն այդպէս էլ անւանւեց՝ «երկաթէ դարէ գիր»՝ երկաթագիր:
Հին հայկական գրերը, սակայն, իսպառ եւ ամենուրեք չէ, որ մոռացութեան տրւեցին: Դրանք զարգացան առանձին հայկական հեթանոսական տաճարներում՝ Ասորիքում, Պաղեստինում, Եգիպտոսում, ուր չէին թափանցել քաղաքական հովերը, որ իշխում էին Հայաստանում:
Նշենք, որ աւելի քան 20 դար է ընկած հիքսոսեան եւ Մաշտոցեան այբուբենների միջեւ»:

Յարակից Հրապարակումներ

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մեսրոպ Մաշտոց (362-440)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մեսրոպ Մաշտոց (362-440)

    Փետրւարի 17-ին հայ ժողովուրդը կոգեկոչէ յիշատակը Հայոց այբուբենի գիրերու արարիչ ու հայ գրաւոր դպրութեան հիմնադիր Սուրբին՝ Մեսրոպ Մաշտոցի։
    17 փետրւար 440-ին վախճանեցաւ հայ ժողովուրդին հայերէն գիրեր պարգեւած եւ Հայ ազգային ինքնութեան ու ինքնուրոյնութեան անփոխարինելի կռւանին՝ Մայրենիի գրաւոր հիմնաքարը հաստատած Մեծ վարդապետը։

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Վարդանանք
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Վարդանանք

    387 թւականին Հայաստան աշխարհը երկու մասի էր բաժանւած հարեւան երկու հզօր կայսրութեանց՝ Բիւզանդիոնի եւ Պարսկաստանի միջեւ: Իսկ 428-ին Վռամշապուհ արքայի որդի՝ Արտաշէսի դէմ եղած պարսկասէր հայ նախարարների ամբաստանութեանց եւ անհեռատես քաղաքականութեան հետեւանքով՝ վերջ էր գտել շուրջ 360 տարիներ շարունակաբար Հայաստանի գահին տէր կանգնած Արշակունեաց հարստութիւնը Պարսկահայաստանում:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մովսէս Խորենացի (410-490)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մովսէս Խորենացի (410-490)

    Շատ գրւած է Խորենացիի «Հայոց պատմութեան» գիտական բնոյթ չունենալու հանգամանքին մասին, բայց պատմագիտականօրէն ամենէն թերահաւատ ու խստապահանջ հեղինակներն ու քննադատներն անգամ անվարան խոնարհած են Հայոց Պատմահայրի նւաճած անփոխարինելի աւանդին առջեւ, որովհետեւ Խորենացին միայն պատմութիւն չգրեց, այլեւ հայոց ազգային ոգին շնչաւորեց՝ զայն իբրեւ զէն ու զրահ կտակելով մեր ժողովուրդին:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Թարգմանչաց շարժման սրբազան խորհուրդն ու այժմէականութիւնը (Հոկտեմբերի 12)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Թարգմանչաց շարժման սրբազան խորհուրդն ու այժմէականութիւնը (Հոկտեմբերի 12)

    Հոկտեմբեր ամսու երկրորդ կիրակին Հայաստանեայց եկեղեցին նւիրած է Սրբոց Թարգմանչաց տօնին:
    Խորքին մէջ մեր եկեղեցին երկու տօն նւիրած է հինգերորդ դարու հայոց Թարգմանիչ Սուրբերուն:
    Առաջին տօնը նւիրւած է ուղղակի Սուրբ Սահակ Պարթեւ ու Մեսրոպ Մաշտոց Հայր Թարգմանիչներուն եւ կը նշւի ամէն տարի՝ յունիսի վերջը կամ յուլիսի սկիզբը:

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Թարգմանիչները
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Թարգմանիչները

    4-րդ դարի սկզբից քրիստոնէութեան հաստատման հետ Հայաստանում ուժեղացած ծաւալներով տարածւում էր յունարէնի ազդեցութիւնը: Արեւելեան տարածքներում զօրաւոր էր ասորերէնի ազդեցութիւնը: Քրիստոնէական կրօնական արարողութիւնները կատարւում էին յունարէն սուրբ գրքերի օգտագործմամբ, կամ ասորերէն սուրբ գրքերի օգտագործմամբ, որ հասկանալի չէին ժողովրդին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։