Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016 10:20

Մեծամօրի բնակատեղիում հնագէտները սարդիոնէ եւ ոսկէ ուլունքահատիկներով ամբողջական վզնոց են պեղել

Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց «Պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէնի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտութիւնների դոկտորպրոֆեսոր Աշոտ Փիլիպոսեանը՝ այս տարի հնավայրի սենեակներից մէկում յայտնաբերւել է ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի 2-րդ հազարամեակի վերջին քառորդի ամբողջական վզնոց՝ սարդիոնէ եւ ոսկէ ուլունքահատիկներով:

«armenpress.am» - Մեծամօր հնագոյն ամրոց-բնակատեղիի պեղումներում այս տարի հետաքրքիր արդիւնքներ են գրանցւել: Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց «Պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէնի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտութիւնների դոկտորպրոֆեսոր Աշոտ Փիլիպոսեանը՝ այս տարի հնավայրի սենեակներից մէկում յայտնաբերւել է ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի 2-րդ հազարամեակի վերջին քառորդի ամբողջական վզնոց՝ սարդիոնէ եւ ոսկէ ուլունքահատիկներով: Վզնոցը պահպանւելու է «Մեծամօր» պատմա-հնագիտական արգելոց-թանգարանում: «Մեծամօրում պեղումներն իրականացնում է հայ-լեհական համատեղ արշաւախումբը: Այս տարի այդ հնավայրում աշխատանքներն սկսւել են օգոստոսի 15-ին եւ շարունակւել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Դրանք իրականացւել են ե՛ւ Մեծամօրի քաղաքային թաղամասի տարածքում, ե՛ւ դամբարանադաշտում»,- ասաց Փիլիպոսեանը: Նրա ասութեամբ՝ Մեծամօրի պեղումներն իրականացւում են համատեղ ֆինանսաւորմամբ: Հայաստանի կողմից ֆինանսաւորումը տրամադրում է ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Գիտութեան պետական կոմիտէն:
Մեծամօր հնագոյն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակոյթի իւրայատուկ յուշարձաններից է: Այն գտնւում է Երեւանից 35 կմ. հարաւարեւմուտք, Տարօնիկ գիւղից ոչ հեռու, Մեծամօր գետի ափին: 1965 թ. մինչեւ այժմ Մեծամօրում պարբերաբար պեղումներ են իրականացւում: Պեղւած մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի եւ երկաթի պարբերաշրջաններին: Պեղւած նիւթերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (Ք. ա. IV-II հազ.) Մեծամօրը մշակոյթի ծաղկուն կենտրոն էր: Լաւ պահպանւել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը՝ հալոցը եւ հնոցները, որոնք կառուցւել են ժայռերի մէջ:
Գիտնականները պարզել են, որ Մեծամօրը խոշոր բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ունէր կիկլոպեան պարսպով շրջապատւած միջնաբերդ, զիկուրատ-«աստղադիտարան»:
Վաղ երկաթի շրջափուլում (Ք. ա. XI-IX դդ.) Մեծամօրը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» եւ բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մօտ 100 հա տարածք: Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամօրն Արարատեան դաշտի արքունի քաղաքներից, կարեւոր վարչա-քաղաքական եւ մշակութային կենտրոններից մէկն էր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէս է պէտք արձագանգել Ադրբեջանի ագրեսիային:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։