Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 09 Նոյեմբերի 2016 10:20

Հրատարակւել է Վլադիլէն Բալեանի «Եւ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…» խորագրով գիրքը

ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ՝ «Ամրոց գրուպ» ընկերութիւնը հրատարակել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ-ի արւեստի վաստակաւոր գործիչ Վլադիլէն Բալեանի «Եւ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…» խորագրով ռուսերէն գիրքը։

«armenpress.am» - ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ՝ «Ամրոց գրուպ» ընկերութիւնը հրատարակել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ-ի արւեստի վաստակաւոր գործիչ Վլադիլէն Բալեանի «Եւ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…» խորագրով ռուսերէն գիրքը։ Այն կոմպոզիտորն օրերս ներկայացրել է Ալեքսանդր Սպենդիարեանի տուն-թանգարանում։ Ներկաները շնորհանդէսի ընթացքում նաեւ ունկնդրել են Վլադիլէն Բալեանի մի քանի ռոմանսներ՝ Ա. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Նարինէ Անանիկեանի, Դիանա Յարութիւնեանի կատարմամբ եւ Մարգարիտ Սարգսեանի նւագակցութեամբ։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիլէն Բալեանի այս յուշագրութիւնը, իր իսկ որակմամբ՝ մի կեանք տեւած սիրոյ պատմութիւն է եւ երեք տարւայ աշխատանքի արդիւնք։
Իրական ժողովրդականութիւն վայելող ստեղծագործութիւններ հեղինակած կոմպոզիտորը նաեւ նշանակալի դերակատարութիւն է ունեցել կարեւորագոյն մշակութային օջախների կառավարման գործում եւ շատ ու շատ հարցերում նախաձեռնութիւն ցուցաբերելով՝ դարձել տարբեր ձեռնարկումների կազմակերպիչ եւ իրականացնող։ Գիրքն ամփոփում է այդ ձեռնարկումների ու Վլադիլէն Բալեանի հարուստ կեանքի հետաքրքրական դրւագները՝ Մարտիրոս Սարեանի, Արամ Խաչատրեանի, Յովհաննէս Շիրազի, Սիլւա Կապուտիկեանի, Սւեատոսլաւ Ռիխտերի, Մստիսլաւ Ռաստրոպովիչի, Բենջամին Բրիտտէնի եւ 20-րդ դարի այլ մեծ արւեստագէտների հետ հանդիպումների պատմութիւնները։ Ներկայացւող յուշագրութիւնը լրացնում է վառ անհատականութիւնների արդէն յայտնի կերպարները եւ անուղղակիօրէն ներկայացնում հեղինակին։ Վերջինս գոհունակութիւն է յայտնել երկրի պատմութեան եւ իր կենսագրութեան մաս կազմող Ա. Սպենդիարեանի տուն-թանգարանում իր բարեկամներին եւս մէկ անգամ մէկտեղելու առիթի համար։ Նա շնորհակալութեամբ նշել է Վիլլի Սարգսեանի խմբագրական եւ Կարէն Բալեանի ձեւաւորման աշխատանքը։ Վլադիլէն Բալեանը յատուկ ջերմութեամբ ընդգծել է գիրքը թանկագին ընկերոջ՝ Սիմոն Հախումեանի յիշատակին նւիրելու փաստը եւ կարեւորել հրատարակման հարցում նախկին մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի գործուն աջակցութիւնը։ Վլադիլէն Բալեանի կեանքի տարբեր փուլերին անդրադարձող յուշագրութիւնը ոչ միայն ժամանակագրական, այլեւ իրադարձային մեծ ընդգրկման շնորհիւ ներկայացնում է խոհրդային Հայաստանում մշակոյթի զարգացման պատմութիւնը՝ շիտակ, անկեղծ շարադրանքով եւ հաւաստի փաստագրութեամբ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։