Հա

Մշակոյթ

07/12/2016 - 09:00

Տիգրան Մանսուրեան.- «Եթէ ուզում ենք գռեհկութեան դէմ քայլ անել, առաջին հերթին պէտք է հիմնւենք մեր արմատների վրայ»

Հեռուստաալիքներն ունեն շատ մեծ դերակատարութիւն, հարկաւոր է ուղղակի արմատախիլ անել, բնաջնջել հեռուստաեթերից տրւող ցածրորակ, ցածրաճաշակ երաժշտութիւնը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Յասմիկ Պապեանը՝ պատասխանելով հարցին, թէ ի՞նչը կարող է նպաստել Հայաստանում երաժշտաարւեստի զարգացմանը:

«panorama.am» - Հեռուստաալիքներն ունեն շատ մեծ դերակատարութիւն, հարկաւոր է ուղղակի արմատախիլ անել, բնաջնջել հեռուստաեթերից տրւող ցածրորակ, ցածրաճաշակ երաժշտութիւնը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Յասմիկ Պապեանը՝ պատասխանելով հարցին, թէ ի՞նչը կարող է նպաստել Հայաստանում երաժշտաարւեստի զարգացմանը:
«Հարկաւոր է մարդկանց վերադարձնել պատւախնդրութիւնը, որ այդպիսի երաժշտութիւն լսելը, մեղմ ասած, ամօթ է: Հարկաւոր է վերադարձնել մարդկանց այն զգացումը, որ՝ «ասա ինչպիսի երաժշտութիւն ես լսում դու, ասեմ՝ ով ես»: Սա շատ կարեւոր է, այդտեղից պէտք է սկսել»,- նշեց նա:
Ասուլիսին ներկայ ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրեանը համաձայնեց Յասմիկ Պապեանի հետ՝ յաւելելով միայն մի քանի նկատառումներ.
«Ենթադրում եմ, որ մեր կեանքում մուտք գործած շուկայական յարաբերութիւնները բոլոր բնագաւառներում իշխող դեր ունեն: Մշակոյթը ղեկավարող մարդկանց, մշակոյթի մարդկանց պարտքն է հնարաւորինս խուսափել այս շուկայական յարաբերութիւններից արւեստի ներսում, արժէքներ գնահատելիս շուկայական յարաբերութիւնները չդառնան առաջնորդողը, այլապէս մենք ամբողջը յանձնելու ենք շուկային, իսկ շուկան միշտ չէ, որ հաշւի է նստում արժէքի հետ: Կամ ճիշտ հակառակը՝ շուկան ամբողջութեամբ միտւած է նրան, որ հնարաւորինս էժան լինի, որ շատերն առնեն»:
Մայեստրոյի ասութեամբ՝ ինչ-որ ձեւով պէտք է առնել շուկայական յարաբերութիւնների դէմը: Երաժշտութեան բնագաւառում Տիգրան Մանսուրեանը կարեւորում է հոգեւոր երաժշտութեան դերը:
«Մենք առ այսօր հոգեւոր երաժշտութիւնը չդարձրեցինք մեր առօրեայ երաժշտական կեանքի կարեւոր բաղկացուցիչ մասը: Դասական, հոգեւոր երաժշութիւնը եթէ չի մասնակցում մեր ամենօրեայ երաժշտական իրականութեանը, մեծապէս զրկած ենք լինում այս գռեհկութիւնների դէմ միջոցներ գործադրելուց: Զրկւած ենք: Եթէ ուզում ենք գռեհկութեան դէմ քայլ անել, առաջին հերթին պէտք է մեծապէս հիմնւենք մեր արմատների վրայ: Հոգեւոր երաժշտութեան տեղը պէտք է մեծացնենք»,- ասաց կոմպոզիտոր Մանսուրեանը:
Հայաստանի պետական կամերային նւագախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Ռոբերտ Մլքէեանի կարծիքով՝ էժանագին երաժշտութիւնն այնքան հզօր է այսօր, որ ոչ մի ակադեմիական արւեստ չի կարող պայքարել դրա դէմ. «Ինչքան խօսում ենք, այնքան շատանում է»:
Նա որպէս պայքարի միջոց է համարում հնարաւորինս շատ ակադեմիական արւեստ, դասական երաժշտութիւն սերմանելը հասարակութեան մէջ:
«Խորհրդային Միութեան ժամանակ դիկտատուրա կար. ճղւած ջինսերով թոյլ չէին տալիս ֆիլհարմոնիայի կամ օպերայի դահլիճ գալ, ինչ ասես նւագել կամ երգել, ինչ-որ մէկի ծնունդն անել: Հիմա դա թոյլատրւած է: Մասսայաբար: Դիկտատուրա է պէտք, որ լինի ճիշտ արւեստ: Թող գնան ռեստորաններ ու ինչ ուզում են անեն, իսկ մեզ թողնեն մեր բեմը»,- ասաց Ռոբերտ Մլքէեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։