Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016 09:20

«Արարատ-Ուրարտու թագաւորութիւնը» նոր ֆիլմը՝ որպէս հայագիտութեան քարոզչութիւն

Հայաստանի հազարամեակների պատմութեան մէջ առանձնայատուկ դեր է խաղացել Վանի թագաւորութիւնը՝ Արարատ-Ուրարտուն՝ դառնալով հայոց պատմութեան առաջին համահայկական թագաւորութիւնը: Ի՞նչ էթնիկ բնութագիր ունէր այդ պետութիւնը, արդեօք Հայկական լեռնաշխարհի հնագոյն այդ քաղաքակրթութեան հիմնադիրները հէնց հայե՞րն էին:

«yerkirmedia.am» - Հայաստանի հազարամեակների պատմութեան մէջ առանձնայատուկ դեր է խաղացել Վանի թագաւորութիւնը՝ Արարատ-Ուրարտուն՝ դառնալով հայոց պատմութեան առաջին համահայկական թագաւորութիւնը: Ի՞նչ էթնիկ բնութագիր ունէր այդ պետութիւնը, արդեօք Հայկական լեռնաշխարհի հնագոյն այդ քաղաքակրթութեան հիմնադիրները հէնց հայե՞րն էին: «Արարատ-Ուրարտու թագաւորութիւնը» նոր ֆիլմը կը փորձի պատասխանել այս հարցերին եւ աւելի շօշափելի դարձնել պատմութեան կարեւորագոյն անցքերը:
Ֆիլմի հեղինակներն են պատմաբան Արտակ Մովսիսեանը եւ ռեժիսոր Արտակ Աւդալեանը։ Այս նոր ֆիլմը կը ներկայացնի Ք.ա. 9-7-րդ դարերում Հայկական լեռնաշխարհում բարձրացած Ուրարտու պետութեան պատմութիւնը, պետական կարգն ու զինւած ուժերը, մշակոյթը, աւանդոյթները, կենցաղը: Դրանով իսկ ֆիլմը կը ծառայի որպէս տեսաձեռնարկ ուսումնական հաստատութիւններում:
«Շատ կարեւոր է մեր պատմութիւնն իր բոլոր դարաշրջաններով ներկայացնել գիտահանրամատչելի լեզւով։ Դրանցից մէկն իր մեծ նշանակութեամբ Վանի թագաւորութեան՝ առաջին համահայկական պետութեան ժամանակաշրջանն է։ Ըստ էութեան, այն դրեց հիմքերը, որոնց շնորհիւ մօտ 1500 տարի մենք պետականութեան լիցք ունեցանք: Ք.ա. առաջին հազարամեակի սկզբում Վանի արքաներն այդ լիցքը հաղորդում են մեզ եւ, ճիշտ է, որոշ ընդհատումներով, բայց այդ պետականութիւնը գալիս հասնում է մինչեւ 5-րդ դար»,- նշեց Արտակ Մովսիսեանը:
Խօսելով գիտութեան մէջ երկար ժամանակ իշխած Ուրարտուի՝ ոչ-հայկականութեան կարծիքի մասին, պատմաբանը նշեց, որ ժամանակին կասկածի պատճառ էին դարձել Վանի թագաւորութեան սեպագրերի վերծանութիւնը ոչ հայերէնով, նաեւ դրանցում յիշատակւած արքայանունների բացակայութիւնը Մովսէս Խորենացու «Հայոց պատմութեան» մէջ։ Այսօր, սակայն, այդ հարցերն իրենց բացատրութիւնը գտել են։
«Ֆիլմում ինձ համար կարեւոր է ներկայացնել փաստերը, եւ դիտողն ինքը կանի իր եզրակացութիւնները: Մեզ համար նպատակային է Ուրարտուին՝ որպէս ֆենոմենի անդրադառնալը, ցոյց տալը, թէ ինչ տեղ ու դեր է այն ունեցել ինչպէս հայոց պատմութեան մէջ, այնպէս էլ ողջ տարածաշրջանում, փորձել գնահատել նրա քաղաքակրթական նշանակութիւնը»,- յաւելեց պատմաբանը:
Արտակ Մովսիսեանի համոզմամբ՝ հայագիտութեան քարոզչութիւնը մեզ համար շատ կարեւոր խնդիր է ոչ միայն ճանաչողական, այլեւ քաղաքական առումով. «Այսօր Ադրբեջանն իր կեղծարարութիւնը հասցրել է պետական մակարդակի։ Այսինքն՝ նրանք պետական մակարդակով պնդում են, որ մածունը սեւ է, ոչ թէ սպիտակ… Արդիւնաւէտ հայագիտական քարոզչութիւնը մենք ոչ միայն պէտք է իրականացնենք գրքերի միջոցով եւ ոչ միայն դպրոցներում կամ համալսարաններում, այլեւ փաստավաւերագրական ֆիլմերի, համակարգչային ծրագրերի, ինչու ոչ, նաեւ խաղերի, հնարաւորութեան դէպքում՝ գեղարւեստական ֆիլմերի միջոցով»։
Փաստագրական ֆիլմի նկարահանումները կատարւել են Հայաստանի Հանրապետութիւնում, Արեւմտեան Հայաստանում եւ Իրանում: Հարցազրոյցներ են վերցւել մէկ տասնեակից աւելի գիտնականներից, որոնց մեծ մասն օտարազգիներ են: Նկարահանման համար յստակ բիւջէ չի եղել, այն կեանքի է կոչւել մի շարք բարեկամների օժանդակութեամբ, նաեւ սեփական միջոցներով: Ֆիլմը պատրաստման փուլում է, Արտակ Մովսիսեանը լիայոյս է՝ սպասւելիք ֆինանսական օժանդակութեան շնորհիւ այն վերջնական տեսքի կը գայ մինչեւ տարեվերջ։
Սա Արտակ Մովսիսեանի եւ ռեժիսոր Արտակ Աւդալեանի համատեղ աշխատանքի առաջին փորձը չէ: Մինչ այս նրանք միասին ստեղծել են «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն», «Հռոմից աւելի հին մայրաքաղաքը» եւ «Պատմութեան կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմերը:

Ն. ԳՐԻԳՈՐԵԱՆ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։