Հա

Մշակոյթ

Կիրակի, 08 Յունւարի 2017 10:00

2017-ին ՌԴ-ում հայկական եկեղեցիներին վերաբերող ցուցահանդէսներ կանցկացւեն

Ռուսաստանում հայկական եկեղեցիների գոյութեան 300-ամեակին նւիրւած միջոցառումներ կը լինեն ինչպէս Հայաստանում, այնպէս էլ ռուսական քաղաքների հայկական համայնքներում:

«armenpress.am» - Ռուսաստանում հայկական եկեղեցիների գոյութեան 300-ամեակին նւիրւած միջոցառումներ կը լինեն ինչպէս Հայաստանում, այնպէս էլ ռուսական քաղաքների հայկական համայնքներում: ՀՀ ԿԱ Քաղաքաշինութեան պետական կոմիտէի Ալեքսանդր Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարան ինստիտուտի տնօրէն Անուշ Տէր-Մինասեանը դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը խօսեց թանգարանի՝ անցնող տարի իրականացրած միջոցառումների եւ առաջիկայ ծրագրերի մասին: «Փետրւարին Սանկտ Պետերբուրգի Կրօնների պատմութեան թանգարանը մեզ մօտ ներկայացրեց Երուսաղէմի հայկական եւ ռուսական սրբավայրերի հին լուսանկարների ցուցահանդէսը, որը մեծ արձագանգ ունեցաւ: Ներկայում բանակցում ենք տւեալ թանգարանի հետ յաջորդ տարի հայկական եկեղեցիների վերաբերեալ ցուցահանդէս կազմակերպելու համար»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Անուշ Տէր-Մինասեանը:
Թանգարանում տարւայ ընթացքում ներկայացւել է Ջիմ Թորոսեանի 90-ամեակին նւիրւած նոստալգիկ ցուցահանդէս, որը կրել է «Հիմա կը գամ» խորագիրը: Իրականացւել է նաեւ Հայաստանի երրորդ Հանրապետութեան ճարտարապետութեանը վերաբերող ցուցահանդէս, որտեղ պարզ արտայայտւել են ճարտարապետութեան բնագաւառում ունեցած ձեռքբերումներն ու թերացումները:
Այդ ցուցահանդէսից երեք նախագիծ՝ Նարեկ Սարգսեանի «Կառավարական նոր տունը», Լեւոն Վարդանեանի արւեստանոցի աշխատանքներից մէկը եւ «Ստորակէտ» արւեստանոցի գործերը, ներկայացւել են «Զոդչեստւօ» հեղինակաւոր մրցոյթ փառատօնին: Նարեկ Սարգսեանի «Կառավարական նոր տունը» ստացել է «Տարւայ լաւագոյն արտասահմանեան նախագիծ» պատւաւոր մրցանակը:
2017-ին թանգարան-ինստիտուտը նախատեսում է Հիւսիսային պողոտային վերաբերող նախագիծ իրականացնել: «Պողոտայի շուրջ միշտ բուռն քննարկումներ են եղել, սակայն ոչ բաւարար տեղեկութիւններ տարածքի եւ կառոյցների մասին: Մեր նպատակը՝ հանրութեանը աւելի մանրամասն տեղեկութիւն հաղորդելն ու իրողութեանը ծանօթացնելն է: Ցուցահանդէսը կոչւելու է «Հիւսիսային պողոտան երէկ, այսօր, վաղը»,- ընդգծեց Անուշ Տէր-Մինասեանը:
2016 թւականին Հայաստան են այցելել բազմաթիւ ճարտարապետներ, օրինակ՝ թղթի ճարտարապետութեան հիմնադիրներից մէկը՝ Ալեքսանդր Բրոդսկին, որի վարպետութեան դասին բազմաթիւ մարդիկ են ներկայ եղել:
Ապրիլեան պատերազմում զոհւած զինծառայող Ադամ Սահակեանի առաջին կուրսում արւած գրաֆիկական աշխատանքների ցուցահանդէսը նոյնպէս բացւել է Թամանեանի թանգարան-ինստիտուտում: Քաղաքաշինութեան կոմիտէն պատրաստւում է քառօրեայ պատերազմում զոհւած ճարտարապետ տղաների աշխատանքների գրքոյկ հրատարակել:
Տնօրէնը շեշտեց, որ իրականացւող ցուցահանդէսները բազմաթիւ են, սակայն թանգարան-ինստիտուտին անհրաժեշտ է մշտական ցուցադրութիւն, որի համար բաւարար սրահներ չկան: «Եթէ լինի մշտական ցուցադրութիւն կարծում եմ՝ տուրիստական գործակալութիւնները օտարերկրացիներին առաջին հերթին կը բերեն մեզ մօտ: Ցանկալի է Անիի ճարտարապետութեանը նւիրւած առանձին սրահ ունենալ»,- նշեց նա:
Տնօրէնը յոյս յայտնեց, որ թանգարանային նոր շէնք ունենալու դէպքում այն կը դառնայ Երեւանի կարեւորագոյն եւ յաճախ այցելւող վայրը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

կը յաջողւի՞ արդեօք ստեղծել հակաիրանական արաբա-իսրայէլական դաշինք:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։