Հա

Մշակոյթ

Կիրակի, 08 Յունւարի 2017 10:15

Օհան Դուրեանի մասին պատմող ֆիլմը ներկայացւեց արւեստասէր հանրութեանը

Հայաստանում պրոդիւսեր, նկարիչ, ռեժիսոր Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրւեց Նամինի «Օհան Դուրեան. խորը զգացմունքների մասնագիտութիւն» վաւերագրական ֆիլմը:

«armenpress.am» - Հայաստանում պրոդիւսեր, նկարիչ, ռեժիսոր Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրւեց Նամինի «Օհան Դուրեան. խորը զգացմունքների մասնագիտութիւն» վաւերագրական ֆիլմը: «Օհան Դուրեանը հայ ժողովրդի պարծանքն է: Նա աշխարհի մակարդակով մեծանուն դիրիժոր էր, որի առջեւ խոնարհւում էին շատերը: Հիանալի ստեղծագործող, ով ցնցեց ողջ Մոսկւան՝ խորութեամբ ներկայացնելով հզօրագոյն ստեղծագործութիւնները. զգում էր այն, ինչն ի զօրու չէր զգալ որեւէ մէկը»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ստաս Նամինը:
Օհան Դուրեանի կինը՝ օպերային երգչուհի Ալիս Դուրեանն ընդգծեց, որ ֆիլմը դիտել է տարիներ առաջ եւ շատ տպաւորւած է: «Ստասը շատ էր սիրում Օհանին. շնորհակալ եմ նրան այս աշխատանքի համար: Կինոժապաւէնը նկարահանւեց այն ժամանակ, երբ Օհան Դուրեանին մեր երկրում մեծ ցաւ էին պատճառել՝ թերագնահատելով նրա աշխատանքը: Հէնց այդ ժամանակահատւածում Մոսկւայում Դուրեանի համերգներին դահլիճները լեփ-լեցուն էին: Օհանն ի դէմս Ստասի եւ Վահանի բազմաթիւ աջակիցներ ունէր»,-շեշտեց Ալիսը:
Վաւերագրական ֆիլմը նկարահանւել է Ստաս Նամինի պրոդիւսերական կենտրոնում: Ռեժիսորն Ալեքսէյ Կիսելեովն է: Կինոնկարի զգալի մասը դիրիժորի վերջին շրջանի գործունէութեան մասին է, երբ նա Մոսկւայի սիմֆոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավարն էր եւ գլխաւոր դիրիժորը:
Դուրեանների ընտանիքի բարեկամ բժիշկ Վահան Վարդապետեանի ասութեամբ՝ մայեստրօն այն բացառիկ արւեստագէտն էր, որն ամենամեծ յարգանքին եւ սիրոյն է արժանացել ժողովրդի կողմից: «2001 թւականին դիրիժորը զրկւեց հայ հանդիսատեսի առաջ ելոյթ ունենալու հնարաւորութիւնից եւ նւագախմբից: Ստաս Նամինի ջանքերով մայեստրօն Մոսկւայում ցնցող, տպաւորիչ համերգներ ունեցաւ: Ակտիւ մասնակցել եմ ֆիլմի նկարահանումներին եւ ընտրել հնչող երաժշտութիւնը»,- ասաց նա:
Կինոնկարում մայեստրոյի արժանիքների մասին էին խօսում արւեստի ոլորտի բազմաթիւ գործիչներ: Կարծիքների համաձայն Դուրեանը եզակի դիրիժոր էր, որը կարողանում էր մինչեւ վերջ բացայայտել կոմպոզիտորին:
Օհան Դուրեանը ծնւել է 1922 թ. Երուսաղէմում։ Տեղում կոմպոզիցա եւ խմբավարութիւն ուսանած երաժիշտն այնուհետեւ համերգային շրջագայութիւնների է մեկնում Եւրոպա եւ զարմացնում իր ֆենոմենալ յիշողութեամբ, խոր, զգայուն երաժշտականութեամբ:
Մինչեւ 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նւագախումբը: Հետագայում մեկնել է Եւրոպա։
1962-1969 թւականներին Օհան Դուրեանը իբրեւ հիւր դիրիժոր հանդէս է գալիս Գեւանդհաուսի նւագախմբի հետ, այդ համագործակցութեան արդիւնքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածւում ո՛չ պարտիտուր, ո՛չ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգեան երաժշտական կեանքի բարձրակէտը՝ հանդիսատեսի մէջ կենդանի թողնելով խօսուն ձեռքերի երաժշտութեան լեզուն։
Դուրեանը երկու անգամ Գեւանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակւում: Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարութեամբ նաեւ «Դոն Կառլոսն» է ներկայացւում երաժշտասէրների դատին։ Դուրեանն աշխատել է աշխարհի 110 նւագախմբերի հետ։ Նա այն եզակի արւեստագէտներից էր, ով արժանացել է աւելի քան 300 միջազգային երաժշտագէտների բացառիկ դրական կարծիքների: Առանց պարտիտուրի եւ դիրիժորական փայտիկի մայեստրօն կարողանում էր ղեկավարել նւագախումբ ու հիացնել հանդիսատեսին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէս է պէտք արձագանգել Ադրբեջանի ագրեսիային:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։