Հա

Մշակոյթ

30/01/2017 - 14:40

Անահիտ Աբադի՝ «Եւա»-ն, պատերազմից յետոյի վախերի մասին է

Մեր զրուցակիցն է դերասանուհի, բեմադրիչ Նարինէ Գրիգորեանը, ում հետ զրուցեցինք իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» հայ-իրանական համատեղ արտադրութեան ֆիլմի մասին։ Օրերս տարածւեց նաեւ ֆիլմի թիզերը, որից պարզ է դառնում, որ ֆիլմի գործողութիւնները տեղի են ունենում յետպատերազմեան Արցախում։

«ԱԼԻՔ» - Մեր զրուցակիցն է դերասանուհի, բեմադրիչ Նարինէ Գրիգորեանը, ում հետ զրուցեցինք իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» հայ-իրանական համատեղ արտադրութեան ֆիլմի մասին։ Օրերս տարածւեց նաեւ ֆիլմի թիզերը, որից պարզ է դառնում, որ ֆիլմի գործողութիւնները տեղի են ունենում յետպատերազմեան Արցախում։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել անցեալ տարի Արցախում։ Ձեզ ենք ներկայացնում «168.am»-ի հարցազրոյցը` Նարինէ Գրիգորեանի հետ:

 

- Նարինէ, օրերս համացանցում տարածւեց Իրան-Հայաստան համատեղ արտադրութեան գեղարւեստական «Եւա» ֆիլմի առաջին թիզերը, որը նկարահանւել է Արցախում։ Կը մանրամասնէ՞ք` ում էր պատկանում հայ-իրանական համատեղ ֆիլմ նկարահանելու գաղափարը։ 

- Իրականում իրանական կողմն է դիմել հայկական կողմին` համատեղ ֆիլմ նկարահանելու առաջարկով, եւ Հայաստանը միացել է նախագծին։ Ֆիլմում նկարագրւող պատմութիւնը տեղի է ունենում Ղարաբաղում։ Դերասանական կազմը հայեր են, իսկ նկարահանող կողմը, տեխնիկական անձնակազմը` ամբողջութեամբ իրանցիներ, որոնք, բնականաբար, ոչ միայն հայերէն, այլեւ Արցախի բարբառը չգիտէին։ Իրանում ֆիլմը կը ցուցադրւի պարսկերէն ենթագրերով։ Քանի որ ֆիլմը բարբառով է, նրանց շատ բառեր ծանօթ էին Ղարաբաղի խօսքից, որովհետեւ այդ բարբառում պարսկական շատ բառեր կան։ Ինձ թւում էր, թէ այդ բառերը թուրքական ծագում ունեն, սակայն ուրախացայ, որ դրանք պարսկերէն բառեր են։

Օրինակ` «խի» (ինչո՞ւ) բառը։ «Եւա» ֆիլմը հետպատերազմեան գիւղի մի պատմութիւն է, այսինքն` պատերազմի վախերի մասին է։ Թրէյլերը սկսւում է հետեւեալ խօսքերով. «Պատերազմն իր վախերը ունի, պատերազմից յետոյ` իր»։ Ֆիլմը պատերազմից յետոյի վախերի մասին է, այն մասին, թէ մարդիկ ինչպէս են փորձում վերածնւել, ինչպէս են փորձում ոտքի կանգնել…

Սկզբնապէս որոշւել էր ֆիլմն անւանել «Քարվաճառ», բայց իրանցիների համար դժւար արտաբերելի էր այդ անւանումը, յետոյ որոշւեց անւանել գլխաւոր հերոսուհու` Եւայի անունով։ Շատ գեղեցիկ ֆիլմ է ստացւել։ Իրանական ֆիլմը բարձր մակարդակի վրայ է, եւ ողջ խնդիրն այն է, որ նրանք ոչ թէ փորձել են շատ ուժեղ անիմացիոն ֆիլմ ստանալ, այլ պարզապէս մտել են մարդու հոգեբանութեան խորքը եւ փորփրում են` դրանով իսկ դառնալով իւրայատուկ։

 

- Ֆիլմի նկարահանումները ե՞րբ էին սկսւել։ Կարծէք թէ այդ մասին շատ չի բարձրաձայնւել։ 

- Նկարահանումները սկսւել էին անցեալ տարի ամռանը, բայց չհասցրեցինք Դադիվանքը նկարահանել։ Վերջնաժամկէտը սպառւեց, եւ իրանական կողմը պէտք է տեխնիկան յետ տանէր Իրան։ Բացի այդ, Արցախը համարւում է ռիսկային գօտի։ Անահիտը շատ էր ցանկանում նկարել Դադիվանքի հետ կապւած որոշ տեսարաններ, բայց երբ սկսւեց ապրիլեան պատերազմը, այդ պլանները հնարաւոր չէր իրագործել։ Յետոյ ֆիլմի նկարահանումները շարունակ յետաձգւում էին։ Ի վերջոյ, որոշ տեսարաններ նկարահանւեցին Գեղարդում։

 

- Նարինէ, որտե՞ղ կը ցուցադրւի ֆիլմը, պրեմիերան որտե՞ղ է նախատեսւած անել։ 

- Իրանական կողմը որոշել է սկսել ֆիլմի միջազգային ցուցադրութիւնից` կա՛մ կը ցուցադրւի Կաննում, կա՛մ Վենետիկում, տեսնենք, թէ որտեղ կորոշւի ցուցադրել։ Ես ֆիլմի աշխատանքային տարբերակն եմ նայել ու գուցէ շատ սուբիեկտիւ եմ, սակայն այն ինձ շատ է դուր եկել։ Շատ սիրուն ֆիլմ է։ Ինձ համար շատ հետաքրքիր էր իրանցիների հետ աշխատանքը։ Իրանցիները բարեկամ ժողովուրդ են, ու իսկապէս մենք այնքան հարազատ ենք իրար, այնքան սիրեցինք միմեանց մշակոյթը։ Իսկապէս մշակութային փոխանակութիւն է եղել` պարի, երգերի։ Իրենք մեր մասին այնքան սիրով էին խօսում։

 

- Դուք ֆիլմում մարմնաւորում էք գլխաւոր հերոսուհուն` Եւային։ Կը մանրամասնէ՞ք` ինչ կերպար է։ 

- Եւան իրականում շատ ուժեղ կին է։ Նա մասնակցել է պատերազմին` որպէս բժշկուհի, յետոյ տարիներ անց Հայաստանից փախչում է Ղարաբաղի մի խուլ գիւղ, որ իրեն չդատեն, եւ յայտնւում է մի գիւղում, ու հէնց այդ կնոջ հայեացքով բացւում է մի գիւղի պատմութիւն, գիւղացիները, նրանց վախերը, նրանց պատմութիւնները, եւ այդ բոլորը պատերազմի հետեւանքներն են, յետպատերազմեան վախերը։ Ֆիլմը շատ կամային ֆիլմ է։

 

- Ի՞նչ դերասանական կազմ է ընդգրկւած «Եւա»-ում։ Ո՞վ է կատարել դերասանների ընտրութիւնը։ 

- Անահիտ Աբադը մէկ տարի հաւաքում էր դերասանական կազմը։ Քասթինգը շատ մանրակրկիտ է արւել։ Ֆիլմում նկարահանւել են Շանթ Յովհաննիսեանը, Մարջան Աւետիսեանը, Ռոզի Աւետիսուան, Վրէժ Քասունին, Նանոր Պետրոսեանը, Սերգէյ Թովմասեանը (Նարինէ Գրիգորեանի ամուսինը), արցախցի դերասաններ եւս կային։

 

- Իսկ ինչո՞ւ որոշւեց ֆիլմում որպէս հիմնական լեզու օգտագործել Արցախի բարբառը։ 

- Նոյնիսկ, եթէ գրական հայերէնով լինէր, իրանցիների համար ենթագրեր էին օգտագործւելու։ Օրինակ, Ալբերտ Մկրտչեանը Գիւմրիի մասին ֆիլմ նկարահանելիս օգտագործում էր Գիւմրիի բարբառը, եւ դա ազնիւ է։ Եւ իրանցիները, որոնք նկարահանում էին ֆիլմը, այնքան էին սիրահարւել Ղարաբաղին, որ ապրիլեան պատերազմի ժամանակ շատ անհանգստացած զանգում ու գրում էին, ոմանք կատակով ասում էին, թէ Ղարաբաղից ենք հարս տանելու։

 

- Նարինէ, ներկայումս ի՞նչ նախագծի վրայ էք աշխատում։ 

- Ես, երկու տարի է, ինչ երազում եմ մի բեմադրութիւն անել, անում եմ վաւերագրական թատրոն։ Ինձ Գերմանիայից էին դիմել` անելու այդ ներկայացումը, որը կոչւելու էր «Պատերազմի երեխաները», եւ նոյնիսկ տեղեակ էլ չէին, որ ես պատերազմի երեխայ եմ եղել։ Պիէսը գրեց Սառա Նալբանդեանը, սակայն կազմակերպիչները յայտամրցոյթը չշահեցին, եւ նախագիծն անաւարտ մնաց, բայց մենք աշխատանքը սկսել էինք, եւ հիմա Համազգային թատրոնում պատրաստում եմ այդ ներկայացումը, որտեղ Արման Նաւասարդեանը, Վարշամ Գեւորգեանը եւ ես պատմում ենք մեր մանկութիւնը, որը համընկել է պատերազմի հետ։ 

Վարշամը Երեւանի երեխայ է, Արմանը` Շամշադինի, եւ ես` Ղարաբաղի։ Մեր պատմութիւնները խաչւում են իրար` ռմբակոծութիւններ, ցուրտ ու մութ տարիներ, սակայն, քանի որ այդ ամէնը երեխաների կողմից է պատմւում, շատ ծիծաղելի է իրականում։ Դրանք մեր պատմութիւններն են։ Այդ ներկայացումը շատ թանկ է ինձ համար, քանի որ ես պատմում եմ այն մասին, որ հայրս պատերազմի ժամանակ գերի է ընկել։ Այս ներկայացումն այնքան կարեւոր է ինձ համար։ Կարծում եմ` մարտին արդէն ներկայացումը պատրաստ կը լինի, ապրիլին, ամենայն հաւանականությամբ, կը բեմադրւի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։