Հա

Մշակոյթ

Շաբաթ, 04 Փետրւարի 2017 11:40

Ստեփանակերտում կայացել է «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտում նախօրէին տեղի է ունեցել արցախցի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը, որին յաջորդել է մամուլի ասուլիս՝ ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։ Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը՝ վկայակոչելով «Արցախպրես»-ին:

«ԱԼԻՔ» - Ստեփանակերտում նախօրէին տեղի է ունեցել արցախցի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը, որին յաջորդել է մամուլի ասուլիս՝ ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։ Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը՝ վկայակոչելով «Արցախպրես»-ին:

Անդրադառնալով ֆիլմի ստեղծման պատմութեանը, Ջիւան Աւետիսեանը նշել է, որ այն եւս մէկ փորձ է՝ ցոյց տալու Արցախեան ազատամարտի տարիների իրադարձութիւնների հետեւանքները:

«Գաղափարական առումով «Վերջին բնակիչը»-ը «Թեւանիկ»-ի շարունակութիւնը չէ: Այն պատմութիւն է մարդկային յարաբերութիւնների մասին, որը տեղի է ունենում Արցախում՝ ադրբեջանցիների կողմից հայաթափւած գիւղում: Ֆիլմը պատմում է 70-ամեայ քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջեան հակամարտութեան արդիւնքում գիւղում միայնակ է մնացել եւ որոնում է իր աղջկան, ով, ինչպէս պարզւում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թէ ինչպէս է վայրենացած ամբոխը Սումգայիթում կրակների մէջ այրում իր ամուսնուն»,- ասել է կինոռեժիսորը եւ յաւելել, որ ֆիլմի նկարահանումները կատարւել են իր ծննդավայրում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ գիւղում:

Ֆիլմի գլխաւոր դերակատար Ալեքսանդր Խաչատրեանը նշել է, որ նկարահանւելու համար նա սկզբում սովորել է Ղարաբաղի բարբառը եւ թուրքերէնը, քանի որ գլխաւոր հերոսը ղարաբացի հայ է, ով ապրում է ազերիների կողմից բռնազաւթւած գիւղում:

«Երբ մարմնաւորում էի գլխաւոր հերոսին, չէի մտածում հայրենասիրութեան մասին, մտածում էի մարդկային ու իմ՝ հայի իրաւունքների մասին, որ ես սխալ արարք չեմ անում: Ես իմ ծննդավայրն եմ պահում, ու գիտակցում էի, որ սա իմ տունն է, հողն է ու այստեղ են իմ արմատները»,- ասել է Ա. Խաչատրեանը:

Սօս Ջանիբեկեանը, ֆիլմում հանդէս գալով թուրքի դերում, նշել է, որ այդ կերպարը մարմնաւորելը հոգեբանական առումով իր համար շատ դժւար է եղել:

«Դաստիարակութեանս, մտածողութեանս եւ արեանս մէջ ատելութիւն ունենալով թուրքի հանդէպ՝ պէտք է վերամարմնաւորէի ու ստեղծէի մի կերպար, որը լինի շնչող մարդ: Դրա համար առաջին հերթին պէտք էր հասկանալ իրեն, արդարացնել ու կարողանալ հասկանալ ինչո՞ւ է նա դարձել այդպիսին: Իրականում բարի կամ չար լինելը մեր որոշումներն են, որոնք հարաբերական են, եւ, իհարկէ, մենք էլ թշնամու համար ենք չար»,- ասել է Ս. Ջանիբեկեանը:

Ֆիլմից ստացած տպաւորութիւնների մասին ԼՂՀ-ի մշակոյթի եւ երիտասարդութեան նախարար Նարինէ Աղաբալեանն ասել է, որ Ջիւան Ավետիսեանն ունի ուրոյն ռեժիսորական ձեռագիր եւ նրա ֆիլմերը առանձնանում են բարդ սիւժետային կառուցւածքով եւ կարողանում են հանդիսատեսին լարւած պահել մինչեւ ֆիլմի աւարտը:

«Ջիւան Աւետիսեանը տաղանդաւոր կինոռեժիսոր է, ով անցեալի պատմութիւնները կարողանում է շատ լաւ ներկայացնել ներկայի մէջ՝ կարեւոր ուղերձներ տալով նաեւ ապագայի համար: Խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանում նման ֆիլմի արտադրութիւնը եւ ցուցադրութիւնը հնարաւոր է, քանի որ այն մէկ անգամ եւս փաստում է մեր հանդուրժողականութեան, մարդասիրութեան եւ մարդկային շատ այլ բարձր արժէքների մասին, որոնց մենք ենք դաւանում»,- աւելացրել է Ն. Աղաբալեանը:

Նշենք, որ  Հայաստանում «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացել է «Ոսկէ ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակում յուլիսի 12-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։