Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 27 Փետրւարի 2017 11:26

Բիթլիս-Ֆրեզնօ-Երեւան եռանկիւնու խենթացած հայերն ու Սարոյեանը. «Ակօս»-ի անդրադարձն «Անունս Արամ է» գրքին

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ն անդրադարձել է ամերիկահայ գրող Վիլեամ Սարոյեանի «Անունս Արամ է» հանրայայտ պատմւածքների ժողովածուին, որն օրերս թուրքերէն թարգմանութեամբ լոյս է ընծայւել նաեւ Թուրքիայում՝ հայկական «Արաս» հրատարակչութեան կողմից:

«alikonline.ir»- Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ն անդրադարձել է ամերիկահայ գրող Վիլեամ Սարոյեանի «Անունս Արամ է» հանրայայտ պատմւածքների ժողովածուին, որն օրերս թուրքերէն թարգմանութեամբ լոյս է ընծայւել նաեւ Թուրքիայում՝ հայկական «Արաս» հրատարակչութեան կողմից: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Նշենք, որ գիրքն առաջին անգամ տպագրւել է 1940 թւականին ՝ անգլերէնով։ Պատմւածքները հայ արմատներ ունեցող տղայի՝ Արամ Գարօղլանեանի եւ իր հարազատների մասին են, որոնք բնակւում են ԱՄՆ-ի Ֆրեզնօ քաղաքում։

Սարոյեանի պատմւածքները «մարդկային հոգու բանալի» անւանելով՝ «Ակօս»-ի սիւնակագիրներից պոլսահայ մտաւորական Կարին Քարաքաշլըն այսպէս է բնութագրել «Անունս Արամ է» գիրքը.

«Կարեւոր չէ, թէ ում կամ ինչ դէպքի մասին է պատմում Սարոյեանը, նրա գրւածքներում գերակայող զգացումը հայրենիքի կարոտն է: Որպէս բիթլիսցի մի ընտանիքի զաւակ, որը ծնւել է Ֆրեզնոյում, ուր նրանք գաղթել էին՝ Բիթլիսն իր երազանքների կորուսեալ հայրենիքն էր: 1964 թւականին, երբ ի վերջոյ պատրաստ զգաց իրեն եւ այցելեց Անատոլիա, նրա երազանքների հայկական գիւղն ու Բիթլիս քաղաքի այդ ժամանակւայ իրականութիւնը խառնւեցին միմեանց: Առաջին անգամ նա տեսաւ, որ իր երազանքները չեն համապատասխանում իրականութեանը: Տարիներ անց իր «Բիթլիս» անունով պիէսում նա պատմեց, թէ ինչու չգնեց Բիթլիսի իրենց հին տունն ու չտեղափոխւեց այնտեղ ապրելու.

«Երեսնամեայ յաջողութեան արդիւնքում բաւականաչափ գումար վաստակող ամերիկահայ մի գրող գալով Բիթլիս՝ որոշում է այստեղ վերակառուցել իր ընտանիքի հին տունը: Հարուստ մի քուրդ գործարարից գնում է իր տատիկի եղբայրների տունն ու իր գրամեքենայով բնակութիւն հաստատում այդ տանը: Դուրս է գալիս արշաւների դէպի տեղի բարձունքներ, այլեւս այդտեղ է ապրում: Խենթացած մի հայ…. »:

Ի՞նչը կարող է աւելի բնական լինել, քան Սարոյեանի «Անունս Արամ է» գրքում Խոսրով քեռու դիմացն անցնելով ժամերով առանց մի բառ արտասանելու նստած արաբ ներգաղթեալի ու Բիթլիս-Ֆրեզնօ-Երեւան եռանկիւնու կենտրոնում իր պատկանելիութիւնը փնտրող անհայրենիք հերոսի փոխյարաբերութեան պատմութիւնը: Արամի մայրիկը շրջւում ու ասում է տղային. «Նրանք բնաւ չեն բացում իրենց բերանը, սակայն անընդհատ խօսում են: Հասկանում են իրար ու դրա համար բերանի կարիք չունեն: Որովհետեւ իրարից թաքցնելու բան չունեն»:

Սարոյանը հրավիրում է առերեսվել պատմությանը բոլոր նրանց, ովքեր ունեն համարձակություն՝ լինելով թարգմանիչ այնպիսի երևույթների, որոնք անհնար է թաքցնել»:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։