Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 09 Մարտի 2017 11:00

Սոպրանօ Անուշ Յովհաննիսեանն անցել է «BBC»-ի Քարդիֆի «Աշխարհի երգիչ» մրցոյթի եզրափակիչ փուլ

«BBC» Քարդիֆի «Աշխարհի երգիչ» հեղինակաւոր մրցոյթի եզրափակիչ փուլ է անցել լոնդոնաբնակ ճանաչւած սոպրանօ Անուշ Յովհաննիսեանը։

«alikonline.ir» - «BBC» Քարդիֆի «Աշխարհի երգիչ» հեղինակաւոր մրցոյթի եզրափակիչ փուլ է անցել լոնդոնաբնակ ճանաչւած սոպրանօ Անուշ Յովհաննիսեանը։ 

Անցեալ տարւայ ընթացքում պրոֆեսիոնալ ժիւրին աշխարհի 6 քաղաքներում 4 փուլով լսումների արդիւնքում ընտրել է եզրափակիչ փուլի 20 մասնակցի։ Մրցոյթին իւրաքանչիւր երկրից կարող էր մասնակցել 3 հոգի։ Հայաստանը ներկայացրել է միայն Անուշ Յովհաննիսեանը։ Գրում է «orer.eu»-ը: 

«Աշխարհի երգիչ»-ը, որ անցկացւում է երկու տարին մէկ անգամ, Վելսի տարւայ ամենամեծ մշակութային իրադարձութիւնն է։ Այս մրցոյթը համարւում է դասական երգի միջազգային ամենահեղինակաւոր ստուգատեսը՝ դասական երգարւեստի իւրատեսակ օլիմպիադա։ 

Յուլիսին կայանալիք եզրափակիչում մրցոյթն անցկացւելու է երկու ուղղութեամբ՝ կամերային երաժշտութեան եւ օպերային արիաների։ Եզրափակիչ դուրս եկած մասնակիցներն իրենք են որոշում իրենց նախընտրած  ուղղութիւնը։ Անուշ Յովհաննիսեանը հանդէս կը գայ  վերը նշւած երկու ուղղութիւններով։ Եզրափակիչը տեղի կունենայ յունիսի 11-ին եւ 16-ին՝ կամերային երաժշտութեան գծով, յունիսի 15-ին եւ 18-ին՝ օպերային երգարւեստի գծով: 

Անուշ Յովհաննիսեանը օպերային մրցոյթում հանդէս կը գայ համաշխարհային պրեմիերայով։ Նա առաջին անգամ կը կատարի 170 տարի առաջ գրւած հունգարացի մեծ կոմպոզիտոր Ֆրանց Լիստի նոր «Սարդանապալ» օպերայից յոյն ստրկուհի Միռայի դերերգը։ Օպերան ասորական Սարդանապալ թագաւորի եւ նրա յոյն ստրկուհու սիրօ պատմութեան մասին է։ Այս օպերան Լիստն անաւարտ է թողել եւ միայն վերջերս է յայտնաբերւել արխիւում։ 

«Իմ երաժշտական կարիերայում սա բացառիկ երեւոյթ եւ մեծ պատիւ է, որ նման հռչակաւոր կոմպիզոտորի ստեղծագործութեան առաջին կատարումը վստահւում է ինձ։ Այդ անաւարտ օպերայից հատւածը երգելու եմ առաջին անգամ եւ ներկայացնելու եմ Հայաստանը»,- «orer.eu»-ի հետ զրոյցում ասել է Անուշ Յովհաննիսեանը։ 

Մրցոյթի յաղթողը ստանալու է յաղթական գաւաթը, ֆինանսական պարգեւ, իհարկէ, միջազգային ճանաչում եւ առանձնայատուկ կարգավիճակ։ 

Նախկինում այս մրցոյթին հայազգի երգիչներից մասնակցել է գերմանական Էրֆուրտի օպերային թատրոնի մեներգիչ բաս Վազգէն Ղազարեանը: 

2016 հոկտեմբերի 17-ին Անուշը ճանաչւել է հեղինակաւոր «Ստելա Մարիս» մրցոյթի յաղթող՝ միաժամանակ արժանանալով 4 գլխաւոր մրցանակի, իսկ  դեկտեմբերի 4-ին Մարսելում Բելլինիի անւան բելկանտոյի մրցոյթում արժանացել է  շւէյցարական  Գշտատի Ամանորեայ փառատօնի յատուկ մրցանակին, 2018 թ. մենահամերգով հանդէս կը գայ Շւէյցարիայում։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։