Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 13:30

«Ես եկել եմ դարերից ու գնում եմ յաղթական…»

Այսօր լրանում է հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշէ Չարենցի ծննդեան 120-ամեակը։ Եղիշէ Չարենցը (Եղիշէ Սողոմոնեան)  ծնւել է 1897 թւականի մարտի 13-ին (Նոր տոմարով՝ մարտի 25-ին) Կարսում:

Այսօր լրանում է Եղիշէ Չարենցի 120-ամեակը

«Ե՜ս եմ հիմա - մի պոէտ.

եւ իմ անունը - Չարենց -

Պիտի վառւի դարերում,

պիտի լինի բա՛րձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից

ու գնում եմ յաղթական

Դէպի դարերը նորից՝

դէպի վառւող ապագան…»

 

«alikonline.ir» - Այսօր լրանում է հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշէ Չարենցի ծննդեան 120-ամեակը։ Եղիշէ Չարենցը (Եղիշէ Սողոմոնեան) ծնւել է 1897 թւականի մարտի 13-ին (Նոր տոմարով՝ մարտի 25-ին) Կարսում:

«Արևելեան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկեանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի եւ հինգ յարկանի պաշտօնական մի շէնք»,- այսպէս է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տւել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրայ։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնւածքի ձեւաւորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնեանը եւ Թեկղի Միրզոյեանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնեանների ընտանիքում մեծանում էին չորս տղայ եւ երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչեւ օրս կանգուն է։ Ապագայ բանաստեղծը հետեւողական կրթութիւն չի ստացել։ 1908-1912 թւականներին սովորել է Կարսի ռէալական ուսումնարանում եւ հեռացւել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թւականին լոյս տեսաւ նրա բանաստեղծութիւնների առաջին գիրքը, նրա վրայ արդէն բազմել էր Չարենց գրական ազգանունը։1915 թւականին նա զինւորագրւում է հայ կամաւորական գնդերից մէկում եւ հասնում մինչեւ Կարս: Գիտելիքների պակասը նա լրացրել է կեանքի համալսարաններում եւ ընթերցանութեամբ։

1915 թւականին տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտայայտութիւնը հետագայում դարձաւ բանաստեղծի «Դանթէական առասպել» պոէմը, որը 1914-1918 թւականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականութեան մէջ:

Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թւականի աշնանը նա ուսուցչութիւն է անում Կարսի մարզի Բաշքեադիկլար գիւղի դպրոցում։ Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիւը վիճակւած էր խոշորագոյն քննադատ, Հայսատնի առաջին Հանրապետութեան կրթութեան եւ արւեստների նախարար Նիկոլ Աղբալռանին, որն էլ հայ գրական ընկերութռան անդրանիկ նիստերից մէկը 1919 թւականի հոկտեմբերի 18-ին նւիրեց Չարենցի ստեղծագործութեանը։ Բանաստեղծը թէեւ ներկայ չէր երեկոյին, բայց տեղեկացաւ գրական այդ իրադարձութեան մասին։ 1920 թւականի յունւար-մայիս ամիսներին, Աղբալյանին ներկայացրած բանաստեղծին աշխատանքի է նշանակւել Աղբալեանի ղեկավարած նախարարութիւնում՝ որպէս յատուկ յանձնարարութիւնների կոմիսար։ Դրանից յետոյ 1920-1921 թւականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտօնում։ Այս բարդ ու յարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դէպի ապագան», «Բրոնզէ թեւերը կարմիր գալիքի» ռադիոպոէմները՝ գրւած 1920 թւականին։

1920 թւականի նոյեմբերին Հայաստանի խորհրդայնացումից յետոյ լուսաւորութեան ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արւեստի բաժնի վարիչի պաշտօն եւ աշխատում մինչեւ 1921 թւականի մայիսը։ 1920-ական թւականների առաջին տարիները եւս բուռն շրջան են նրա թէ՛ գրական, թէ՛ անձնական կեանքում։ Մէկը միւսի հետեւից գրում է «Էմալէ պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն», «Ամենապոէմ», «Չարենցնամէ» պոէմը, շարադրում «Երկիր Նաիրի» վէպը։ 1921 թւականի մայիսին ամուսնանում է Արփիկ Տէր-Աստւածատրեանի հետ, ում հանդէպ տածում էր անսահման սէր ու գորով եւ ում հետագայում պիտի կոչէր «հերոսական կին եւ բարեկամ»։ Արփիկի հետ էլ նա մեկնում է Մոսկւա՝ Արեւելքի աշխատաւորների համալսարանում լրացնելու կրթութեան պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղաւորւել ուսանողական նստարանին։ Կեանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թւականին Մոսկւայում նա լոյս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երեւոյթ էր այդ տարիների հայ կեանքում։ 1922 թւականի «Երեքի» դեկլարացիայից յետյո նա փաստօրէն դառնում է նորագույն շրջանի հայ գրականութեան առաջնորդը։

Աշխարհաճանաչողութիւնն ընդարձակելու նպատակով 1924 թւականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանեան շրջագայութեան։ Լինում է Տրապիզոնում, Կ․ Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թւականի յուլիսի 31-ին վերադառնալով Երեւան՝ նա ստանձնում է նոր կազմաւորւած «Նոյեմբեր» գրական կազմակերպութեան ղեկավարութիւնը։ Բռնկուն եւ ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարւած կացութեան մէջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թւականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալւում եւ յայտնւում է Երեւանի ուղղիչ տանը։ Այդ արկածից որպէս յիշատակ մնում է «Երեւանի ուղղիչ տնից» յուշակնարկը։ 1927 թւականին մահանում է Չարենցի կինը։ Նախքան կնոջ մահը Աբովեան փողոցում հոգեկան անհաւասարակշիռ կացութեան մեէջ Չարենցը ատրճանակով կրակում եւ վիրաւորում է Մարիաննա Այւազեան անունով մի գեղեցկուհու, որի հանդէպ նախապէս ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է եւ սոսկ թեթեւ քերծւածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այւազեանի քոյրն էր։ Արփիկի մահը Չարենցը ահաւոր ծանր է տարել։ Մահւան յաջորդ օրն իսկ այրել է հանգուցեալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպէսզի ուրիշի ձեռքը չընկնեն եւ դրանով իսկ չնսեմանայ սիրելիի յիշատակը։ Իսկ որպէս թանկարժէք մասունք հանել է Արփիկի գիպսէ դիմակը եւ ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահւում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը մարմնին է դաջել Արփիկի մահւան տարեթիւն ու նրա անունը։ Արփիկի մահից յետոյ մինչեւ հարազատների մօտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակւել իր սենեակում և գրել «De profundis» վերնագրով պոէմ, որ հոգեհանգստի աղօթքի տրմադրութիւններ է ունեցել։ 

1935 թւականից սկսած՝ Չարենցի դէմ ուղղւած հալածանքներն աւելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչութիւնից եւ գրողների միութիւնից։ 1936 թւականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկւում է տնային կալանքի, նոյնը վերջնականապէս պարտադրւում է նոյեմբերի 9-ին։ Յայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել եւ յաջորդ օրը պատռել է վեց տասնեակից աւելի քառեակ։ 1936 թւականից աւելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացւած կեանք է վարում։ Նա սպասումների մէջ էր։ 1936 թւականի յունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարութեան հետ Խանջեանը սկսում է բանակցութիւններ վարել, որպէսզի Չարենցին թոյլատրեն մեկնել արտասահման բուժման նպատակով։ Սակայն Խանջռանի դաւադիր սպանութիւնը ձախողում է Չարենցի մեկնումը եւ արդիւնքում 1937 թւականի նոյեմբերի 28-ի առաւօտեան, բանտի հիւանդանոցում օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակից յետոյ բոլորից լքւած ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշէ Չարենցը՝ ժամանակի մեծագոյն բանաստեղծը։ Մարտին լրացել էր նրա 40 տարին, իսկ 41-ին դեռ 4 ամիս կար։

Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երեւանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնւող ներքին գործերի նախարարութեան պանսիոնատի այգու քարքարուտների մէջ։ Նա, որ վաղուց արդէն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպէս էլ ապրել մինչեւ իր նոր հարութեանը եւ նաեւ դրանից յետոյ։ Մարգարէանալով, մի քանի ամիս առաջ՝ 1936 թւականի դեկտեմբերի 15-ին, ինքն էր գրել․

Իմ մահւան օրը կիջնի լռութիւն,

Ծանր կը նստի քաղաքի վրայ,

Ինչպէս ամպ մթին կամ հին տրտմութիւն,

Կամ լուր աղէտի՝ թերթերում գրած։

Տարիների խորքից, հայ ժողովրդին ուղղւած նրա պատգամը շարունակում է ստափեցնող կոչնակի պէս հնչել իւրաքանչիւր հայ մարդի ականջին. ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ ՔՈ ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԷՋ Է:

 

Կենսագրական տւեալները վերցւած է «Wikipedia» առցանց հանրագիտարանի հայերէն էջից: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։