Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 08:40

Գիւմրու դրամատիկական թատրոնը վերանորոգւում է

Գիւմրու Վ. Աճեմեանի անւան պետական դրամատիկական թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

«alikonline.ir» - Գիւմրու Վ. Աճեմեանի անւան պետական դրամատիկական թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: 

Վերջին անգամ թատրոնում նորոգւել էր «Լինսի» հիմնադրամի ծրագրով, եւ վերջին տարիներին վերանորոգման աշխատանքների անհրաժեշտութիւնը խիստ էր զգացւում: 

Այս մասին «Արմէնպրես»-ին ասել է թատրոնի տնօրէն Տիգրան Վիրաբեանը՝ փաստելով, որ աշխատանքներն իրականացւում են հիմնականում թատրոնի միջոցների հաշւին: 

«Յարդասենեակները թատրոնի արտիստական կազմին վայել չէին, եւ առաջինն, ինչից սկսեցինք, դրանց վերանորոգումն էր»,- նշել է Տիգրան Վիրաբեանը՝ հաւաստելով, որ աւելի քան 150 տարւայ պատմութիւն ունեցող Գիւմրու դրամատիկականի յարդասենեակները ժամանակակից տեսքի են բերւելու: Տւեալ յարդասենեակներն այսուհետեւ ծառայելու են միայն ու միայն թատրոնի արտիստական կազմին, իսկ տարբեր հիւրախաղերի ու կազմակերպութիւնների միջոցառումների համար կը լինի առանձին յարմարաւետ յարդասենեակ: 

«Մինչ այս տարբեր միջոցառումների ժամանակ օգտագործւում էին մեր արտիստների յարդասենեակները, ինչը ճիշտ չէր: Հրաւիրեալ կոլեկտիւների համար առանձին մեծ յարդասենեակ ենք պատրաստում: Պատշաճ տեսքի կը բերւի «Կարմիր անկիւնը»: Այսպիսով, մեր արտիստների համար վայել պայմաններ ենք ստեղծում»,- յաւելել է թատրոնի տնօրէնը: 

Անդրադառնալով ֆինանսական միջոցներին՝ տնօրէնը փաստել է, որ աշխատանքները հիմնականում իրականացվում են թատրոնի միջոցների հաշւին: «Ի ուրախութիւն մեզ, թատրոնը նախկինում ամսական 8-ի փոխարէն հիմա 18-19 ներկայացում է խաղում, եւ մուտք արւող գումարները, բնականաբար, հնարաւորութիւն են տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել եւ շէնքը բերել ներկայանալի տեսքի»,- աւելացրել է Վիրաբեանը: 

Թատրոնն ունի հիմնական մուտքերի արդիականացման խնդիր. անհրաժեշտ են անվտանգութեան համակարգեր, անցակէտեր՝ մուտքի քարտերով: Սա եւս առաջիկայ ծրագրերում է: «Պէտք է կարողանանք թատրոնը հետաքրքիր դարձնել ոչ միայն ներկայացումների մակարդակով, այլ նաեւ շէնքային պայմաններով: Նախատեսում ենք թատրոնի ստեղծագործական կոլեկտիւի համար ստեղծել նաեւ հանգստի ու ժամանցի մեծ անկիւն, կը լինի բաց գրադարան՝ յագեցւած ինտերնետով, հեռուստացոյցով, կը լինեն հիւրասենեակ, քննարկումների սենեակ, սննդի կէտ». նշել է Տիգրան Վիրաբեանը՝ յաւելելով, որ կարգի կը բերւի նաեւ շէնքի լուսային համակարգը: «Թատրոնում հիմա սպասարկում ենք 60-ական թւականների լուսատեխնիկական միջոցներով, որոնց լամպերն արդէն արտադրութիւնից դուրս են եկել, եւ դրանք փչանալու դէպքում ստիպւած ենք լինում փոխել ամբողջ լուսարձակը: Մենք վստահ ենք, որ ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ 2017-2018 թւականներին այդ խնդիրն էլ կը կարողանանք լուծել»,- աւելացրել է Տիգրան Վիրաբեանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։