Հա

Մշակոյթ

Շաբաթ, 01 Ապրիլի 2017 15:44

Այսօր Խորէն Աբրահամեանի ծննդեան օրն է

«Ամէն մի ժողովուրդ կը երազէր ունենալ Խորէն Աբրահամեանի նման դերասան: Ամեն մի ժողովուրդ կը հպարտանար Խորէն Աբրահամյանով»,- ասել է մեծանուն դերասան Սօս Սարգսեանը:

«alikonline.ir»- Այսօր Խորէն Աբրահամեանի ծննդեան օրն է: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Ամէն մի ժողովուրդ կը երազէր ունենալ Խորէն Աբրահամեանի նման դերասան: Ամեն մի ժողովուրդ կը հպարտանար Խորէն Աբրահամյանով»,- ասել է մեծանուն դերասան Սօս Սարգսեանը:

Խորէն Աբրահամեանի կերտած իւրաքանչիւր կերպար՝ թէ թատրոնում, թէ կինոյում, իրոք, հպարտութեան զգացում է առաջացնում, որ նա հայ դերասան է: 

Նա  ծնւել է 1930 թւականի ապրիլի 1-ին Երեւանում:

Մասնագիտական կրթութիւնն ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն աւարտել է 1951 թւականին եւ ընդունւել Գ.Սունդուկեանի անւան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիւ դերեր: 1979–1984 թթ. եղել է թատրոնի գլխաւոր ռեժիսոր, 1988–1995 թթ.՝ գեղարւեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միութեան վարչութեան նախագահ։ 1985–1988 թթ. Գիւմրիի պետական թատրոնի դերասան էր եւ գլխաւոր ռեժիսորը, 1980–1995 թթ. դասաւանդել է Երեւանի գեղարւեստաթատերական ինստիտուտում։

Աբրահամեան-կինոդերասանի յաջողութիւնը սկսւել է 1958  թւականին նկարահանւած «Առաջին սիրոյ երգը» կինոնկարում գլխաւոր հերոսի՝ Արսեն Վարունցի դերակատարումով: Հայկական մի քանի լաւագոյն կինոնկարների յաջողութիւնները պայմանաւորւած են նաեւ Աբրահամեանի դերակատարումներով՝ Գէորգ («Սարոյեան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տէրը», 1968 թ.), Պաւլէ («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմէն («Երեւանեան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մեասնիկեան («Երկունք», 1977 թ.), Տէր Աւետիս («Յուսոյ աստղ», 1978 թ.), Սիսակեան («Ապրեցէք երկար», 1979 թ.) եւ այլն։ Նա նկարահանւել է նաեւ Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կեանքի նպատակը»։

Գ.Սունդուկեանի անւան թատրոնում բեմադրել է Ն. Զարեանի «Հացաւան», Պ. Զէյթունցեանի «Անաւարտ մենախօսութիւն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաեւ եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսէնի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա.Քալանթարեանի «Թիկունք», եւ այլ ստեղծագործութիւններ։ 2000 թ. բեմադրել է Պ. Զէյթունցեանի «Խոր Վիրապ» պիէսը։ Աբրահամեանը մասնակցել է նաեւ բազմաթիւ ռադիօ եւ հեռուստաբեմադրութիւնների (Մ. Պանեոլի «Տոպազ», Ն. Զարեանի «Փորձադաշտ» եւ այլն)։ Յայտնի էր նաեւ որպէս ասմունքող։

Խորէն Աբրահամեանը մահացել է 2004 թւականի դեկտեմբերի 10-ին, թաղւած է Կոմիտասի անւան զբօսայգու պանթէոնում:

«Պարզ երկինք, ու յանկարծ կայծակի պայթիւն: Խորէնի մահւան բոթը: Պանթէոնը այսօր հարստացաւ, աղքատացաւ մեր թատերական աշխարհը: … Խորիկ ջան, լաւ չարիր: Դու միշտ ասում էիր, որ մենք փոքրաթիւ ենք որպէս ազգ, բայց ծնում ենք համաշխարհային մեծութիւններ: Իհարկէ, այսօր էլ յայտնի է դառնում, որ այդ մեծերից մէկը դու ես: Գնա՜ս բարով, մեծ դերասան, գնա՜ս բարով, մեծ արւեստագէտ, զարմանալի հայ, գնա՜ս բարով, իմ սիրելի ընկեր:

Ամէն մի մեծ դերասանի յուղարկաւորութիւն դառնում է ներկայացում: Այսօր Խորէնը մասնակցեց իր վերջին ներկայացմանը»,- ասել է Սօս Սարգսեանը:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։