Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 12:50

Երեւանի ճարտարապետութիւնը, հարմոնիան, էներգետիկան. փոխւե՞լ է արդեօք Երեւանի դիմագիծը

Ճարտարապետ Սաշուր Քալաշեանը գտնում է, որ Երեւանի դիմագիծը, առանձնայատկութիւնները, կոլորիտը վերջին տարիներին չեն պահպանւել:

«alikonline.ir» - Ճարտարապետ Սաշուր Քալաշեանը գտնում է, որ Երեւանի դիմագիծը, առանձնայատկութիւնները, կոլորիտը վերջին տարիներին չեն պահպանւել: 

«Բիզնեսը ներխուժել է քաղաք եւ արհամարհել ամբողջ կարգ ու կանոնը, ինչի հետեւանքով քաղաքի դիմագծի խեղում կայ», «Tert.am»-ի հետ զրոյցում ասել է նա: 

Ըստ նրա` խնդիրը աւագանու աշխատանքի մէջ չէ, քանի որ այն քաղաքաշինական, ճարտարապետական խնդիրներ լուծող կազմակերպութիւն չէ, այլ բիւջէն ռացիոնալ տեղաբաշխող կազմակերպութիւն է, եւ խնդիրը գլխաւոր ճարտարապետի, վարչական մարմիններինն է: 

«Այստեղ ճարտարապետութեան խնդիր չէ, այլ պետական քաղաքականութեան, ըստ որի` մշակոյթը յետին պլան է մղւել, եւ առաջնահերթութիւնը տրւել է գումարին: Ճարտարապետութիւնը միջավայրի ընդհանրութիւնն է, իսկ մեզ մօտ դայ խախտւել է, միջավայրի հարմոնիան վերացել է: Շէնքերից ամէն մէկն իր ներքին կենսագրութիւնը ունի, ամէն մէկն իր խնդիրն ունի եւ թքած ունի հարեւան շէնքի վրայ»,-ասել է նա եւ նշել, որ ամենակարեւորը օրէնքը խախտողին պատժելն է: 

Ճարտարապետը նշել է, որ նորամուծութիւն ամէն երկրում էլ կայ, սակայն այն պէտք է ենթարկւի ճարտարապետական օրէնքներին, համահունչ լինի կողքի շէնքին, ինչպէս արւում է շատ քաղաքակիրթ երկրներում: 

«Եթէ օրէնքի գերակայութիւն չկայ, կայ մենակ քմահաճոյք, որին ենթարկւում է օրէնսդրական դաշտը, ապա նշանակում է, որ պետական մտածելակերպ գոյութիւն չունի: Օրէնքները կան, սակայն չեն կիրառւում. այնտեղ, որտեղ օրէնքը խանգարում է բիզնեսին, օրէնքը լուրջ փոփոխութիւնների են ենթարկում»,- ասել է նա: 

Սաշուր Քալաշեանը նշել է, որ ոչ մի տրամաբանութիւն չկար «Երիտասարդական պալատ»-ը քանդելու մէջ, իսկ ներկայումս էլ վտանգի տակ է համարում «Զւարթնոց» օդանաւակայանը, «Ռոսիա» կինոթատրոնը: 

ՀՀ վաստակաւոր արտիստ, երգիչ, դերասան Արամօն նշել է, որ քաղաքում կան նորամուծութիւններ, որոնք իսկապէս իրեն դուր են գալիս եւ կարեւոր համարեց, որ քաղաքը մաքուր է: 

«Կան շէնքեր, որոնք ինձ չեն գոհացնում, կան շէնքեր, որոնք գոհացնում են եւ քաղաքի ճարտարապետութեան հետ շատ գեղեցիկ են, քաղաքի մէջ ապրում են: Ես կը ցանկանամ, որ մեզ ժառանգւած շէնքերը պետութեան կողմից պահպանւեն եւ կարծում եմ, որ Թամանեանի ճարտարապետական լուծումները ֆանտաստիկ են»,- ասել է նա եւ նշել, որ պատմամշակութային շէնքերն անհրաժեշտութեան դէպքում պէտք է ամրացնել, վերանորոգել, սակայն պարտադիր է համարում ֆասադը պահպանել: 

Արամօն նշել է, որ Երեւանը իր ամենասիրելի քաղաքն է: 

«Շատ կարեւորում եմ Երեւանի մթնոլորտը, էներգետիկ դաշտը, այն շատ բարի է, շատ գեղեցիկ է: Դու այստեղ ապրում ես, շնչում ես, վայելում ես, տխրում ես, ուրախանում ես, բարի աուրայ կայ, սէր ուրախութիւն, ինչո՞ւ չէ՝ նաեւ տխրութիւն կայ, սակայն դրական էներգետիկայ է տալիս քաղաքը»,- ասել է նա եւ նշեց, որ քաղաքի համ ու հոտը պահպանում են մարդիկ: 

Երգիչն ասաել է, որ իրեն դուր է գալիս նոր Երեւանը, նոր սերունդը, որը շատ լաւն է, պայծառ է եւ ներկայիս երիտասարդների համար Երեւանը մի քիչ ուրիշ է, իսկ իր համար այն այլ է եղել: Նա թւարկեց իր սիրած փողոցները եւ նշեց, որ թէեւ սիրած վայրեր շատ կան, բայց մի քանի տեղ կայ, որտեղ սիրում է սուրճ խմել: 

«Ես առաջին հերթին կը ցանկանայի, որ մեր բոլոր շէնքերի տանիքիները լինեն միանման, պաստառները լինէին ապակու մէջ, լուսաւորւած, ցիւիլ, կանաչապատումը շատ լիներ»,- ասել է նա: Արամօն յայտնել է նաեւ, որ իրեն աւագանու մի քանի կուսակցութիւնների ցուցակում ընդգրկւելու առաջարկ եղել է, սակայն նշել է, որ ինքը արւեստի մարդ է, եւ պահը դեռ չի եկել, երբ գայ ժամանակը, կընդգրկւի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։