Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 10:20

Յասմիկ Պապեան. «Չեմ կարծում՝ ինձ նշանակողները կուզենային, որ ես այդտեղ լինէի»

«Մեզ համար մշակոյթը շատ կարեւոր է, քանի որ մեր երկիրն այլ բան չունի արտահանելու, կարող ենք մշակոյթով ներկայանալ աշխարհին, դրսից մարդկանց ներգրաւել, այսինք խանդավառել, որպէսզի գան ու տեսնեն մեր երկիրը»,- ասաց երգչուհին:

«alikonline.ir» - «Ամբողջ աշխարհում է մշակոյթն անկում ապրում, որովհետեւ եթէ կայ տնտեսական ճգնաժամ, դա առաջին հերթին հարւածում է մշակոյթին»: Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ այս մասին, «Ազատութիւն» ռադիոկայանի եթերում ասաց օպերային յայտնի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Յասմիկ Պապեանը:

Նա նշեց, որ, օրինակ, Գերմանիայի, Աւստրիայի մշակոյթն այնպիսի հիմքեր ունի, որոնք հնարաւոր չեն խարխլել, թէեւ այնտեղ կրճատւում են նւագախմբերը, ներկայացումների քանակը:

«Մեզ համար մշակոյթը շատ կարեւոր է, քանի որ մեր երկիրն այլ բան չունի արտահանելու, կարող ենք մշակոյթով ներկայանալ աշխարհին, դրսից մարդկանց ներգրաւել, այսինք խանդավառել, որպէսզի գան ու տեսնեն մեր երկիրը»,- ասաց երգչուհին:

Պատասխանելով հարցին, թէ լուրեր էին շրջանառւում, որ ժամանակին դէմ չի եղել ղեկավարելու Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Յ. Պապեանն ասաց. «Թատրոնի գեղարւեստական ղեկավար Գեղամ Գրիգորեանի կեանքից հեռանալուց յետոյ ինձ դիմեցին օպերային թատրոնի մեներգիչները, ասացին, որ կը ցանկանան, որ ես լինեմ այդ պաշտօնում: Իհարկէ, ասացի, որ եթէ ցանկութիւն լինի, կարող եմ գալ՝ միայն օգնելու համար: Մեր թատրոնի ամենամեծ թերացումը խաղացանկի բացակայութիւնն է եւ թատրոնը մեր հայրենիքին ծառայեցնելու, երեխաներին, մատաղ սերնդին դաստիարակելու գերխնդիրն ունի: Այս պահին այլ մեծ խնդիր, իմ կարծիքով, չունի: Յետոյ պարզւեց, որ արդէն արել էին նշանակումը:

Մեզ մօտ միտում կայ, որ իրենք մի տեսակ վախենում են մրցակցութիւնից, մարդկանցից, ովքեր կարող են բաներ փոխել, շարժել: Կոնկրետ իմ դէպքում, ես չեմ կարծում, որ իրենք՝ այսինքն ինձ նշանակողները, ովքեր որ պէտք է նշանակէին, կուզենային, որ ես այդտեղ լինէի, որովհետեւ ես ունեմ սկզբունքներ, պահանջներ, միգուցէ վախեցան, մտածեցին՝ աւելի լաւ է հեռու մնալ»:

Ինչ վերաբերում է օպերային թատրոնում ենթակառուցւածքների, մասնաւորապէս ռեստորանի, կառուցմանը, ՀՀ վաստակաւոր արտիստը նշեց. «Կարդացել եմ նախաձեռնութեան մասին: Առաջ է քաշւում այն դրոյթը, որ մեծագոյն թատրոններն ունեն ռեստորաններ: Վիեննայի օպերային թատրոնը չունի ռեստորան: Կան փոքրիկ կանգնելու տեղեր, որտեղ խմում են բարձրակարգ շամպայն: Ճաշացանկ չկայ: Դա շատ քաղաքակիրթ է, գեղեցիկ, ներդաշնակ օպերային թատրոնին: Մետրոպոլիտեն օպերայում կայ ռեստորան, գալիս են հիմնականում տարիքով մարդիկ, կամ ներկայացումից առաջ են ճաշում, կամ յետոյ: Ընդունւած կարգ է:

Սակայն այստեղ սկսել են հակառակ կողմից: Եթէ մեր օպերային թատրոնը հասնի Ցիւրիխի օպերային թատրոնի մակարդակին, որտեղ տարւայ մէջ 15 պրեմիերա է լինում, եթէ հասնենք այն որակին, որ օպերայի տոմսերը հնարաւոր չլինի գտնել, հանդիսատեսն ուղղակի ներխուժի դահլիճ, իհարկէ, այդ ժամանակ կարող ենք մտածել, որ հանդիսատեսն իրաւունք ունի վայելելու բարձրակարգ շամպայն: Շատ կասկածում եմ, որ մեր երկրում շամպայն խմողները օպերա կը գան:

Այն ունկնդիրը, ով պէտք է գայ օպերա, սիրում է օպերա, սպասում է, ստիպւած է քերել իր չնչին աշխատավարձից, որպէսզի կարողանայ տոմս գնել: Վստահ եմ, որ նա չի խմելու այդ շամպայնը:

Գաղափարը լաւ է, բայց կը խնդրէի մեր մշակոյթի նախարարին, որ եթէ ինքը կը կարողանայ օպերայի մօտակայ, շրջակայ սրճարանները, մի քանիսը շատ տգեղ են, վերացնել, ծառեր տնկել, շատրւաններ կառուցել, մանկական խաղահրապարակը վերացնել, այդ ժամանակ՝ ինչու ոչ: Բայց այսօր, կարծում եմ, այդտեղ ռեստորան կառուցելն այդքան հրատապ չէ: Չնայած ասում է, որ ճաշացանկը մեր իմացածը չի լինելու, բայց, ինչպէս միւս դէպքերում, խիստ կասկածում եմ, որ ճաշացանկը կը փոխւի»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։