Հա

Մշակոյթ

30/04/2017 - 12:00

Հնդիկ զբօսաշրջիկը հեռախօսում պահում է Մհեր Մկրտչեանի նկարը

«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Գիւմրիում գործող «Մհեր Մկրտչեան» թանգարանում բացւելու է «Տխուր տիկնիկների երթ» խորագրով ցուցահանդէս: «panorama.am»-ի հետ զրոյցում թանգարանի տնօրէն Շողիկ Մելքոնեանն ասաց, որ տիկնիկներն իրենց համար խորհրդանշական նշանակութիւն ունեն, քանի որ կապւած են Մհեր Մկրտչեանի տիկնիկի հետ:

«alikonline.ir» - «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Գիւմրիում գործող «Մհեր Մկրտչեան» թանգարանում բացւելու է «Տխուր տիկնիկների երթ» խորագրով ցուցահանդէս: «panorama.am»-ի հետ զրոյցում թանգարանի տնօրէն Շողիկ Մելքոնեանն ասաց, որ տիկնիկներն իրենց համար խորհրդանշական նշանակութիւն ունեն, քանի որ կապւած են Մհեր Մկրտչեանի տիկնիկի հետ:

«Մհեր Մկրտչեանն ունեցել է մի փոքրիկ տիկնիկ-խամաճիկ, երկրորդ ես-ն է համարել, միշտ զրուցել է տիկնիկի հետ, բացասականը տւել, դրականը ստանալով՝ շարունակել ապրել, արարել: Տիկնիկը մեզ է նւիրել դերասանի թոռնուհին՝ Իռեն Տէրտէրեանը: Նւիրելու ժամանակ խորը յուզմունք ապրեց, ասաց, որ տիկնիկը պապիկի հոգու ընկերն է եղել, երանի խօսել իմանար, շատ բան կը պատմեր պապիկի մասին»,- ասաց թանգարանի տնօրէնը:

Ցուցադրւելու են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գիւմրու մասնաճիւղի յենակէտային վարժարանի ուսանողների կողմից պատրաստւած տիկնիկները:

Նա նաեւ նշեց, որ անցած տարի թանգարանը 3000-ից աւելի այցելու է ունեցել ինչպէս Հայաստանի տարբեր շրջաններից, նաեւ սփիւռքահայեր, օտարազգիներ:

«Օտարազգի զբօսաշրջիկները, երբ տեսնում են թանգարան է, մտնում են՝ շատ դէպքերում ծանօթ չլինելով Մհեր Մկրտչեանի գործունէութեանը, բայց ծանօթացած դուրս են գալիս: Լինում են օտարազգիներ, ովքեր տեղեակ են լինում: Մի անգամ դրսում կանգնած էինք, հիւրերի էինք սպասում: Հնդիկ զոյգ էր անցում թանգարանի մուտքի մոտով: Դուռը որ բացւեց, նրանք տեսան Մհեր Մկրտչեանի դիմանկարը: Հնդիկը չէր կարողանում հասկացներ այն, ինչ ցանկանում էր մեզ ասել, միացրեց հեռախօսը ու ցոյց տւեց մի նկար՝ «Ալի Բաբան եւ 40 աւազակները» ֆիլմից մի կադրի լուսանկար՝ Մհեր Մկրտչեանի պատկերով: Ուզում էր ասել, որ շատ է սիրում այս դերասանին, պահում է նկարը հեռախօսում: Մտաւ ներս՝ ինչպիսի խանդավառութիւն, նւիրում»,-նշեց Շ. Մելքոնեանը:

Թանգարանը բացւել է 2006 թւականին 19-րդ դարի վերջին կառուցւած պատմաճարտարապետական արժէք ներկայացնող շէնքում։ 2007 թւականին դերասանին թոռնուհին՝ Իռեն Տէրտէրեանը, ով ապրում է Արգենտինայում, եկել է Հայաստան եւ թանգարանին նւիրել իր մօտ պահւող բոլոր իրերը՝ կապւած Մհեր Մկրտչեանի հետ: Այսօր թանգարանում 700-ից աւելի ցուցանուշ կայ:

Թանգարանի տնօրէնն ասաց, որ հաւաքածուն համալրւում է նւիրատւութիւնների միջոցով. «Գիւմրիից, Հայաստանի տարբեր շրջաններից բերում են երկար տարիներ պահած նւիրական մասունքներ, նոյնիսկ տարբեր երկրում բնակւող հայերն են բերում իրենց մօտ եղած իրերը, որոնք կապ են ունեցել դերասանի հետ: Վերջերս արգենտինահայ մի երիտասարդ թանգարանին նւիրեց Մհեր Մկրտչեանի ինքնաեռը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։