Հա

Մշակոյթ

Կիրակի, 18 Յունիսի 2017 10:10

Երեւանում կանցկացւի «Արմենիա» միջազգային առաջին մրցոյթ-փառատօնը

Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի (ՀՊԵՆ) եւ Մշակոյթի աջակցութեան եւրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնութեամբ Երեւանում յուլիսի 4-12-ը կանցկացւի «Արմենիա» միջազգային առաջին մրցոյթ-փառատօնը:

«alikonline.ir» - Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի (ՀՊԵՆ) եւ Մշակոյթի աջակցութեան եւրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնութեամբ Երեւանում յուլիսի 4-12-ը կանցկացւի «Արմենիա» միջազգային առաջին մրցոյթ-փառատօնը: Տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

ՀՊԵՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ մրցոյթին մասնակցելու հնարաւորութիւն կստանան մինչեւ 34 տարեկան դաշնակահարներ: Առաջին անգամ Հայաստանում անցկացւող մրցոյթի մրցանակային ֆոնդը 20 հազար եւրօ է (առաջին մրցանակ՝ 10 հազար եւրօ, երկրորդ մրցանակ՝ 5 հազար եւրօ, երրորդ մրցանակ՝ 3 հազար եւրօ եւ յատուկ մրցանակ՝ 2 հազար եւրօ):

Մրցոյթի ժիւրիի կազմում ընդգրկւած են յայտնի 5 երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր երկրներից: Հայաստանն այս հեղինակաւոր ստուգատեսին կը ներկայացնի յայտնի դաշնակահար, պրոֆեսոր Արմէն Բաբախանեանը:

Մրցոյթը բաղկացած է երկու փուլերից: Լաւագոյն 5 դաշնակահարները բացառիկ հնարաւորութիւն կը ստանան 2018 թւականին մասնակցելու Մալթայում անցկացւող դաշնակահարների միջազգային մրցոյթին՝ «Malta International Music Festival 2018»-ի շրջանակում:

Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին փառատօնի ընթացքում համերգներով հանդէս կը գան Հայաստանի պետական երիտասարդական նւագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նւագախումբը եւ Հայաստանի պետական կամերային նւագախումբը: Մրցոյթ-փառատօնի գեղարւեստական ղեկավար Սերգէյ Սմբատեանի փոխանցմամբ՝ սա այն եզակի դէպքերից է, երբ դասական երաժշտութիւնը համախմբում է Հայաստանում գործող լաւագոյն կոլեկտիւներին եւ աշխարհահռչակ մենակատարների:

Փառատօնային 9 համերգների ընթացքում ելոյթ կունենան հանրայայտ թաւջութակահար Նարեկ Հախնազարեանը, դաշնակահարներ Նարէ Արղամանեանն ու Ֆեոդոր Ռուդինը, ջութակահար Ռոման Կիմը եւ այլք:

Փառատօնի գալա համերգին՝ յուլիսի 12-ին, հանդէս կը գայ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, որի մասնակցութիւնն այս նախագծին ինքնին մեծ յաջողութիւն է:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։