Հա

Մշակոյթ

28/06/2017 - 18:30

«IDeA»-ն աջակցում է Շուշիի իրանական ծագմամբ Վերին մզկիթի վերականգնմանը

«Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի, Արցախի Հանրապետութեան կառավարութեան եւ «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» հիմնադրամի համագործակցութեան շրջանակներում Շուշիում ընթանում է իրանական ծագմամաբ Գոհար Աղա (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման ծրագիրը

«alikonline.ir» - «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի, Արցախի Հանրապետութեան կառավարութեան եւ «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» հիմնադրամի համագործակցութեան շրջանակներում Շուշիում ընթանում է իրանական ծագմամաբ Գոհար Աղա (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման ծրագիրը։ Տեղեկացնում է «mediamax.am»-ը:

Ծրագիրը մեկնարկել է 2015 թւականին, երբ «IDeA» հիմնադրամի դոնոր, գործարար Կայրատ Բորանբաեւը Հայաստան եւ Արցախ կատարած այցի ժամանակ ցանկութիւն է յայտնել իր աջակցութիւնն ու ներդրումն ունենալ մզկիթի վերականգնման գործում եւ այդ նպատակով խոշոր հանգանակութիւն է կատարել։

Մզկիթի վերականգման ծրագրում «IDeA» հիմնադրամը հանդէս է գալիս որպէս հարթակ Արցախի Հանրապետութեան կառավարութեան, «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» հիմնադրամի (Revival of Oriental Historical Heritage Foundation) եւ դոնորի միջեւ։

Ծրագրով նախատեսւում է հիմնովին վերականգնել մզկիթը՝ ապահովելով դրա  նախնական տեսքը, բարեկարգել յարակից տարածքը եւ իրականացնել մզկիթի հարեւանութեամբ գտնւող մեդրեսէի շէնքի կապիտալ ամրակայման աշխատանքները՝ կառոյցի հետագայ փլուզումը կանխելու համար։ Ծրագիրը հնարաւորութիւն կը տայ պահպանել պատմամշակութային յուշարձանը եւ այն ապագայում օգտագործել որպէս մշակութային-զբօսաշրջային կենտրոն։ Արդէն իրականացւել են մզկիթի տարածքի երկրաբանական եւ գէոդեզիական ուսումնասիրութիւնները, կատարւել են հնագիտական պեղումներ, աւարտւել են նախագծային եւ նախահաշւային աշխատանքները։ Ներկայում այնտեղ ընթանում են բուն շինարարական աշխատանքները։

«Շուշին Արցախի յուրօրինակ վայրերից մէկն է, իսկ Վերին մզկիթը՝ Շուշիի հին քաղաքի հարուստ պատմութեան եւ մշակույթի անքակտելի մասը։ Ուրախ ենք, որ մեր դոնորներից մէկը ցանկութիւն յայտնեց գումար նւիրաբերել այդ յուշարձանի վերականգնման համար։ Ծրագիրը թոյլ կը տայ ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի եւ Շուշիի պատմամշակութային ժառանգութիւնը, այլեւ նոր կենտրոն ստեղծել Արցախի զբօսաշրջային քարտէզի վրայ»,- ասել է  «IDeA» հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի ղեկավար Սուրէն Ամիրբէկեանը։

Քանի որ մզկիթն իրանական պատմամշակութային յուշարձան է, վերականգնման ծրագրի նախագծային աշխատանքներում ներգրաււել են իրանական «Part Saman Jahan» ճարտարապետական ընկերութիւնը եւ իրանցի մասնագէտներ։ Ծրագրի գործընկերն է «Յուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի» Հայաստանի ազգային կոմիտէն՝ «ICOMOS» Հայաստանը, որը փորձաքննութեան է ենթարկել նախագծային աշխատանքների  համապատասխանութիւնը միջազգային չափանիշներին։

Մզկիթի վերականգնման աշխատանքները նախատեսւում է աւարտել 2018 թւականի աշնանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։