Հա

Մշակոյթ

06/07/2017 - 11:10

Շուշիում ընթանում է քանդակագործութեան 5-րդ միջազգային սիմպոզիումը

Արցախի Հանրապետութեան մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան եւ «Ապագայ սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնութեամբ յուլիսի 1-ից Շուշիում մեկնարկել է «Յակոբ Գիւրջեան» քանդակագործութեան 5-րդ միջազգային սիմպոզիումը:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան եւ «Ապագայ սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնութեամբ յուլիսի 1-ից Շուշիում մեկնարկել է «Յակոբ Գիւրջեան» քանդակագործութեան 5-րդ միջազգային սիմպոզիումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Շուշիի կերպարւեստի պետական թանգարանի տնօրէն Լուսինէ Գասպարեանն ասել է, որ «Յակոբ Գիւրջեան» քանդակագործութեան 5-րդ միջազգային սիմպոզիումին Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից, Հայաստանից եւ Արցախից մասնակցում է 10 քանդակագործ:

«Մասնակիցները Ասկերանի շրջանի Սզնէք գիւղից բերւած մարմարացւած կրաքարերի վրայ տարբեր քանդակներ են կերտում. աւարտելուց յետոյ դրանք տեղադրւելու են Շուշիի կերպարւեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ում»,- նշել է Լ. Գասպարեանը:

Լ. Գասպարեանի խօսքով՝ մասնակիցները շատ դժւարութեամբ են կտրւում իրենց աշխատանքից: Ունենք մասնակիցներ, ովքեր երկրորդ անգամ են մասնակցում սիմպոզիումին:

«Այս սիմպոզիումի առանձնայատկութիւնն այն է, որ, մէկ անգամ այցելելով Արցախ եւ մասնակցելով միջոցառմանը յաջորդ տարիներին իրենք, անպայման, մասնակցութեան յայտեր են ներկայացնում. դրանք, միանշանակ, շատ կարեւոր են: Անցկացւած 4 սիմպոզիումների ժամանակ քանդակագործներ ենք ունեցել Բելգիայից, Բելոռուսիայից, Խորւաթիայից, Շւէյցարիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից, Լեհաստանից եւ շատ այլ երկրներից: Միայն Իտալիայից մասնակցել է 19 աշխարհահռչակ պրոֆեսոր քանդակագործ»,- յաւելել է Լ. Գասպարեանը: 

Սերբիացի քանդակագործը մեզ հետ զրոյցում ասել է, որ ինքն առաջին անգամ է Արցախում:

«Շատ գեղեցիկ երկիր է Արցախը, այստեղի մարդիկ շատ բարի են, հիւրասէր: Ես զարմացած եմ, որ այսպիսի փոքր քաղաքը, ինչպիսին Շուշին է, ունի այսպիսի մշակութային կենտրոններ. դրանք բաւականին լաւ հարթակ են՝ աշխարհի տարբեր երկրների մշակութային գործիչներին համախմբելու եւ միաւորելու համար: Պատմութեան գիրք եմ քանդակում. Այն կներկայացնի գիտութեան եւ մշակոյթի շերտերը, ասեմ որ ստեղծագործելիս ներշնչանք եմ ստացել հայկական մշակոյթից»: 

Եգիպտացի քանդակագործն էլ, խօսելով իր տպաւորութիւնների մասին, նշել է, որ ինքը շատ ուրախ է նման գեղեցիկ միջոցառմանը մասնակցելու համար եւ բաւականին տպաւորւած է Արցախով եւ արցախցիներով:

«Դուք հպարտ պիտի լինեք, որ ունեք այսպիսի հիանալի երկիր: Ես որոշելու եմ պատրաստել իւրայատուկ մի քանդակ-ճեպանկար եւ այն սիրով նւիրելու եմ ձեզ՝ ձեր հրաշք երկրին: Ես եղել եմ նաեւ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: Այստեղ մարդիկ խաղաղ են, ուրախ: Ես ինձ այստեղ անվտանգ եմ զգում»,- անկեղծացել է եգիպտացի քանդակագործը: 

Իսկ հնդիկ քանդակագործն էլ ասել է, որ ինքն առաջին անգամ Արցախ է եկել 2014 թւականին:

«Այստեղ բարի եւ կամեցող մարդիկ են ապրում. Արցախում ոգի կայ: Ես Արցախում արդէն ձեռք եմ բերել ընկերներ: Զարմանալին այն է, որ ես արցախցիների եւ հնդիկների միջեւ նմանութիւններ եմ նկատում. նոյնիսկ բառեր կան, որոնք իրար շատ նման են: Ես շատ եմ հաւանել ձեր ճաշատեսակները. դրանք բազմազան են ու համեղ:

Իսկ մեզ հանդիպած միւս հնդիկ քանդակագործը, ով առաջին անգամ է Արցախում, իր տպաւորութիւնների մասին այսպէս է ասել. «Հիասքանչ բնութիւն ունեք: Ես զբօսնել եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. Տպաւորութիւնս այնպիսին է, թէ ես Եւրոպայում եմ: Արցախի մասին լսածս տեսածիս հետ չի համապատասխանում:

Իրականում այստեղ մարդիկ ապրում են, ստեղծագործում, արարում. ամենուր կյանքը հորդում է:

Սա մի երկիր է, որտեղ զբօսաշրջիկները կարող են ապահով ու անվտանգ զգալ եւ լիարժէք հանգստանալ»:

Սիմպոզիումի մասնակիցներին չի հետաքրքրում, որ իրենք կարող են յայտնւել Ադրբեջանի «Սեւ ցուցակում»: Նրանք այն կարծիքին են, որ մշակոյթը կարող է օգնել տարբեր ազգերի մերձեցմանը:

 

Տեղեկացնենք նաեւ, որ յուլիսի 20-ին տեղի է ունենալու «Հակոբ Գիւրջեան» քանդակագործութեան 5-րդ միջազգային սիմպոզիումի փակման արարողութիւնը:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։