Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 06 Յուլիսի 2017 12:50

Անկիւն ուր միտքը կարող է ազատ թռչել

Կարող ենք վստահ ասել, որ արւեստով հետաքրքրւող մարդիկ գիտեն «Միրզոյեան» գրադարանի մասին։ Մեզ այցելում են ինչպէս սփիւռքահայերը, այնպէս էլ՝ զբօսաշրջիկները:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Երեւանի Մհեր Մկրտչեան փողոցի 8/1 շէնքում գտնւում է մի հաստատութիւն որում տիրում է հրաշալի ջերմ մթնոլորտ: Այն, առաջին հերթին, իւրաքանչիւրին գրաւում է իր առանձնայատուկ շէնքով եւ անզուգական մթնոլորտով: Հէնց մուտքից այցելուին պատում է ազատութեան եւ թռիչքի թուլացնող տրամադրութիւնը, որը համեմւած է նոստալգիկ հաճելի զգացողութեամբ, իսկ դա մեծապէս պայմանաւորւած է հարուստ է լուսանկարչական թեքումով գրադարանի, հետաքրքիր պատկերասրահի եւ գողտրիկ սրճարանի առկայութեամբ: Մհեր Մկրտչեան փողոցի 8/1 հասցէում զարգանում եւ թափ է հաւաքում այցելուի մտքի ազատութիւնը: Խօսքը «Միրզոյեան» լուսանկարչական գրադարանի մասին է: Լուսանկարչական գրադարան, որն իր տեսակով անզուգական է Հայաստանում: Այն աշխատում է 2014 թւականից եւ տեղացի ու օտարերկրեայ այցելուների մեծ հոսքեր է ընդունում:

Հայաստանում լուսանկարչական արւեստի զարգացման գործում աւանդ ունեցող գրադարանի մանրամասնութիւնները փորձեցինք պարզել «Միրզոյեան» գրադարանի միջոցառումների ղեկավար՝  Լիլիթ Միդոյեանից:

Լիլիթը մեր այն հարցին թէ որն է եղել «Միրզոյեան» գրադարանի հիմնադրման նպատակը պատասխանեց. «Միրզոյեան» գրադարանը ստեղծւել է 2014 թւականին լուսանկարիչ Կարէն Միրզոյեանի նախաձեռնութեամբ։ Տեսլականը եղել է ստեղծել այնպիսի տարածք, որը, նախ եւ առաջ, կը լինի կրթական հաստատութիւն լուսանկարչութեամբ հետաքրքրւող անձանց համար։ Ի սկզբանէ գրադարանը բացւել է ունենալով մօտ 100 գիրք, ներկայումս՝ ունենք մօտ 600 գիրք (ֆոտոգիրք, լուսանկարիչների կենսագրութիւններ, տեխնիկական ձեռնարկներ լուսանկարչութեան համար, թերթեր, ալբոմներ)։ Դրանց մի մասը նւիրատւութիւններ են, միւս մասը՝ գնում ենք մենք սրճարանի միջոցով վաստակած գումարի հաշւին։ Ներկայումս «Միրզոյեան»-ը բաղկացած է ցուցասրահից, գրադարանից եւ սրճարանից։ Սա իր տեսակով սոցիալական ձեռներեցութիւն է, քանի որ մեր բիզնես մոդելը միտւած է սրճարանի միջոցով աշխատած գումարը ներդնել նոր ցուցահանդէսներ կազմակերպելու, մեդիայի ոլորտում ծրագրեր իրականացնելու եւ գրքեր գնելու համար, այդպիսով՝ մենք անմասն չենք մնում սոցիալական բարիք իրականացնելուց՝ ստեղծելով կրթահամալիր, նպաստելով արւեստի զարգացմանը եւ բարձրացնելով այնպիսի հարցեր՝ ինչպիսիք են մարդու իրաւունքները, կանանց հանդէպ բռնութիւնը, գրաքննութիւնը, բանակը, սոցիալական վիճակը եւ այլն։

Իսկ թէ որն է «Միրզոյեան»-ի կարեւորութիւնը մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ առաջին կէտում դա պատասխանեցի։ Միայն կարող եմ աւելացնել, որ մենք փորձում ենք ամիսը մէկ անգամ կազմակերպել երեկոյթներ՝ ներգրաւելու համար երիտասրդներին՝ նւագելով ֆանկ, ջազ, հիփ-հոփ, ունենում ենք համերգներ - Արտեոմ Մանուկեան, Միքայէլ Ոսկանեան եւ այլն։ Տարածքը նաեւ տրամադրում ենք վարձակալութեամբ տարատեսակ միջոցառումների համար (գրքի շնորհանդէս, դասընթաց, կինոյի դիտումներ եւ այլն)։
Լուսանկարչութեանը վերաբերող միջոցառումները կազմակերպում ենք անվճար։

«Միրզոյեան»-ը ինչքան գիտեմ իր տեսակով առաջինն է Հայաստանում: Իսկ որքա՞ն է հետաքրքրւած ժողովուրդը «Միրզոյեան»-ով եւ արդեօք ունէ՞ք սփիւռքահայ այցելուներ: «Միրզոյեան» գրադարանի միջոցառումների ղեկավարն պատասխանեց. «Կարող ենք վստահ ասել, որ արւեստով հետաքրքրւող մարդիկ գիտեն «Միրզոյեան» գրադարանի մասին։ Մեզ այցելում են ինչպէս սփիւռքահայերը, այնպէս էլ՝ զբօսաշրջիկները»։

«Միրզոյեան» լուսանկարչական գրադարանն աշխատում է երեքշաբթի օրւանից կիրակի օրը ժամը 12:00-ից մինչեւ 20:00-ը: Սրճարանը ամէն օր 12:00-00:00-ը:

Երեւան-Թեհրան,
յուլիս 2017 թ.

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։