Հա

Մշակոյթ

08/07/2017 - 12:30

Արցախի Խաչմաչ գիւղում տեղի է ունենալու հեղինակային ֆիլմերի ցուցադրութիւն

Ասկերանի շրջանի իմ հարազատ Խաչմաչ գիւղում յուլիսի 14-16-ը կազմակերպելու ենք հեղինակային ֆիլմերի ցուցադրութիւն, եւ ես այն սկսելու եմ իմ 3 ֆիլմերով: Այս մասին ասել է արցախցի յայտնի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանը՝ տեղեկացնելով, որ Խաչմաչում, յուլիսի 14-ին, ցուցադրւելու է «Ընդհատւած մանկութիւն» ֆիլմը, յուլիսի 15-ին՝ «Թեւանիկ»-ը եւ 16-ին՝ «Վերջին բնակիչ»-ը:

«alikonline.ir» - Ասկերանի շրջանի իմ հարազատ Խաչմաչ գիւղում յուլիսի 14-16-ը կազմակերպելու ենք հեղինակային ֆիլմերի ցուցադրութիւն, եւ ես այն սկսելու եմ իմ 3 ֆիլմերով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է արցախցի յայտնի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանը՝ տեղեկացնելով, որ Խաչմաչում, յուլիսի 14-ին, ցուցադրւելու է «Ընդհատւած մանկութիւն» ֆիլմը, յուլիսի 15-ին՝ «Թեւանիկ»-ը եւ 16-ին՝ «Վերջին բնակիչ»-ը:

«Տեղեկացնեմ, որ սա կանոնաւոր բնոյթ է կրելու, ամէն տարի հրաւիրելու եմ կինոոլորտի հայ եւ արտասահմանցի ներկայացուցիչների, ռեժիսորների, ովքեր ցանկութիւն կունենան իրենց ֆիլմերը ներկայացնել Արցախում։ «Մեծ կինոն՝ փոքր գիւղում», ահա այս խորագիրը կրող մեր գաղափարը ես արդէն ներկայացրել եմ Արցախի մշակոյթի և երիտասարդութեան հարցերի նախարարին, արտաքին գործերի նախարարին, էկոնոմիկայի նախարարի տեղակալին եւ ստացել նրանց հաւանութիւնը։ Այս իդեան ներկայացրել եմ նաեւ իմ ամերիկեան գործընկերներին՝ «ARTsakh Arts and Cultural Foundation»-ի հիմնադիրներ Ադրինէ Միրզաեանին, ով նաեւ իմ «Վերջին բնակիչը» ֆիլմի գործադիր պրոդիւսերն է, եւ Գարօ Մադենլիանին։ Ֆիլմերի ցուցադրութեան գաղափարը հաւանութեան արժանացաւ նաեւ նրանց կողմից։

Այս ամէնը նպատակ է հետապնդում՝ ճանաչելի դարձնել մեր հայրենիքը միջազգային հանրութեան կողմից: Օտար կինոգործիչները, ռեժիսորներն իրենց դերասանական կազմով կը գան ու կը տեսնեն Արցախը, կը հիանան նրա հրաշագեղ բնութեամբ, կը լինեն պատմամշակութային վայրերում, կը շփւեն արցախցիների հետ ու կը ծանօթանան մարդկանց խնդիրներին, կը ճանաչեն Արցախն ու արցախցիներին, ի վերջոյ, կը ծանօթանան հայ ժողովրդի պատմական անցեալին ու ներկային:

Այսպիսով, հայկական կինոմատոգրաֆիան զարգացնելուց զատ, Արցախը նաեւ լայն ճանաչում ձեռք կը բերի յատկապէս արւեստի ոլորտում»,- ասել է ռեժիսորը եւ յաւելել, որ յուլիսի 22-ին Շուշիի «Նարեկացի» արւեստի միութիւնում էլ ցուցադրւելու է իր «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Խօսելով «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրութիւններից, Ջ. Աւետիսեանն ասել է, որ Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում ֆիլմն ընտրւել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում։ Այն ցուցադրւեց 5 անգամ, իսկ պաշտօնական գլխաւոր ցուցադրութիւնը տեղի ունեցաւ յունիսի 25-ին։

«Այդ առիթով ինձ հետ Շանհայ էին ժամանել ֆիլմի լիտւացի պրոդիւսեր Կեստուտիս Դրազդաուսկասը եւ ֆիլմի գործադիր պրոդիւսեր Ադրինէ Միրզայեանը՝ ԱՄՆ-ից: Պէտք է խոստովանեմ, որ ընդգրկւել այդ կինոփառատօնում եւ ցուցադրել ֆիլմ՝ արդէն իսկ մեծ յաջողութիւն է: Փառատօնի կազմակերպիչների խմբի կողմից լսեցինք դրական անկեղծ արձագանգներ: Ֆիլմն իր սցենարով, դերասանական կազմով, ասելիքով բոլորին շատ հետաքրքրեց: Իհարկէ հանդիսատեսի որոշ մասը տեղեկացւած էր, սակայն ստւար զանգւածը պատկերացում անգամ չունէր ոչ Արցախի, ոչ արցախեան խնդրի մասին, եւ ուրախ եմ, որ ֆիլմն այդ առումով ծառայեց իր նպատակին։

Օտարների կողմից շատ հարցեր հնչեցին․նրանց հետաքրքրեց հակամարտութեան հանգուցալուծումը, ժողովրդի ճակատագիրը, իսկ չինացիները յատուկ վերաբերմունք ցուցաբերեցին հայերի նկատմամբ: Ֆիլմն օգնեց ներկայացնել Արցախի ժողովրդի պատմութիւնը, պատմել խեղւած ճակատագրի մասին»,- մանրամասնել է Ջ. Աւետիսեանը՝ աւելացնելով, որ իրենք առաջիկայում շարունակելու են ֆիլմը ներկայացնել այլ երկրների փառատօններին եւս:

Խօսելով նաեւ նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի մասին, Ջ. Աւետիսեանն ասել է. «Կաննի կինոփառատօնի կինոշուկայից վերադարձել ենք լուրջ յաջողութիւններով: Տարւում են աշխատանքներ, բայց դեռեւս կան անելիքներ: Կոնկրետ արդիւնքների մասին կը խօսենք աւելի ուշ: Կապւած նոր ֆիլմի հետ՝ ես Արցախում նախապատրաստական մի շարք աշխատանքներ եմ իրականացնում»:

Տեղեկացնենք, որ ռեժիսորը յուլիսի 3-ից մինչեւ ամսւայ վերջ Ստեփանակերտի «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նաեւ ֆիլմերի դասընթացներ է վարելու։ Այն կրում է «Մեր ժամանակի հերոսը» խորագիրը:

«Երեխաները երեք շաբաթւայ ընթացքում պէտք է պատրաստեն երեք առանձին ֆիլմ, որոնց նկարահանումները տեղի են ունենալու Ստեփանակերտում: Ես տեսնում եմ, թէ երեխաներն ինչքան տաղանդաւոր են. մեզ մնում է նրանց այդ տաղանդն արթնացնել: Իւրաքանչիւր երեխայ ազատ է ստեղծագործելու մէջ: Իմ յորդորն այն է միայն, որ ստեղծելիքը լինի ազատ, անկեղծ եւ հետաքրքիր»,- յաւելել է Ջ. Աւետիսեանը:

Զրոյցը՝ ՎԵՀԱՆՈՒՇ ՅՈՎՍԷՓԵԱՆԻ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։