Հա

Մշակոյթ

09/07/2017

Յայտնաբերւել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ, խաչքարեր ու արձանագրութիւններ

Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գիւղում արդէն շուրջ երկու շաբաթ է՝ Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի (5-6-րդ դարեր) եւ վանքի (12-րդ դար) պեղումներ են իրականացւում:

«Երեք տարի է՝ փորձում էինք հետազօտել Ստեփանոսի դամբարանը, որը Վաչագան բարեպաշտի ժամանակ է կառուցւել։ Շատ ունիկալ դամբարան է, որը 13-րդ դարում վերայայտնաբերել են, կողքը եկեղեցի ու մատուռ են կառուցել, նոր արձանագրութիւններով ու հետաքրքիր նիւթերով համալրել»,- ասաց Համլետ Պետրոսեանը: 

«alikonline.ir» - Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գիւղում արդէն շուրջ երկու շաբաթ է՝ Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի (5-6-րդ դարեր) եւ վանքի (12-րդ դար) պեղումներ են իրականացւում: «tert.am»-ի հետ զրոյցում հնագէտ, արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանը նշեց, որ բաւական հարուստ նիւթ է պեղւել:

«Երեք տարի է՝ փորձում էինք հետազօտել Ստեփանոսի դամբարանը, որը Վաչագան բարեպաշտի ժամանակ է կառուցւել։ Շատ ունիկալ դամբարան է, որը 13-րդ դարում վերայայտնաբերել են, կողքը եկեղեցի ու մատուռ են կառուցել, նոր արձանագրութիւններով ու հետաքրքիր նիւթերով համալրել»,- ասաց նա:

Ըստ Համլետ Պետրոսեանի՝ նիւթերը բաւական շատ են եւ չափազանց գեղեցիկ:

«5-6-րդ դարերի եզակի նմուշներ ենք գտել՝ թեւաւոր խաչ է, վաղ քրիստոնէական կոթողի մնացորդներ, 12-13-րդ դարերի մի քանի տասնեակ խաչքարեր ու արձանագրութիւններ ենք բացել: Քանդակները շատ նուրբ ճաշակով են արւած, թէեւ ընդհանրապէս այդ ժամանակի մշակոյթը առանձնայատկութիւն ունի, ինքը, թւում է, շատ խեղճ ու կրակ է, բայց բոլոր մանրամասները շատ ճաշակով են արւած»,- ասաց նա:

Պետրոսեանը նշեց, թէ Վաճառը Գանձասարից մի փոքր ներքեւ տեղակայւած բնակավայր է եղել, որը 12-ից 13-րդ դարերում առեւտրական խոշոր կենտրոն է եղել, եւ այդ պատճառով էլ կոչւել է Վաճառ: Իսկ սկզբնապէս այս տարածքը Ջանջուռ է կոչւել, ով Խաբակեանների տոհմի հիմնադիրներից է:

«Դա այն տոհմն է, որը յետոյ կոչւեց Պռոշեան, տեղափոխւեց Հայաստանի կենտրոնական հատւած, ովքեր էլ յետոյ կառուցեցին Գեղարդավանքը, եւ այլն»,- ասաց նա:

Իսկ Վաճառի Սուրբ Ստեփանոս վանքում բացել են արձանագրութիւն՝ Ջաջուռի որդի Գրիգորի կողմից թողնւած, որտեղ գրւած էր. «Հրամանաւ աստուածասէր իշխանին հասանա տեառն խաչինօ ես Գրիգոր որդի քաջ զաւրականին Ջաջուռա»:

«Այստեղ երեւում է, թէ մեր մշակոյթը ինչքան բազմազան է, տարաբնոյթ եւ ուշագրաւ»,-ասաց Պետրոսեանը եւ տեղեկացրեց, որ վանքը Գանձասարից 100 կմ. է հեռու եւ մինչեւ Գանձասարի սուրբ Յովհաննէս Մկրտչի եկեղեցին կառուցելը՝ փորձել են հէնց Ստեփանոսը դարձնել հոգեւոր կենտրոն:

«Թէ ինչու են յետոյ փոշմանել, չգիտեմ... Այսինքն՝ բոլոր աշխուժացող հայկական տոհմերը փորձել են նախաքրիստոնէական սրբերին դարձնել իրենց հովանաւոր, եւ այդ ճանապարհի սկզբին փորձել են դարձնել Ստեփանոսին, յետոյ ինչ-ինչ պատճառներով անցել են Յովհաննէս Մկրտչին»,- ասաց նա:

Համլետ Պետրոսեանը նշեց, որ բոլոր պայմանները կան Արցախի նոր զբօսաշրջային կենտրոն դարձնելու համար:

«Ծմակահող գիւղում է, Գանձասար տանող մայրուղուց ընդամենը 1.5 կմ. է յետոյ, չքնաղ բնութիւն ունի, եւ կարծում եմ` որոշակի ջանքերից յետոյ միանգամայն հնարաւոր է տուրիստական այցելութեան նոր վայր դարձնել: Արդէն փորձեր են արւում հիւրանոց կառուցել, հիւրատուն ունեն, աւանդական ինչ-որ արտադրանքներ են վերականգնում, եւ շատ լաւ տեղ է, գիւղում թանգարան են ուզում ստեղծել»,- ասաց նա:

Հնագէտը նշեց, որ պեղումներն իրականացւում են իր, հնագէտ Արմինէ Գաբրիէլեանի եւ ճարտարապետ Լիլիթ Մինասեանի կողմից, ովքեր դեռ 10 օր էլ կաշխատեն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։