Հա

Մշակոյթ

09/07/2017

Եազդը` ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում

Լեհական Կրակով քաղաքում ընթացող ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան կոմիտէի 41-րդ նիստում Իրանի պատմական Եազդ քաղաքը գրանցւել է համաշխարհային ժառանգութեան ցանկում:

«alikonline.ir» - Լեհական Կրակով քաղաքում ընթացող ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան կոմիտէի 41-րդ նիստում Իրանի պատմական Եազդ քաղաքը գրանցւել է համաշխարհային ժառանգութեան ցանկում: Այս մասին տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:

9 տարի տեւած ժամանակաւոր գրանցումից յետոյ, Եազդը, որպէս աշխարհի հիմնականում կաւից կառուցւած հնագոյն քաղաքներից մէկն այսօր՝ յուլիսի 9-ին վերջնականապէս գրանցւել է համաշխարհային ժառանգութեան ցանկում:

Նշենք, որ Եազդը համարւում է Իրանի ամենահին քաղաքային բնակավայրերից մէկը: Քաղաքի մասին առաջին յիշատակումները վերադառնում են դեռեւս մ.թ.ա. երրորդ հազարամեակին:

Այն նշւած է, որպէս Մեդիայի Իսատիս քաղաք։ Հնագիտական պեղումների ընթացքում գտնւել են նաեւ առարկաներ, որոնք պատկանում են Ախեմենիդների դինաստիային։

Եազդը Իրանի եզակի այն մեծ քաղաքներից մէկն է, որտեղ պահպանւել է հին քաղաքի տեսքը, ինչպէս մի քանի դար առաջ։ Քաղաքում շատ կան պատմական յուշարձաններ։

ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում Եազդի վերջնական գրանցման ձգձգումը հիմնականում պայմանաւորւած էր քաղաքի պատմական հատւածում տեղի ունեցող որոշակի շինարարութեամբ, որոնք մտահոգում էին կազմակերպութեանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Համաշխարհային ժառանգութիւնը (անգլերէն՝ World Heritage, ֆրանսերէն՝ Patrimoine Mondial), բնական եւ մարդու ձեռքերով ստեղծած մշակութային արժէքներն են, որոնք պաշտպանւում եւ ժողովրդականացւում են իրենց իւրայատուկ պատմական կամ էկոլոգիական նշանակութեան համար։

Համաշխարհային ժառանգութեան ցանկի ամենակարեւոր նպատակն է պահպանել եւ յայտնի դարձնել իւրայատուկ օբիեկտները: Անկողմնակալութեան համար կազմւել են գնահատման չափանիշները։ Համաշխարհային ժառանգութեան օբիեկտը պիտի ունենայ գոնէ մէկ չափանիշ թւարկւածներից.

Մշակութային չափանիշներ

- Օբիեկտը մարդկային ստեղծագործական գլուխգործոց է։

- Օբիեկտը վկայում է մարդկային արժէքների տւեալ ժամանակահատւածում կամ որոշ մշակութային բնագաւառում, ճարտարապետութիւնում կամ տեխնոլոգիայում, մոնումենտալ արւեստում, քաղաքների պլանաւորման կամ լանդշաֆտների ստեղծման փոխադարձ ազդեցութեան մասին։

- Օբիեկտը ունիկալ է կամ առնւազն բացառիկ՝ մշակութային աւանդոյթի կամ քաղաքակրթութեան համար, որը գոյութիւն ունի մինչ այսօր կամ արդէն անհետացել է։

- Օբիեկտը կոնստուկցիայի, ճարտարապետական կամ տեխնոլոգիական անսամբլի, կամ լանդշաֆտի ակնառու օրինակ է, որը ներկայացնում է մարդկային պատմութեան զգալի մաս։

- Օբիկետը մարդկային աւանդական կառուցման ակնառու օրինակ է, հողի եւ ծովի աւանդական օգտագործումով, ելնելով մշակոյթի (կամ մշակոյթների) կամ շրջապատող միջավայրի հետ մարդկային փոխյարաբերութիւնների օրինակ, յատկապէս եթէ բնութիւնը դարձել է խոցելի անշրջելի փոփոխութիւնների ուժեղ ազդեցութեան պատճառով։

- Օբիեկտը ուղղակիօրէն կամ մասամբ կապւած է իրադարձութիւնների կամ գոյութիւն ունեցող աւանդոյթների, գաղափարների, համոզմունքների, գեղարւեստաի եւ գրականութեան հետ, եւ ունի համամարդկային նշանակութիւն (Ըստ ՅԻՒՆԵՍԿՕ-ի կոմիտէի կարծիքի, այդ չափանիշը նախընտրելի է օգտագործել կամ եւս մէկ չափանիշի, կամ չափանիշների հետ):

Բնածին չափանիշներ

- Օբիեկտը մի բնական ֆենոմեն է կամ էսթետիկ նշանակութեան եւ բացառիկ բնական գեղեցկութեան տարածութիւն։

- Օբիեկտը Երկրի պատմութեան գլխաւոր փուլերի նշանաւոր օրինակ է, այդ թւում նաեւ անցեալի յուշարձան, ռելիէֆի զարգացման մէջ կատարւող երկրաբանական պրոցեսների խորհրդանիշ կամ գէոմորֆիկական կամ ֆիզիոգրաֆիկական իւրայատկութիւնների խորհրդանիշ։

- Օբիկետը երկրայինների, քաղցրահամների, ափայինների ու ծովային էկոսիստեմների եւ բուսական ու կենդանական համայնքների էւոլյուցիայում էկոլոգիական եւ կենսաբանական կատարւող պրոցեսների բացառիկ նմուշ է։

- Օբիեկտը ներառում է կարեւորագոյն կամ նշանաւոր բնական միջավայր, դրա մէջ կենսաբանական բազմազանութեան, այդ թւում գիտութեան եւ պաշտպանման տեսակէտից բացառիկ համաշխարհային արժէքների պահպանման համար։

Տեղեկանքը՝ ըստ հայերէն «wikipedia»-ի

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։