Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 12 Յուլիսի 2017 11:10

Բախտիար Յովակիմեան. «Իրանահայ թատրոնի մասին տեղեկութիւնները ստանում էի Իրանից»

«1949 թւականից, երբ դեռ ուսանող էի, թղթակցել եմ տպագիր մամուլին. մինչեւ այժմ 88 թերթի եմ աշխատակցել եւ այդ տարիների ընթացքում մշտապէս անդրադարձել եւ անդրադառնում եմ սփիւռքահայ թատրոնին»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշել է թատերագէտ Բախտիար Յովակիմեանը՝ խօսելով իր ստեղծագործական գործունէութեան մասին:

«alikonline.ir» - «1949 թւականից, երբ դեռ ուսանող էի, թղթակցել եմ տպագիր մամուլին. մինչեւ այժմ 88 թերթի եմ աշխատակցել եւ այդ տարիների ընթացքում մշտապէս անդրադարձել եւ անդրադառնում եմ սփիւռքահայ թատրոնին»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշել է թատերագէտ Բախտիար Յովակիմեանը՝ խօսելով իր ստեղծագործական գործունէութեան մասին: 

Թատերագէտը հայկական հանրագիտարանների համար 200 անուն յօդւած է գրել, հեղինակել 27 գիրք, որոնցում ներկայացրել է նախկինում չարծարծւած թեմաներ, ինչպէս՝ «Պեպօն ազգային թատրոնում», «Հայկական թատերական ընկերութեան պատմութիւն»՝ 120-ամեայ պատմութիւն՝ տարբեր երկրների կտրւածքով եւ այլն: 

«Ապրելով Երեւանում՝ տեղեակ էի, թէ ինչ ներկայացումներ են բեմադրւում տեղի թատրոններում, ճամփորդելով Բաքու, Թբիլիսի, Մոսկւա, Սանկտ Պետերբուրգ՝ եւս տեղեկանում էի ներկայացումների մասին, իսկ Սփիւռքի թատրոնների գործունէութեան մասին իմացել եմ գլխաւորապէս մամուլի էջերից: Իրանահայ թատրոնի մասին տեղեկութիւնները ստանում էի անմիջապէս Իրանից, մարդիկ ուղարկում էին ինձ թատրոնի հետ առնչւող տարբեր գրութիւններ, ծրագրեր, նամակներ եւ այլն: Այդ ժամանահատւածում Բաբկէն Չուգասզեանի խորհուրդ-առաջարկով նախաձեռնեցի պարսկահայ թատրոնի հանրագիտարանի ստեղծման աշխատանքները, որոնք տեւել են արդէն 20 տարի. մօտաւորապէս 420 անձի (դերասան, երգիչ) մասին համառօտ կենսագրականներ են»,- նշել է Յովակիմեանը: 

Վերջինիս խօսքով՝ իր բազմաթիւ գրքերից լաւագոյնների շարքին է դասւում «Թատերական օրացոյցները» (առաջին հատորը՝ 1997 թւականին), որոնք հրատարակւել են 6 գրքի տեսքով, որոնցից իւրաքանչիւրը ներառում է 120-180 հեղինակ, իսկ 6 գրքերում միասին՝ 830 անձնաւորութիւն, որից գրեթէ 120-ը օտարազգի դրամատուրգներ են, որոնց գործերը հայ թատրոնում շատ են բեմադրւել: Օրացոյցներում զետեղած են նաեւ տեղեկութիւններ թատերական յոբելեանական ներկայացումների մասին, թատերախմբերի յոբելեանների մասին՝ շեքսպիրեան թատրոնի 120-ամեակ, Կարինի թատերական միութեան յոբելեանը եւ այլն: «Թատերական օրացոյցների» մասին Սփիւռքում մի շարք գրախօսականներ են գրել, անդրադարձել հեղինակի կատարած աշխատանքին, սակայն նոյնը տեղի չի ունեցել Հայաստանում. Յովակիմեանի ահռելի աշխատանքը 20 տարի մնացել է ստւերում: 

«Իմ առաջին նախասիրութիւնը թատրոնն է, թատրոնի պատմութիւնը, իսկ հետագայում՝ սկսած ուսանողական տարիներից, սկսել եմ հաւաքել ծածկանուններ: Սկսեցի գրել ծածկանունների բառարան: Այն բաւական մեծ է՝ 788 էջ՝ ռուսական, ուկրայինական, բելառուսական բառարանները միասին վերցրած: Բառարանը ներառում է առաջին տպագիր գրքից՝ «Ուրբաթագրքից»՝ 512 թ., մինչեւ 2005 թ.»,- նշել է Յովակիմեանը՝ յաւելելով, որ գրքերը գրելիս զուգահեռաբար ուսումնասիրել է նաեւ թատրոնին վերաբերող այլ թեմաներ: 

Թատերագէտն այժմ համեմատաբար քիչ է տպագրւում մամուլում, վերջինիս խօսքով՝ ժամանակը առաւելապէս տրամադրում է անաւարտ մնացած ուսումնասիրութիւնները ամբողջացնելուն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։