Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2017 13:40

«Ե՛ւ ապրում է աշխարհը, ե՛ւ ապրում է Վանը»

Այսօր՝ օգոստոսի 1-ը հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագէտ Գուրգէն Մահարու ծննդեան օրն է։

«alikonline.ir» - Այսօր՝ օգոստոսի 1-ը հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագէտ Գուրգէն Մահարու ծննդեան օրն է։ Գրում է «yerkirmedia.am»-ը:

 

«Յուլիս:

Ծովից ոչ հեռու փռւել է հնադարեան քաղաքը, որպէս կանաչավարս, հեքիաթային գեղեցկուհի, որպէս հեքիաթ ու գեղեցկութիւն:

Այգինե՜ր, այգինե՜ր, այգինե՜ր, խիտ, կանաչ, զարմանալի կանաչ այգիներ, բարձրաբերձ բարդիներով եւ բերքառատ մրգաստաններով, ուր հասնում է խնկանման վիթխարի մալաչէկ տանձը, մալաղեկն ու մեղրուկը, ուր բուրում է դալասլի խնձորը, լցւում են խաղողի ողկոյզներն առաջին մայրութեան առատ ու լեցուն կրծքերի պէս, սեթեւեթ ու մատչելի հմայում է ծիրանը, ծանրանում է սերկեւիլը, երգում է դամոնը, ոլորւում են այգիներում արահետները, խնկում են ծաղիկները, ու այս ամէնի վրայ շողշողում է վիթխարի մի արեւ, թաւալւում է ինքն իր վրայ, մոլեգնում է, թափում իր ջերմ գրգիռն ու արեւային տարփանքը, ե՛ւ ապրում է աշխարհը, ե՛ւ ապրում է Վանը:

Եւ ապրում է Վանը յիշատակներով եւ օրօրոցներով, ծերունիները յիշում են իրենց մանկութիւնը` նստած մի ծառի տակ, իսկ նրանց թոռները խաղում են խոտերի ու սեզերի հետ, ճչում են սուր ու մանկական հրճւանքով՝ նմանեցնելով իրենց ձայնը արոսի ու ապռնակի, ծիծեռի ու ճախարակի ձայներին:

Տները մեծ, փոքր, եւրոպական, ասիական, բազմաոճ ու քմահաճ, թաքնւած են ծառերի ու ծառաստանների, այգիների ու այգեստանների մէջ: Քաղաքը հեռւից նման է մի երկայնաձիգ անտառի, ու մօտեցի՛ր, մօտեցի՛ր, նոյն անտառն է, իսկ երբ ներս մտնես նրա կանաչ դարպասներից, տեսնես իր խաչաձեւող փողոցներն ու տները, քեզ հեքիաթ կը թւայ նրանց գոյութիւնը, ու դու կը մտածես, որ, ուր որ է, կը ցնդեն փողոցներն ու տները ու կը մնան անտառը, առուները, կը մնաս դու:

Բայց կը մնան փողոցները, կը նայեն տները, կը հոսեն առուները, կը խշշան այգեստանները, ու կապրի աշխարհը, ու կապրի Վանը…»։

«Այրւող այգեստաններ» (1966 թ.)

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։