Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2017 08:10

Երեւանում անցկացւելու է «Ազգային տարազ» համահայկական մրցոյթ-փառատօն

Երեւանում անցկացւելու է «Ազգային տարազ» համահայկական մրցոյթ-փառատօնը, որի շրջանակներում կը ներկայացւեն ազգային երգն ու պարը, ասմունքն ու ազգային տարազը:

«alikonline.ir» - Երեւանում անցկացւելու է «Ազգային տարազ» համահայկական մրցոյթ-փառատօնը, որի շրջանակներում կը ներկայացւեն ազգային երգն ու պարը, ասմունքն ու ազգային տարազը: Նման մրցոյթ անցկացնելու գաղափարի հեղինակը հասարակական գործիչ Էմիլ Մարկոսըանինն է:

«Գաղափարն առաջացել է ակամայից, մեր աղջիկների, տղաների հագնւածքը ուղղակի դրդեց, որ այդպիսի մտայղացում առաջանայ: Ցանկութիւնս ազգանւէր-հայրենասիրական է, այսինքն՝ հանրութեանը ցոյց տալ, որ դարեր շարունակ ունեցել ենք գեղեցիկ հագուստ, տարազ, այլ ոչ թէ պատառոտւած ջինսերով ենք եղել: Իհարկէ, չենք կարող այդ ամէնը վերականգնել, բայց գոնէ մերթընդմերթ հասարակութեանը, երիտասարդերին պէտք է յիշեցնել այն, ինչը մերն է, մեր ազգայինն է»,- «panorama.am»-ին ասաց Էմիլ Մարկոսեանը:

Նա նշեց, որ փառատօնին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման, բոլոր նրանք, ովքեր ունեն ազգային տարազներ, ցանկանում են դրանք ցուցադրել բեմահարթակում, իսկ մասնակիցներից նրանք,  ովքեր օժտւած են գեղեցիկ ձայնային տւեալներով, կարող են նաեւ ներկայացնել  ազգագրական երգ կամ ասմունքել:

«Նպատակը մէկն է՝ ցուցադրել տարազ: Մասնագիտական ժիւրին գնահատելու է տարազը, դրանց զարդանախշերը, ամէն զարդանախշ պէտք է համապատասխանի մեր աւանդոյթներին»,- յաւելեց նա:

Մրցոյթ-փառատօնին մասնակցութեան յայտերի ընդունման վերջնաժամկէտը մինչեւ օգոստոսի 20-ն է:

Է. Մարկոսեանն ասաց, որ արդէն 5 հեղինակաւոր դիզայներից ստացել են մասնակցութեան յայտեր, ովքեր ներկայանալու են տարազների իրենց հաւաքածուով, իրենց մոդելներով, նաեւ 127 անհատական յայտ ինչպէս Հայաստանի տարբեր մարզերից, այնպէս էլ սփիւռքից:

Մրցոյթն անցկացւելու է երեք փուլով: Վերջին՝ հիմնական փուլն անցկացւելու է սեպտեմբերի 15-ին Երեւանի Յ. Պարոեանի անւան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Փառատօնի նկատմամբ հետաքրքրութիւնը մեծ է, ինչը նշանակում է, որ այն ամենամեայ դառնալու շեմին է»,- ասաց  մրցոյթ-փառատօնիի գաղափարի հեղինակը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։