Հա

Մշակոյթ

30/08/2017 - 12:50

Վենետիկում բացւում է 74-րդ միջազգային կինոփառատօնը

Վենետիկի կինոփառատօնն այսօր՝ օգոստոսի 30-ին կը մեկնարկի ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ, «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փէյնի «Աւելի կարճ» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով: 

«alikonline.ir» - Վենետիկի կինոփառատօնն այսօր՝ օգոստոսի 30-ին կը մեկնարկի ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ, «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փէյնի «Աւելի կարճ» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ինչպէս նշւում է ստուգատեսի կատալոգում, այդ կինոնկարն այն մասին է, թէ ինչպէս ընտանեկան զոյգը՝ Մէթ Դէյմոնի եւ Քրիսթէն Ուիգի կատարմամբ, ձգտելով աւելի լաւ կեանքի, որոշում է դիմել իրենց հասակը նւազեցնելու վտանգաւոր գիտափորձին: Ըստ սցենարի, գիտնականները այդ կերպ են առաջարկում պայքարել մոլորակի գերբնակեցմամբ պայմանաւորւած համաշխարհային ճգնաժամի դէմ:

Վենետիկում այս տարի վերստին սպասում են Ջորջ Քլունիին, որը քանիցս մասնակցել է ստուգատեսին թէ՛ դերասանի, թէ՛ ռեժիսորի կարգավիճակում: Այս անգամ նա կը ներկայացնի իր նոր՝ թւով 7-րդ ռեժիսորական աշխատանքը՝ «Սուբուրբիկոն»-ը: Նրա հետ միասին կարմիր ուղեգորգով պէտք է անցնեն Մէթ Դէյմոնը եւ Ջուլիանա Մուրը, որոնք կատարել են գլխաւոր դերերը:

Մրցութային ծրագրում ներառւած Դարէն Արոնոֆսկու «Մայրը» ժապաւէնում զբաղւած են Խաւիէր Բարդէմը, Ջենիֆէր Լոուրենսը եւ Միշէլ Ֆայֆէրը: Մեքսիկացի Գիլիերմօ դել Տորօն կը ներկայացնի «Ջրի ձեւը» ֆիլմ-հեքիաթը հասարակ աղջկայ եւ երկկենցաղ մարդու սիրային պատմութեան մասին:

Մրցոյթի վաւերագրական ֆիլմերից մէկն արծարծում է միգրացիայի հրատապ թեման: Դրա հեղինակը չինացի նկարիչ եւ ճարտարապետ Այ Վէյվէյն է: Ընդամենը գլխաւոր պարգեւին հաւակնելու է 21 ժապաւէն: Եւս 19 կինոնկար է յայտարարւած «Հորիզոններ» երկրորդ մրցութային ծրագրում:

Միջազգային ժիւրին, որը կը որոշի գլխաւոր մրցանակների՝ Սուրբ Մարկոսի ոսկէ եւ արծաթէ առիւծների տէրերին, ինչպէս նաեւ լաւագոյն դերակատարներին, կը գլխաւորի ամերիկացի դերասանուհի Անէթ Բենինգը: Կինեմատոգրաֆում ներդրած աւանդի համար պատւաւոր «Ոսկէ առիւծները» շնորհւել են ամերկիկացի դերասաններ Ջէյն Ֆոնդային եւ Ռոբերտ Ռեդֆորդին, որոնք հանդիսականներին կը ներկայանան «Մեր հոգիները գիշերում» նոր ֆիլմում: Այդ կինոնկարը ցուցադրւելու է մրցոյթից դուրս:

Կինոստուգատեսը կը փակւի ճապոնացի Տակեսի Կիտանոյի նոր աշխատանքի պրեմիերայով, որը երրորդ ֆիլմը կը ներկայացնի 2010 թւականին իր կողմից սկսւած «Կամայականութիւն» եռերգութիւնից:

Այս տարւայ նորոյթներից է վիրտուալ իրականութեանը նւիրւած մրցոյթը: Դրան մասնակցում են 22 փորձարարական աշխատանքներ:

Վենետիկում կը կայանայ «Սուբուրա» նոր հեռուստատեսային ֆիլմի պրեմիերան: Դրա ստեղծողների թւում է դերասան եւ ռեժիսոր Միկելէ Պլաչիդօն: Կինոփառատօնի բացման եւ փակման արարողութիւնները վարելու է 30-ամեայ իտալացի Ալեսանդրօ Բորգին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։