Հա

Մշակոյթ

10/09/2017 - 10:10

Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը»` Վենետիկի կինոփառատօնում

Վենետիկի կինոփառատօնի «Venice Production Bridge»-ում ցուցադրւել է կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմը:

«alikonline.ir» - Վենետիկի կինոփառատօնի «Venice Production Bridge»-ում ցուցադրւել է կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ «Արցախպրես»-ին յղումով:

Ցուցադրութեանը յաջորդել է կոկտէյլ երեկոն, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Ներկաները կիսւել են իրենց տպաւորութիւններով, հնչող կարծիքները շատ դրական են եղել եւ հագեցած գովեստի ու շնորհակալութեան խօսքերով։

Ջիւան Աւետիսեանն այս առումով առանձնացնում է հնչեցւած մի կարծիք, որին անդրադարձել էին իտալացիներից շատերը․«Աբգարի եւ աղջկայ փախուստի տեսարանում, որտեղ նրանք գիշերով ապաստան են գտնում աւերակ շինութիւնում, Աբգարն ու Իբրահիմը ընկերական անկեղծ զրոյց  են  ունենում, նրանք խօսում են միմեանց հետ, կիսւում իրենց ապրած դժւարութիւններով,  խօսում կեանքի փիլիսոփայութեան մասին, եւ Աբգարն էլ այդ ժամանակ իրեն յուզող մտքերն է արտայայտում՝ «Տեսնես ազգ կա՞յ որ չի կորցրել իր ծննդավայրը»։ «Սա հարուցել է իտալացիների խորին զարմանքն ու կրկնակի յարգանքը դէպի հայ ազգն ու հայ ժողովուրդը»,- ասել է Ջիւան Աւետիսեանը:

Իտալացիներն էլ իրենց հերթին նշել են, որ նոյնիսկ այսպիսի ապրումների մէջ՝ հայն ունակ է խօսել համամարդկային արժէքների մասին, որը վեր է ամէն ինչից. «Այս մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմն, իսկապէս, յուզել է մեզ»:

«Ֆիլմը մեր մասին է․ կոնֆլիկտներն աշխարհում շատ են եւ այդպիսի դէպքերը կարող են պատահել երկիր մոլորակի ցանկացած անկիւնում, ցանկացած ժողովրդի հետ։ Վստահ եմ՝ Վենետիկի ժողովուրդը նոյնպէս մեզ կը հասկանայ, որովհետեւ Վենետիկը եւս անմասն չի մնացել պատերազմներից։ Շնորհակալ եմ նահանգապետին՝ յոյս եւ հաւատ ներշնչելու համար։ Դա ոգեշնչում է, որպէսզի մենք, որպէս խաղաղութեան մարտիկներ, կարողանանք միասնական ուժով շարունակել մեր ճանապարհը եւ, պատմելով Արցախի մասին, խաղաղութիւն քարոզենք»,- յաւելել է Ջիւան Աւետիսեանը:

Նշենք նաեւ, որ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի հետ հանդիպման ժամանակ Ջիւան Աւետիսեանը նահանգապետին յուշագորգ է նւիրել:

Նա նահանգապետին նւիրել է գորգ՝ «Ղարաբաղ կարպետ»-ից՝ հայերէն այբուբենի եւ Արարատ լեռան պատկերով։ Ջիւան Աւետիսեանը նշել է, որ այդ գորգը ստեղծւել է այն կանանց կողմից, որոնց ամուսինները, որդիները կամ եղբայրները մասնակից են եղել պատերազմին եւ այսօր էլ կեանքի եւ ազատութեան կռիւ են տալիս սահմանին։ «Սա ուղակի գորգ չէ հայերէն տառերով, այլեւ՝ նրա մէջ ամփոփւած է հայ կանանց ուժը, էներգիան, նւիրումը, յաղթանակի, ազատութեան եւ խաղաղութեան ձգտումը։ Այս գորգի մէջ կայ կեանք՝ ստեղծւած այդ կանանց աշխատանքով»,- ասել է Աւետիսեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։