Հա

Մշակոյթ

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 11:30

ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի եւ աշխարհաբար փոխադրութեամբ գրքի շնորհանդէսը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ, Մաշտոցի անւան Մատենադարանի եւ Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութիան հետ համագործակցութեամբ Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար) «Հանգիտագրքի» շնորհանդէսը:

Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ, Մաշտոցի անւան Մատենադարանի եւ Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութիան հետ համագործակցութեամբ Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար) «Հանգիտագրքի» շնորհանդէսը:

Բնագիրը պատրաստել եւ աշխարհաբարի են փոխադրել Մատենադարանի աւագ գիտաշխատողներ Թամարա Մինասեանը, Լուսինէ Թումանեանը եւ Յասմիկ Կիրակոսեանը: Առաջաբանը գրել է իրանագէտ Վահան Բայբուրդեանը: Գիրքը հրատարակւել է Թեհրանի «Ալիք» տպարանում՝ Փերիոյ Կրթասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ: Նւիրւած լինելով 17-րդ դարի երկրորդ կէսի եւ 18-րդ դարի իրանահայ համայնքի պատմութեանը՝ գիրքն ընդգրկում է տւեալների աւելի լայն շրջանակ. Ստեփանոս Երեցի Պատմութիւնը կարեւորագոյն տեղեկութիւններ է պարունակում նաեւ հարեւան երկրների՝ Աֆղանստանի, Հարաւային Կովկասի երկրների, յատկապէս Վրաստանի պատմութեան վերաբերեալ: 

Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ Մատենադարանի տնօրէնի ժամանակաւոր պաշտոնակատար Վահան Տէր-Ղեւոնդեանը՝ նշելով, որ բացառիկ աղբիւրագիտական արժէք ներկայացնող այս գրքի լոյսընծայումը Մատենադարանի եւ Սփիւռքի նախարարութեան փայլուն համագործակցութեան արդիւնքն է:

ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի ողջոյնի խօսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը՝ նշելով. «Այս գրքի շնորհիւ հայ պատմագրութիւնը հարստացաւ եւս մէկ սկզբնաղբիւրով: Դարեր շարունակ պատմական ճակատագրի բերումով հայ ժողովուրդը արմատախիլ է եղել սեփական հայրենիքից եւ սփռւել ողջ աշխարհով, ապրելով օտարների տիրապետութեան ներքոյ՝ մարտնչել է, պայքարել, ապրել ու արարել՝ պահպանելով իր ինքնութիւնը, լեզուն ու մշակոյթը: Ուրախալի է, որ Մատենադարանի գիտաշխատողների օգնութեամբ իրականացւել է ձեռագիր մատեանի աշխարհաբար թարգմանութեան դժւարին աշխատանքը, եւ այսօր մենք արձանագրում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մեր հայրենակիցների ապրելու եւ ստեղծագործելու համար ստեղծել է լաւագոյն պայմանները: Իրանի հայ համայնքը դարձել է Հայաստան-Իրան դարաւոր բարեկամութեան ամրակուռ կամուրջը»:

Նախարարն իր խօսքում բարձր էր գնահատել գիրքը հրատարակելու՝ Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութիւնը, աշխատութիւնը գրաբարից աշխարհաբար փոխադրելու՝ Մատենադարանի տնօրինութեան պատրաստակամութիւնը եւ Մատենադարանի գիտաշխատողների բարեխղճութիւնն ու բարձր պրոֆեսիոնալիզմը:

Փերիոյ Կրթասիրաց միութիւնն արժանացել էր ՀՀ սփիւռքի նախարարութեան Ոսկէ մեդալին, որը նրանց յանձնեց Սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը:

Այնուհետեւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան առաջին քարտուղար Հոսէյն Շիրխանին: Փոխանցելով ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադի խօսքերը՝ առաջին քարտուղարը նախ շնորհակալութիւն յայտնեց Փերիոյ Կրթասիրաց միութեանը՝ գրքի տպագրութեան գործը նախաձեռնելու համար: Նա նշեց, որ հայերը դարեր շարունակ ապրել են Իրանում եւ օգնել իրանական մշակոյթի զարգացմանը: Հայաստանում  ԻԻՀ Արտակարգ եւ լիազոր դեսպանութեան առաջին քարտուղարը շնորհակալութիւն ՛այտնեց նաեւ Մատենադարանին՝ գրքի աշխարհաբար փոխադրութեան գործը եւ շնորհանդէսը կազմակերպելու համար:

Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան կողմից գրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանեանը ներկայացրեց գրքի աշխարհաբար փոխադրութեան աշխատանքները նախաձեռնելու եւ այն տպագրելու պատմութիւնը: Նա նշեց, որ գրքի առաջին շնորհանդէսը տեղի է ունեցել Թեհրանում յուլիսի 19-ին: «Ամէն ինչ սկսւեց 2014 թ. օգոստոսին, երբ մենք Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ Հայաստանում կազմակերպեցինք «Փերիայի օրերը Հայաստանում» եռօրեայ ծրագիրը: Այնժամ նախարար Հրանուշ Յակոբեանը առաջարկեց մաս-մաս ուսումնասիրել Նոր Ջուղայում հաւաքւած հայկական մշակութային ժառանգութիւնը: Այս գրքի հրատարակումը Հայաստան-Սփիւռք լաւագոյն գործակցութեան արդիւնք է եւ յուսով եմ՝ այն շարունակական կլինի»,- նշեց նա:

Գրքի փոխադրութեան եւ տպագրութեան աշխատանքներին աջակցելու եւ շնորհանդէսը կազմակերպելու համար Գասպար Ամիրխանեանը Փերիոյ Կրթասիրաց միութեան շնոհակալագրերով պարգեւատրեց Վահան Բայբուրդեանին, Թամարա Մինասեանին, Լուսինէ Թումանեանին, Յասմիկ Կիրակոսեանին եւ ՀՀ ՍՆ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչութեանը:

ԻԻՀ-ում ՀՀ առաջին արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտութիւնների դոկտոր, գրքի նախաբանի հեղինակ, պրոֆեսոր Վահան Բայբուրդեանն ընդգծեց, որ պատմագիտական արժէք ներկայացնող գրքի լոյսընծայման հարցում լուրջ խթան է հանդիսացել Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի նւիրումը գործին: Պրոֆեսորը խօսեց հայ մշակոյթի զարգացման գործում իրանահայ համայնքի ներդրման մասին:

Գրքի պատմագիտական-աղբիւրագիտական եւ բանասիրական արժէքների մասին զեկոյցներով հանդէս եկան ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը, ՀՀ ԳԱԱ Գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը եւ Մատենադարանի Արւեստի պատմութեան եւ գրչութեան կենտրոնների ուսումնասիրման բաժնի վարիչ Կարէն Մաթեւոսեանը՝ նշելով, որ Ստեփանոս Երեցի «Հանգիտագրքի» բնագրի եւ աշխարհաբար փոխադրութեան ամբողջական  հրատարակութեամբ առաջին անգամ շրջանառութեան մէջ է մտնում մի երկ, որը կարեւոր սկզբնաղբիւր է իրանահայ գաղթօջախի, յատկապէս Փերիա, Բուրվառ, Նոր Ջուղա գաւառների պատմութեան եւ ընդհանրապէս Իրանի ուշ միջնադարի պատմութեան ուսումնասիրման համար:

Գրքի՝ աշխարհաբար փոխադրելու աշխատանքների մասին զեկոյցով հանդէս եկաւ Մատենադարանի աւագ գիտաշխատող Թամարա Մինասեանը: Նա նշեց, որ «Հանգիտագիրքը» մեզ է հասել երկու ձեռագրով: Բնագիրը Նոր Ջուղայի ձեռագրատանը պահւող թիւ 654 մատեանն է:  Երկրորդ մատեանը պահւում Մատենադարանում, որը 1945-1946 թւականներին Ջուղայի ձեռագրից ամբողջութեամբ ընդօրինակել է իրանահայ բանասէր Լեւոն Մինասեանը:

Շնորհանդէսի աւարտին Հայաստանում ԻԻՀ դեսպանատան առաջին քարտուղար Հոսէյն Շիրխանին դեսպանի անունից իրանական զարդանաշխերով գորգ նւիրեց Մատենադարանին:

ՀՀ սփիւռքի նախարարութիւն

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։