Հա

Մշակոյթ

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 09:20

«Սպիտակ քաղաքի» պեղումների ժամանակ հնագէտները ոսկեայ զարդերի մասունքներ են յայտնաբերել

Արցախի Տիգրանակերտում այս տարի 40 օր տեւած պեղումների արդիւնքում մի շարք ուշագրաւ գտածօներ են յայտնաբերւել:

Այն ամրոցից, որը կառուցել է Տիգրանը, ոսկեայ զարդերի մասունքներ են յայտնաբերւել: Արցախի հնագիտական արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանն նշեց, որ դեռեւս յայտնի չէ, թէ ինչ զարդի մասունքներ են, բայց դրանք շուտով կհրապարակւեն: 

«alikonline.ir» - Արցախի Տիգրանակերտում այս տարի 40 օր տեւած պեղումների արդիւնքում մի շարք ուշագրաւ գտածօներ են յայտնաբերւել:

Այն ամրոցից, որը կառուցել է Տիգրանը, ոսկեայ զարդերի մասունքներ են յայտնաբերւել: Արցախի հնագիտական արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց, որ դեռեւս յայտնի չէ, թէ ինչ զարդի մասունքներ են, բայց դրանք շուտով կհրապարակւեն: «Այս տարի բազմաթիւ երկաթէ իրեր ենք յայտնաբերել` դանակներ, տեգի ծայրեր, մկրատի մասեր, հարիւրների հասնող գունազարդ եւ ջնարակապատ խեցեղէն»,- ասաց Պետրոսեանը, յաւելելով, որ Տիգրանակերտի նիւթը շատ հարուստ է` մայրաքաղաքային մակարդակի:

Արշաւախմբի ղեկավարը սակայն մտահոգութիւն ունի. Տիգրանակերտը նման մանր պեղումներով դժւար է ամբողջականացնել: «Հարիւրաւոր մետրեր ձգւող պարսպապատից ամէն տարի 15 մետր պեղելուց ի՞նչ պիտի ստանանք: Պեղումները սահմանափակ են, բայց ես շնորհակալ եմ Արցախի իշխանութեանը, որ այդքան աջակցում է մեզ: Եթէ մենք այդ յուշարձանը  մէկ-երկու տարի չպեղենք, այն կվերածւի հողակոյտերի: Մենք ամէն տարի պեղման աշխատանքներ սկսելուց առաջ 10 օր միայն մաքրման աշխատանքներ ենք տանում»,- ասաց նա:

Տիգրանակերտում պեղումներն այս տարի մեկնարկել են յուլիսի 8-ին: Պեղման աշխատանքներ են իրականացւել ինչպէս ամրացւած թաղամասում, այնպէս էլ վաղքրիստոնէական հրապարակում, որտեղից բազմաթիւ ճարտարապետական հանգոյցներ, ուղիղ աշտարակ, վաղքրիստոնէական կոթողներ են յայտնաբերւել: Արցախի իշխանութիւնները Տիգրանակերտը պեղելու համար յատկացրել են 17 միլիոն դրամ:

Արցախի հնագիտական արշաւախումբը 2005թ. ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրութիւնը, իսկ 2006-2008 թթ. պեղումներ է իրականացրել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատւածներում, որոնց հետեւանքով երեւան են հանւել Միջնաբերդի կառոյցները, Ամրացւած թաղամասի պարիսպները, նոյն թաղամասի դարաւանդներից մէկի յենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին: Հետախուզական պեղումներ են կատարւել նաեւ Ամրացւած թաղամասի ու Կենտրոնական թաղամասի մի քանի հատւածներում, վաղքրիստոնէական դամբարանադաշտում: Հետազօտւել են նաեւ քաղաքի մերձակայքում գտնւող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնւող վաղ միջնադարեան ամրոցը:

Պեղումների միջոցով գետնի տակից վեր հանած կառոյցները եւ նիւթերը հաւաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադէմ հատակագծմամբ եւ շինարարական տեխնիկայով ստեղծւած ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրւելով մ.թ.ա. առաջին դարում հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցւել է տեղական սպիտակ կրաքարից, փռւել է լեռան լանջն ի վեր (արհեստական դարաւանդների տեսքով) եւ ստորոտի հարթավայրում, ունեցել է հզօր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մէջ թաղւած սպիտակ քաղաք: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։