Հա

Մշակոյթ

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 09:30

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին անմխիթար վիճակում է յայտնւել

Դիարբեքիրի՝ վերջին տարիներին վերանորոգւած Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այդ տարածքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների արդիւնքում թալանւել ու վնասւել է:

«alikonline.ir» - Դիարբեքիրի՝ վերջին տարիներին վերանորոգւած Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այդ տարածքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների արդիւնքում թալանւել ու վնասւել է: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին են վկայում «Armenian Weekly»-ին տրամադրւած լուսանկարները, որոնք արւել են գաղտնի կերպով:

2017 թւականի յուլիսին արւած նկարներում երեւում է, թէ ինչ անմխիթար վիճակում է յայտնւել եկեղեցին, որ մեծ դժւարութեամբ իրականացւած վերանորոգման աշխատանքներից յետոյ 2011 թւականին վերաբացել էր դռները հաւատացեալների առաջ:

Յայտնի չէ, թէ ովքեր են եկեղեցին հասցրել այդ վիճակին: Այն թաղամասում, որտեղ գտնւում է Սուրբ Կիրակոսը, երկար ժամանակ մարտեր են ընթացել թուրք ուժայինների ու քրդերի միջեւ:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձաւոր Արեւելքի ամենամեծ քրիստոնէական եկեղեցիներից է: 2012 թւականի նոյեմբերի 4-ին` 32 տարւայ ընդմիջումից յետոյ այստեղ կատարւել էր վերանորոգմանը յաջորդած առաջին եկեղեցական արարողութիւնը: Նոյն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաեւ առաջին պսակադրութիւնը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործւել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցութեամբ: Աշխատանքներին աջակցութիւն էր ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցւել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասւել էր 1915 թւականին` ռմբակոծութիւնից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, եւ մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն աւիրել էին այն:

Թէեւ Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980 թւականը գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թւականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել 97 տարի անց:

2015 թւականից այն թաղամասում, որտեղ գտնւում է եկեղեցին, վերսկսւել էին բախումները թուրքերի ու քրդերի միջեւ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։