Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 09:10

Մեծամօրում հնագէտները մ.թ.ա. 8-6-րդ դարերի գտածօներ են յայտնաբերել

Հայ-լեհական արշաւախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքները Մեծամօր հնավայրի բնակատեղիի քաղաքային թաղամասում եւ արդէն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրւել:

«alikonline.ir» - Հայ-լեհական արշաւախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքները Մեծամօր հնավայրի բնակատեղիի քաղաքային թաղամասում եւ արդէն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրւել: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` արշաւախումբը շարունակել է բացւած սենեակների ուսումնասիրութիւնը, բացւել են նորերը, յայտնաբերւել թաղումներ, մարդկային կմախքներ, մեծ քանակութեամբ մետաղեայ գտածօներ (ֆիբուլաներ, նետասլաքներ, դանակներ, ապարանջաններ), որոնք նախնական դիտարկումներով թւագրւում են մ.թ.ա. 8-6րդ դդ.: Հայ-լեհական արշաւախմբի համաղեկավար, Վարշաւայի համալսարանի հնագիտութեան ինստիտուտի տնօրէն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Եակուբեակի խօսքով՝ այդ են վկայում նաեւ նախորդ տարի Եւրոպայում իրականացւած С14 ռադիօածխածնային հետազօտութիւնների արդիւնքները:

Հնագէտները հետազօտում են բնակատեղիի փոփոխութիւնը ուշ բրոնզից մինչեւ Աքեմենեան ժամանակաշրջանը: Եակուբեակի խօսքով՝ Մեծամօրն այդ առումով կարեւոր նշանակութիւն ունի Արարատեան դաշտի բնակատեղիների շարքում:

«Մեծամօրը վաղ երկաթի դարաշրջանում քաղաք է եղել եւ աւերւել է ուրարտացիների կողմից, հիմա թաղումներ են բացւում, գտածօներ են յայտնաբերւում եւ աւերածութիւնների փաստեր արձանագրւում: Դրանք հարստացնում են մեր պատկերացումներն Արգիշտի Առաջինի եւ հետագայ շրջանի ուրարտացիների` Մեծամօրի վրայ ունեցած ազդեցութեան մասին»,- ասաց Եակուբեակը:

Ներկայում ուսումնասիրւում են հնամարդաբանական նիւթերը, իսկ յայտնաբերւած օրգանական նիւթերը (փայտածուխ եւ այլն), որոնք կարող են յստակ թւագրել մշակութային շերտերը, նախատեսւում է ուղարկել արտասահման` լաբորատոր հետազօտութեան:

Այս տարի արշաւախմբի կազմում 25 հնագէտ է, որոնց թւում` Վրոցլաւի համալսարանի հնագիտութեան բաժնի ուսանող, Լիւերպուլի համալսարանի դոկտորանտ, Ֆ. Նանսէնի անւան համալսարանի կրկնակի մագիստրոս եւ այլք:

Պրոֆեսոր Եակուբեակը մասնակցել է Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում եւ Իրաքում իրականացւած հնագիտական աշատանքներին: «Հայաստանը քրիստոնէական-եւրոպական արժէքներ կրող երկիր է եւ հեշտ է աշխատել այստեղ: Հայ գործընկերները բաւականաչափ փորձ ու գիտելիքներ ունեն: Հայերն անկեղծ են ու ժպտերես»,- նշեց նա:

Հայ-լեհական արշաւախմբի ղեկավարն այս տարի Հայաստան է եկել դստեր` 6-ամեայ Մարիայի ուղեկցութեամբ: Փոքրիկը հնագիտութեան ոլորտում «փորձ» ունի, առաջին անգամը չէ հնագէտ հայրիկի ուղեկցութեամբ պեղումների «մասնակցում»: Սակայն Մարիան պեղավայրից բացի հասցրել է լինել հետաքրքիր մի շարք այլ վայրերում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։