Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 15:00

«Tehran Noir». «Սամուէլ Խաչիկեանը եւ իրանական ժանրային ֆիլմերի վերելքն ու անկումը»

Իրանական կինոարւեստի հիմնադիրներից մէկին՝ Սամուէլ Խաչիկեանին անւանում էին «Իրանեան Հիչքոք»։ 1950-60-ական թւականներին ռեժիսորի ֆիլմերի անդրանիկ ցուցադրութիւնները երկրում սովորաբար երթեւեկութեան խցանումներ էին առաջացնում: Նրա ֆիլմերը պատճառ էին դառնում, որպէսզի Իրանում բացւէին նորանոր կինոթատրոններ: Որոշակի կրճատումներով Ձեզ ենք ներկայացնում «kinoashkharh.am»-ի՝ հրապարակած նիւթը, որը վերաբերւում է իրանահայ ռեժիսոր Սամուէլ Խաչիկեանին:

«alikonline.ir» - Իրանական կինոարւեստի հիմնադիրներից մէկին՝ Սամուէլ Խաչիկեանին անւանում էին «Իրանեան Հիչքոք»։ 1950-60-ական թւականներին ռեժիսորի ֆիլմերի անդրանիկ ցուցադրութիւնները երկրում սովորաբար երթեւեկութեան խցանումներ էին առաջացնում: Նրա ֆիլմերը պատճառ էին դառնում, որպէսզի Իրանում բացւէին նորանոր կինոթատրոններ: Որոշակի կրճատումներով Ձեզ ենք ներկայացնում «kinoashkharh.am»-ի՝ հրապարակած նիւթը, որը վերաբերւում է իրանահայ ռեժիսոր Սամուէլ Խաչիկեանին:

Սամուէլ Խաչիկեանի անունը մօտ քառասուն տարի ասոցացւում էր հոլիվուդեան ոճից ոգեշնչւած յայտնի ժանրային ֆիլմերի հետ, որոնք հանդիսատեսի մեծ բանակ ունէին: Նրա նորարարութիւնները եւ ժանրային մշակումները ընդլայնեցին իրանական կինոյի հնարաւորութիւնները, նա իր կինոարւեստով ցոյց տւեց երկրում տիրող սոցիալական եւ քաղաքական լարւածութիւնը, որ տանում էր դէպի յեղափոխութիւն:

37 ֆիլմերը, որ Խաչիկեանը նկարահանել է 1950-1990 թթ. ընթացքում, մելոդրամաներ են, պատերազմի եւ յանցագործութիւնների թեմաներով ֆիլմեր, երաժշտական, կատակերգական եւ սարսափ ժանրի գործեր: Խաչիկեանը իրանական ազգային կինոյին ձեւ եւ ոճ հաղորդեց: Սուղ ֆինանսական միջոցներ ունեցող ռեժիսորին ոմանք յայտարարում էին իրանական կինոյի փրկիչ, ոմանք էլ նրա գործերը համարում էին ընդօրինակումներ: Այսպէս թէ այնպէս՝ նրան անկասկած ընդօրինակում էին աւելի ցածրակարգ ռեժիսորները եւ ոչ ոք չէր կարող հերքել այն փաստը, որ Խաչիկեանը իրանական կինոյի առաջին դէմքն էր:

 

Հոլիվուդեան ոճը ժամանակակից Թեհրանում

Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերը ներկայացնում են Իրանի անցած դարաշրջանի պատկերները՝ փողոցում աղաղակող կադիլակներ, խնջոյքի շտապող կիսաշրջազգեստ հագած կանայք, կէսգիշերից մինչեւ լոյս բաց ակումբներ: Ֆիլմերը մասամբ վաւերագրական են, մասամբ էլ ռեժիսորի հորինւածքներն են, որոնք յաջողութեամբ ներծծել են հոլիվուդեան ոճը:

Չորս տասնամեակների ընթացքում նորարար ռեժիսորը հոլիվուդեան ոճի ֆիլմեր է նկարահանել, որոնք ցուցադրւել են Իրանի լեփ-լեցուն կինոդահլիճներում: Իրանի իսլամական յեղափոխութիւնից յետոյ նրա արեւմտեան ոճի ֆիլմերի հանդէպ պահանջարկը պակասեց, սակայն յետադարձ միայն մէկ հայեացքը դէպի նրա քիչ ցուցադրւած գործերը բաւական էր ռեժիսորի համբաւը վերականգնելու համար:

Խաչիկեանի ֆիլմերը իւրայատուկ էին նրանով, որ դրանք հնարաւոր էր ներկայացնել գրեթէ որպէս արտասահմանեան արտադրութեան ֆիլմեր: Նրա դասական ֆիլմը՝ «Կէսգիշերային մղձաւանջը» (1961 թ.) իտալացիների կողմից գնւել եւ այլ անւանում է ստացել, փոխել են ֆիլմի հերոսների անունները, իբրեւ թէ գործողութիւնները տեղի են ունենում Միլանում: Քաջատեղեակ լինելով մշակութային խիստ հակասութիւններին՝ նրա ֆիլմերը անհանգստութեան զգացում են պարունակում: Աւտոմոբիլների ֆետիշիստական տօնակատարութիւնները, նորաձեւ եւ չափազանց շքեղ առանձնատները սիմւոլներ էին, որոնց միջոցով նա արտայայտում էր Իրանում տիրող անարդարութիւնը, խաւերի միջեւ հակասաութիւնները եւ ինքնութեան խառնաշփոթութիւնը:

 

Հայը՝ Թեհրանում

Սամուէլ Խաչիկեանի ծնողները Հայոց Ցեղասպանութիւնից փրկւելով հաստատւել են Իրանի Թաւրիզ քաղաքում, որտեղ եւ ծնւել է ռեժիսորը 1923 թւականին: Ցեղասպանութեան մասին պատմութիւնները, որոնք նա լսել էր հօրից, օգնում էին Խաչիկեանին, երբ անհրաժեշտ էր լինում ֆիլմերին մռայլ տարրեր հաղորդել:

Երբ Թաւրիզի քաղաքական միջավայրը ստիպեց ընտանիքին տեղափոխւել Թեհրան, Խաչիկեանի առջեւ նոր աշխարհ բացւեց: Թէ ինչպէս նա սովորեց ֆիլմեր նկարել Թեհրան տեղափոխւելուց կարճ ժամանակ անց, դեռեւս առեղծւած է մնում: Ռեժիսորի խօսքով, Իւսէֆ Չահինէն իրեն կինոյի մասին գրքեր էր ուղարկում եւ «MGM» ընկերութեան նախկին պրոդիւսեր Դորէ Սկարի 1950 թւականին հրատարակւած ֆիլմարտադրութեան մասին գիրքը նրա համար ոգեշնչման աղբիւր էր դարձել:

Խաչիկեանը այն պարսկահայերից է, որոնք շատ մեծ աւանդ են ունեցել իրանական արւեստի, մասնաւորապէս կինեմատոգրաֆի զարգացման գործում: Առաջին պարսկական խաղարկային ֆիլմի՝ «Աբի եւ Ռաբիի» (1930 թ.) ռեժիսորը, օրինակ, իրանահայ Աւանէս Օհանեանն էր:

1953 թւականին նշանաւոր ռեժիսոր Սանասար Խաչատուրեանը խնդրում է Խաչիկեանին դառնալ «Վերադարձ» ֆիլմի ռեժիսորը: Ֆիլմը յաջողւած չէր, սակայն իր երկրորդ ֆիլմի՝ «Շիրազցի աղջկայ» գրանցած յաջողութիւնը հնարաւորութիւն տւեց Խաչիկեանին աւելի մեծ ազատութիւն պահանջել՝ ստանձնելով նաեւ ֆիլմերի սցենարները գրելու, երաժշտութիւնը ընտրելու եւ նոյնիսկ իրանական կինոյի պատմութեան մէջ առաջին անգամ ֆիլմի թրէյլեր պատրաստելու պատասխանատւութիւնը:

 

Ոսկէ տարիները

Սամուէլ Խաչիկեանի համար իր առաջին երկու ֆիլմերի ստեղծման ընթացքը նման էր «պարսկական կինոյի թակարդն ընկնելուն»: Այնուամենայնիւ ռեժիսորի երրորդ ֆիլմը՝ «Իրադարձութիւնների խաչմերուկում» (1955 թ.), որ մի երիտասարդի մասին է, որը միանում է յանցագործների խմբին՝ իր երազանքների աղջկան գոհացնելու համար, հռչակում է նրա անունը:

Ֆիլմը բնորոշ է 50-ականների իրանական կինոյին: Խաչիկեանի այս ֆիլմը աչքի է ընկնում մանրամասներով եւ կինեմատոգրաֆիական նորամուծութիւններով, որոնց նպատակն էր ներկայացնել բացարձակապէս տեսողական պատում: Ունենալով այնպիսի թերութիւններ, ինչպիսին են աղքատիկ երկխօսութիւնները, մելոդրամատիկ տեսարանները եւ հնացած տեխնիկական կողմը՝ ֆիլմի յաջողութիւնն այնուամենայնիւ իրանահայ ռեժիսորին դասեց թրիլերի վարպետների շարքը:

Մինչեւ 1950-ական թւականների վերջը Խաչիկեանը կատարելագործում էր սեփական ոճը՝ կիրառելով հնչիւնային հնարքներ, տեսախցիկի տարբեր անկիւններ, որ սովորաբար օգտագործւում էր մեղքի կամ յանցանքի աշխարհը պատկերելիս: Սակայն նա չէր վախենում աւելի հեռուն գնալ, ինչպէս դա արեց շատ յայտնի «Խնջոյք դժոխքում» (1956 թ.) ֆիլմում: Կոմեդիայի, սարսափի, ֆանտաստիկ եւ երաժշտական ժանրերի համակցումով ֆիլմը Հաջի Աղա անունով վարկատուի մասին է, որը մի գիշեր անցկացնում է դժոխքում՝ այնտեղ հանդիպելով յայտնի մարդկանց, ինչպիսին են, օրինակ, Տարզանը եւ Հիտլէրը: Այն դարձաւ առաջին իրանական ֆիլմը, որ ներկայացւեց միջազգային կինոփառատօնի: Ֆիլմում ակնյայտօրէն գրաւիչ են պատկերւած խելագարութեան եւ ուրախութեան զգացումները: Այն միեւնոյն ժամանակ պարունակում է խորաթափանց սոցիալական շերտ՝ ակնարկ կատարելով դժոխային կրակին, որն այրում է ամերիկացիների կողմից շահագործւող նաւթը:

Վստահ եւ ճկուն ժանրային մշակումը «Փոթորիկը մեր քաղաքում» ֆիլմի գլխաւոր տարրերից մէկն է: Ֆիլմում միահիւսւած են մի խելագարի, անտուն կնոջ, տպագրատան աշխատակցի եւ մի տղայի կեանքի պատմութիւնները: Գործողութիւնները տեղի են ունենում պարսկական Նոր տարւան նախորդող օրերին: Ֆիլմում կարելի է նկատել Խաչիկեանի՝ մոդեռնիզացւած Իրանի քննադատութիւնը: Չնայած այն բանին, որ ֆիլմի էքսպրեսիոնիստական տարբերակը մօտ է «Universal Studio»-ի սարսափ ժանրի ֆիլմերին, միանգամայն հասկանալի է, որ Խաչիկեանի հրեշը ներկայացնում է հասարակական անարդարութիւնը, ոչ թէ խելագար գիտնականի:

«Փոթորիկը» ֆիլմի աննախադէպ յաջողութեան շնորհիւ իրանահայ ռեժիսորն իր սեփական կինոստուդիան հիմնեց Ջոզէֆ Վաէզեանի հետ: Խաչիկեանը, անուամենայնիւ, ժամանակաւորապէս հեռացաւ ստուդիայից Վաէզեանի հետ ունեցած հակասութիւնից յետոյ եւ սեփական տաղանդը դրեց տխրահռչակ պրոդիւսեր Մեհդի Միսաղիէի տրամադրութեան տակ: Նա պրոդիւսերին յաջողութիւն բերեց «Կէսգիշերային սարսափ» ֆիլմով: Սակայն պրոդիւսերի պարբերական միջամտութիւնները եւ վերցրած անհարկի վարկերը կրկին հիասթափեցրին Խաչիկեանին, եւ նա վերադարձաւ իր հիմնած կինոստուդիան: Այնուհետեւ ռեժիսորը միմեանց հետեւից նկարեց երկու ֆիլմ՝ «Տագնապ» եւ «Հարւած», որոնք դարձան կինոստուդիայի մեծագոյն հիթերը:

«Տագնապ»-ը (1962 թ.) խաբեութեան, շանտաժի եւ սպանութեան մասին լարւած պատմութիւն է, որտեղ Խաչիկեանը ներկայացնում է երկրում նոր բուրժուական դասի ձեւաւորումը՝ իրենց ժամանակակից տներով, աղախիններով, ամերիկեան մեքենաներով եւ այլն:

«Հարւած»-ը (1964 թ.) պատմում է մի չքաւոր, ամուսնացած տղամարդու մասին, որի դուստրը գրաւում է ե՛ւ իր այլասերւած կոլեգայի, ե՛ւ մի բժշկի ուշադրութիւնը, որը բուժում է իր մահացու հիւանդ կնոջը: Սկիզբը նման է ծեծւած սիւժէով մելոդրամայի, սակայն յետոյ ռեժիսորը փոխում է ֆիլմի ընթացքը՝ այն վերածելով մանրակրկիտ մշակւած սարսափ պատումի: Հասարակ բնակարանը դառնում է վտանգաւոր մի վայր եւ հաճոյքների թատերաբեմ, որտեղ ռեժիսորը վերացարկման աստիճանի է հասցնում ֆիլմի տարրերը: Խաչիկեանը բացատրել է այն որպէս «կինոյի այբուբէնը վերականգնելու փորձ»:

«Առաջին իսկ օրերից ինձ չէր անհանգստացնում ուղերձը կամ էլ բովանդակութիւնը: Միակ բանը որ ես ուզում էի, դա հէնց կինօն էր՝ գործողութիւն, ճշգրիտ մոնտաժ, լուսաւորութիւն եւ այլն»,- ասել է ռեժիսորը:

Խաչիկեանական կինօն այնքան արագ էր զարգանում, որ եկաւ մի պահ, երբ ռեժիսորը պարսկերէնը չափազանց ծանր լեզու համարեց, որը չէր համապատասխանում իր նպատակներին: Ուստի, զրոյցի տեսարանները նկարահանւում էին վայրկեանում 22 կադր տեխնիկայով՝ նրանց անհրաժեշտ տեմպ հաղորդելու համար: Ֆինանսական միջոցների պակասը նոյնպէս մեծ ազդեցութիւն ունեցաւ. Խաչիկեանի տրամադրութեան տակ եղած տեսախցիկը այնքան էր մաշւել, որ 25 վայրկեան նկարելուց յետոյ պայթում էր:

Մինչ իր կարիերայի այս պահը, Խաչիկյանի պատումի ոճն արդէն յստակ էր. այն ունէր դինամիկ, լաւ մոնտաժւած սկիզբ, որին յաջորդում էին Թեհրանի վաւերագրական կադրերը, որոնք կտրուկ ընդհատւում էին ինչ-որ դաժան պատահարով: Կերպարների հիմքում ամերիկեան ֆիլմերն էին, սակայն նա երեւան հանեց տաղանդաւոր դերասանների եւ ապագայ աստղերի, ինչպիսին են Նասէր Մալեք-Մոթիին, Իրաջ Ղադերին եւ Ռեզա Բէյք Իմանվէրդին:

Մինչ 1956 թ. պարսկական կինօն արդէն բաժանւել էր երկու մասի: «Ղարունի գանձը» ֆիլմի գրանցած ցնցող յաջողութիւնը ազդարարում էր վերադարձ դէպի «նախասկզբնական կինօն», որը կոտրեց իրանահայ ռեժիսորի երազանքները: Միւս կողմից՝ «Աղիւս եւ հայելի» ֆիլմի մեծ ազդեցութիւնը նախանշում էր ժամանակակից կինոյի ծնունդը: Խաչիկեանը երկու խմբերից եւ ոչ մէկին չէր պատկանում եւ յաջորդող տասնամեակների ընթացքում նրա համար տեղ չկար այդ երկուսի արանքում:

Իրեն բնորոշ համեստութեամբ նա ասում էր. «Ես ոչ առաջադիմական էի, ոչ էլ յետադիմական, այլ կամուրջ էի երկուսի միջեւ»:

Սակայն, նա առաջադիմական էր: Նա ստեղծեց ուժեղ կամքի տէր կանանց կերպարներ իրանական կինոյում: «Սաբրինա» (1954 թ.) ֆիլմի իր վերափոխած տարբերակում մէկ աղջկայ համար պայքարող երկու եղբայրների փոխարէն երկու քոյրերն են պայքարում նոյն տղամարդու համար: Կիսաֆեմինիստական մօտեցումը ակնյայտ է նաեւ ռեժիսորի վերջին յաջողւած ֆիլմում՝ «Մնաս բարով, Թեհրան»-ում (1966 թ.), երբ զինւած բուժքոյրը պայքարում է յանցագործների դէմ:

Սակայն, 1965 թւականից յետոյ, նրա ֆիլմերը ակնյայտօրէն անկում ապրեցին: 1970-ականներին մոդեռնիստ ռեժիսորների ի յայտ գալուց եւ իրանական ֆիլմերում բռնութեան տեսարանների աճից յետոյ, Խաչիկեանական կինօն շատ արագ դադարեց նորաձեւ լինելուց:

 

Յեղափոխութիւնից յետոյ

1979 թւականին տեղի ունեցած Իրանի իսլամական յեղափոխութիւնից յետոյ Խաչիկեանը, ինչպէս իր գործընկերներից շատերը, մնաց ձեռնունայն: Խաչիկեանի ֆիլմերը դանդաղ եւ կանխամտածւած կերպով դուրս մղւեցին եւ արգելւեցին:

Իրանա-իրաքեան պատերազմի տարիներին կինոյի պետական մարմինները այնուամենայնիւ նրան դիմեցին, որպէսզի աւարտին հասցնէր օդուժի մասին պատմող «Արծիւներ» կոչւող ֆիլմը, որը նա կատարեց մեծամասամբ մոնտաժի սեղանի մոտ: Ֆիլմը կինովարձոյթում նոր ռեկորդ սահմանեց, սակայն այս յաջողութիւնը շատ բան չփոխեց ռեժիսորի կարգավիճակի մէջ: Չկարողանալով ռեժիսորի քարտ ձեռք բերել՝ նա ստիպւած էր վաճառել ունեցւածքը վարձը վճարելու համար:

«Իմ աշխատանքն իզուր էր: 40 տարի ես իզուր աշխատեցի», – շարունակ ասում էր նա՝ մինչեւ 2001թւականին կոտրւած սրտով կեանքից հեռանալը, ափսոսալով, որ չկարողացաւ նկարել այն ֆիլմերը, որ ցանկանում էր, եւ որ չայցելեց Հայաստան: Նրա մահից յետոյ Հայաստանից տարած մի բուռ հող լցւեց ռեժիսորի դագաղին:

 

Կորած համբոյր

Բոլոնիա քաղաքում անցկացւած «Il Cinema Ritrovato» (Վերականգնւած ֆիլմեր) կինոփառատօնի ընթացքում Խաչիկեանի թրիլերներին ուղղւած յետադարձ հայեացքը բաւական էր հասկանալու, թէ ինչ ողբերգական վիճակում են գտնւում դրանք ռեժիսորի մահից յետոյ: Նեգատիւ ժապաւեններ գրեթէ չեն պահպանւել, իսկ պահպանւած կադրերի մեծ մասն էլ սարսափելի վատ վիճակում են:

Իրանի Ազգային կինոարխիւը մեկտեղել է «Տագնապ» եւ «Հարւած» ֆիլմերից մնացած լաւագոյն կադրերը, իսկ Բոլոնիայի «L’Immagine Ritrovata» լաբորատորիան սքանաւորել է կրկնօրինակները: «Իրադարձությիւնների խաչմերուկում» եւ «Փոթորիկը մեր քաղաքում» ֆիլմերը նոյնպէս վերաթողարկւել են. ֆիլմերից եւ ոչ մէկը ամբողջական չէ, սակայն դրանք գեղեցիկ են իրենց անկատարութեան մէջ, որտեղ դեռեւս կարելի է տեսնել իրանական կինոյի վարպետի համարձակ ձեռագրատարրերը:

Սամուէլ Խաչիկեանը իրանական կինեմատոգրաֆի մէջ բազմաթիւ նորամուծութիւններ կատարեց: Դրանցից մէկը համբոյրն էր: «Իրադարձութիւնների խաչմերուկում» ֆիլմում համբոյրի տեսարանը սենսացիա առաջացրեց երկրում, իսկ ֆիլմի գլխաւոր դերասանուհին՝ Վիդա Ղահրեմանին ամօթանքի արժանացաւ: Դերասանուհու բազմաթիւ ընկերները եւ ընտանիքի անդամները հեռացան նրանից: Այդ համբոյրից նկար է պահպանւել, սակայն, ցաւօք, ֆիլմի պահպանւած ամենաամբողջական տարբերակում բացակայում է այդ տեսարանը:

Իսկ արդեօ՞ք այն մէկընդմիշտ կորած է: Այն ամփոփում է Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերի ամբողջ էութիւնը՝ պատմութեան խորքերում կորսւած գեղեցկութեան առաջադիմական, ազատախոհական մի պահը:

Յարակից Հրապարակումներ

  • Կինոարւեստի ակադեմիան յայտնել է պատւաւոր «Օսկար»-ի դափնեկիրների անունները
    Կինոարւեստի ակադեմիան յայտնել է պատւաւոր «Օսկար»-ի դափնեկիրների անունները

    Կինոարւեստի ամերիկեան ակադեմիան որոշել է պատւաւոր «Օսկար»-ներ շնորհել աֆրոամերիկացի կինոռեժիսոր Չարլզ Բերնետտին, կինոօպերատոր Օուէն Ռոյզմանին, կանադացի դերասան Դոնալդ Սազերլանդին եւ ֆրանսիացի ռեժիսոր Անէս Վարդային: 

  • ԱԿՆԱՐԿ - «Մի մարդ՝ փոշեկալած հայելում»
    ԱԿՆԱՐԿ - «Մի մարդ՝ փոշեկալած հայելում»

    Հոկտեմբերի 21-ը իրանահայ վաստակաւոր գրող-բանաստեղծ, թատերագիր եւ կինոռեժիսոր Սամուէլ Խաչիկեանի ծննդեան օրն է. մարդ, որ ոչ միայն նոր ոճ, մօտեցում, տեխնիկա... մի խօսքով՝ նոր որակ ու մակարդակ բերեց Իրանի կինոարւեստի բնագաւառին, այլեւ իր գործով պատճառ դարձաւ մեր անունը՝ հայի համբաւը, մէկ անգամ եւս նւաճի իր արժանի բարձունքը՝ իրանեան հասարակութեան այլեւայլ, բազմահազար խաւերի մէջ:

  • Պատմութիւնը մեր
    Պատմութիւնը մեր

    Մեր աշխարհի արեւները վառ ու անմար,
    Լո՛յս տւեցին Արմէնների անշէջ ոգուն.
    Արեւները շողերգեցին բիւր դարէդա՜ր
    Ծիրանալոյս ու վեհաշունչ մի պատմութիւն:

  • Ժողովուրդն իմ դիւցազնական
    Ժողովուրդն իմ դիւցազնական

    Դարեր անվերջ, մեծ պատմութեան կոհակները յորդ ու վարար,
    Եկա՜ն, զարկի՜ն ու կոխ տւին ափերը մեր գրանիտեայ.
    Մեր վէրքերից ծնունդ առած ատրուշաններն անմար ու վառ,
    Հուր բոցերով նոր լոյս տւին արմէնների ոգուն անմահ:

  • Կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման երեկոն
    Կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման երեկոն

    Հինգշ., հոկտ. 31-ի երեկոյեան ժամը 5-ին Արդի արւեստների թանգարանի «Թեկ» կինոդահլիճում կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման հանդիսութիւնը, իբրեւ աւարտ, նրան նւիրւած շաբաթւայ՝ իր ֆիլմերի ցուցադրման եւ քննարկման միջոցառման շարանի: Սոյն շաբաթը նախաձեռնւել էր «Մոջէ նօ-Փեգահ» կինօմատոգրաֆիական հաստատութեան կողմից՝ համագործակցութեամբ Արդի արւեստների թանգարանի եւ «Յակոբեան» զգեստի ընկերութեան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։