Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 11:10

Տեղի է ունեցել «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդէսը

Սեպտեմբերի 12-ին Շուշիի Կերպարւեստի պետական թանգարանում կայացել է «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդէսը: Գիրքը ստեղծւել է 2017 թ. յունիսին մեկնարկած Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան լուսանկարչական նախագծի արդիւնքում, որը նւիրւած էր Շուշիի ազատագրման 25-ամեակին: 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 12-ին Շուշիի Կերպարւեստի պետական թանգարանում կայացել է «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդէսը: Գիրքը ստեղծւել է 2017 թ. յունիսին մեկնարկած Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան լուսանկարչական նախագծի արդիւնքում, որը նւիրւած էր Շուշիի ազատագրման 25-ամեակին: Տեղեկացնում է «aparaj.am»-ը:

Այս տարւայ յունիսին մեկնարկած նախաձեռնութեան նպատակն էր 48 ժամում ցոյց տալ Շուշիի քաղաքային կեանքի բազմազանութիւնը երիտասարդ լուսանկարիչների աչքերով: Վաւերագրող լուսանկարիչներ Սոնա Ադամեանը, Սարօ Բաղդասարեանը, Անի Գէորգեանը, Արթուր Մելիքեանը, Նարեկ Ալեքսանեանը, Նոնա Մինասեանը, Արեւիկ Ծատրեանը, Արմինէ Վանեանը որսացել են կադրեր, որոնց շնորհիւ հանրութեան առաւել լայն շրջանակ հնարաւորութիւն կունենայ հաղորդակից լինելու Արցախի մշակութային մայրաքաղաքի հմայքին, ճանաչելու եւ հասկանալու շուշեցուն ու նրա քաղաքային առօրեան: Նախագծին իրենց մասնակցութիւնն են բերել անւանի վաւերագրող-լուսանկարիչներ Իւրի Մեչետովը եւ Մայեա Դէյսաձէն (Վրաստանի Հանրապետութիւն):

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Լեռնիկ Յովհաննիսեանն իր խօսքում նշել է, որ այս միջոցառումով ազդարարւում է համազգային կարեւոր կառոյցի ներկայութիւնն Արցախում, որը, ըստ նրա, մեծ նպաստ կբերի Արցախի հանրապետութեան կրթամշակութային զարգացմանը:

Նախաձեռնութեան հեղինակներից Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Սպարտակ Ղարաբաղցեանը կարեւորել է Շուշիին նւիրւած պատկերագրքի լոյսընծայումը: Ընթերցելով շուշեցի յայտնի գործիչ Վահան Նաւասարդեանի մօր նամակը որդուն, որի հիմնական ուղերձն էր՝ Շուշին քաղցր է շուշեցիներով,  Սպարտակ Ղարաբաղցեանը եզրակացնում է՝ «Շուշին մեր բոլորի Երուսաղէմն է: Ուրեմն նոր հանդիպումների, նոր հրատարակութիւնների, նոր նամակների, յիշողութիւնների վերընթերցմամբ ու մեզ նորոգելով հզօրանանք»:

ԱՀ Մշակույթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը շնորհաւորելով Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան գրասենեակի բացումն Արցախում, շեշտել է, որ Շուշին տարբեր է, ամէն մէկի հայեացքում իւրայատուկ է եւ հնարաւոր չէ մի պատկերագրքում պատկերել ամբողջական Շուշին: «Պատկերագրքի մէջ պատկերւած է շուշեցին: Ամենակարեւոր շեշտադրումը կեանքն է, մարդկանց դէմքերի ժպիտը, լոյսը»,- աւելացրել է Նարինէ Աղաբալեանը:

Լրագրող, մեկնաբան, ՀՀԿՄՄ Արցախեան մասնաճիւղի խորհրդի անդամ Միքայէլ Հաջեանը կարեւորել է այն հանգամանքը, որ հայոց մշակութային, քաղաքական կենտրոններից մէկը՝ Շուշին վերականգնում է իր նախկին կարգավիճակը: «Պատկերագիրքը ուխտագնացութիւն է դէպի հայոց սուրբ սրբոց քաղաքներից մէկը՝ Շուշի»,- ասել է Միքայէլ Հաջեանը ու աւելացրել, որ այն Շուշիի ամենօրեայ կեանքն է՝ իր բնակիչներով եւ նրանց ապրումներով:

Ինչ վերաբերում է եռալեզու պատկերագրքի հրապարակման քաղաքական ենթատեքստին, ապա, ըստ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի, Շուշիի հետ կապւած ցանակացած իրադարձութիւն, նոյնիսկ մշակութային ձեռնարկ, ունի քաղաքական ենթատեքստ: «Հաւանաբար կազմակերպիչները չեն ունեցել նախաձեռնութիւնը քաղաքական բեմահարթակ մղելու նպատակ, բայց մենք այդ ամէնը դիտարկում ենք քաղաքական ենթատեքսում, որովհետեւ Շուշին, լինելով մշակութային կենտրոն, կարող է ազդակներ փոխանցել հայկական քաղաքականութեանը»,- շեշտել է Դաւիթ Իշխանեանը:

Նախաձեռնողների կողմից յատուկ պարգեւների են արժանացել պատկերագրքում ընդգրկւած լուսանկարների հեղինակներից Գերման Աւագեանը եւ Իւրի Մեչետովը:

«Առաջին անգամ Շուշին տեսել եմ 1995 թ., այն ժամանակ Շուշին լրիւութեամբ քանդւած, անմխիթար վիճակում էր եւ հիմա ուրախ եմ, որ տեսնում եմ այս փոփոխութիւնները»,- նշել է Իւրի Մեչետովը:

Շնորհանդէսին ներկայ էին ԱՀ մշակույթի եւ եիտասարդութեան հարցերի նախարարի պաշտօնակատար Նարինէ Աղաբալեանը, Արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Կարէն Միրզոյեանը, Կրթութեան, գիտութեան եւ սպորտի նախարարի պաշտօնակատար Սլաւա Ասրեանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանը, պատգամաւորներ, Շուշիի քաղաքապետ Արծւիկ Մինասեանը եւ այլ հիւրեր:

Աւելացնենք, որ «Շուշի. 48 ժամ» նախագիծն իրականացւել է վաւերագրող լուսանկարիչ, փաստագրական լուսանկարչութեան համար «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակակիր Գերման Աւագեանի հետ գործակցաբար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։