Հա

Մշակոյթ

07/10/2017 - 12:20

Աշխարհահռչակ «ECM Records»-ը հրատարակել է Կոմիտասի գործերը` Լուսինէ Գրիգորեանի ներկայացմամբ

Այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանի Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կը կայանայ Լուսինէ Գրիգորեանի «Կոմիտաս «Եօթ երգ» դաշնամուրային ստեղծագործութիւնների ձայնասկաւառակի շնորհանդէսը:

«alikonline.ir» - Այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանի Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կը կայանայ Լուսինէ Գրիգորեանի «Կոմիտաս «Եօթ երգ» դաշնամուրային ստեղծագործութիւնների ձայնասկաւառակի շնորհանդէսը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ձայնասկաւառակը թողարկւել է ամբողջ աշխարհում մեծ հեղինակութիւն վայելող «ECM Records»-ի կողմից։ Այս ընկերութիւնը աշխարհին է ներկայացրել այսօրւայ մեծանուն երաժիշտներից շատերին, օրինակ՝ Արւօ Պիարտին, Քէյթ Ջարեթթին, Չիկ Քորէային, Գիդոն Կրեմէրին, ինչպէս նաեւ մեր հայրենակիցներ Տիգրան Մանսուրեանին, Քիմ Քաշքաշեանին եւ այլոց։

Սա այն եզակի դէպքերից է, երբ հանրայայտ ընկերութիւններից մէկն է հրատարակում եւ աշխարհին ներկայացնում Կոմիտասի ստեղծագործութիւնները։

Խտասալիկի գրքոյկը գրւած է հեղինակաւոր երաժշտաքննադատ Փոլ Գրիֆիցի կողմից, որը երկար տարիներ եղել է «The New York Times»-ի երաժշտական գլխաւոր  խմագիրը։ Նա Կոմիտասի կատարած աշխատանքը համեմատում է Բելլա Բարտոկի աշխատանքի հետ, վեր հանում Կոմիտասի սկզբունքների իւրայատկութիւնը: «Մինչ Բարտոկի ստեղծագործութիւնները վաղուց իսկ մտել են համաշխարհային դասական երաժշտութեան նւագացանկ, Կոմիտասը համաշխարհային երաժշտութեան պատմութիւնից պոկւած մի էջ է, որն սպասում է իր յետ կարւելուն։ Լուսինէ Գրիգորեանը Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործութիւնների իր մեկնաբանութիւններում ոչ միայն ընկալում է այն, ինչ երեւում է նոտագրութեան մէջ, այլ փոխանցում է նաեւ ազգային երաժշտութեան յետնապատկերը, խորքային ակունքները, որտեղից այն սերվել է: Նրա լեգատոյի արտայայտչաձեւերը կարող են առաջացնել դուդուկի զգացողութիւն, իսկ ստակատոները՝ յուշել թառի հնչողութիւնը: Ներկայ են նաեւ թմբուկն ու զուռնան՝ ժողովրդականի նման ճկուն ռիթմերով։ Նրա կատարողականութիւնը արտայայտում է ժողովրդական եւ ծիսական երաժշտութեանը բնորոշ խորհրդաւորութիւնը»,- ասել է Փոլ Գրիֆիցը:

Խտասալիկի գրքոյկում ընդգրկւած են նաեւ կատարողի բացատրութիւնները ստեղծագործութիւնների ծագման, Կոմիտասի աշխատանքի, ինչպէս նաեւ մեկնաբանական սկզբունքների մասին։

Խտասալիկը ձայնագրւել է Շւէյցարիայի Լուգանօ քաղաքի «RSI» ստուդիայում՝ «ECM Records»-ի հիմնադիր Մանֆրէդ Այխէրի անմիջական ղեկավարութեամբ։

Խտասալիկը Եւրոպայում ներկայացւել է սեպտեմբերի 22-ին եւ անմիջապէս արժանացել մասնագէտների դրական արձագանգին։ Հոկտեմբերին այն կը ներկայացւի Մեծ Բրիտանիայում, իսկ նոյեմբերին`ԱՄՆ-ում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։