Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017 14:00

«Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւնը» ցուցահանդէս՝ երկու ժողովուրդների առաւել մերձեցումը

Թւականիս հոկտեմբերի 17-ից մինչեւ 2018-ի յունւարի 17-ը Իրանի ազգային թանգարանում կայանալու է հնագիտական գտածոների ցուցահանդէս, որտեղ առաջին անգամը ներկայացւելու է Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ (Ք.Ծ.ա. 4-րդ հազարամեակից մինչեւ Ք.Ծ.ա. ա դար) 103-ական նմոյշներ: Համատեղ ցուցահանդէսի խորագիրն է «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւնը»:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թւականիս հոկտեմբերի 17-ից մինչեւ 2018-ի յունւարի 17-ը Իրանի ազգային թանգարանում կայանալու է հնագիտական գտածոների ցուցահանդէս, որտեղ առաջին անգամը ներկայացւելու է Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ (Ք.Ծ.ա. 4-րդ հազարամեակից մինչեւ Ք.Ծ.ա. ա դար) 103-ական նմոյշներ: Համատեղ ցուցահանդէսի խորագիրն է «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւնը»:

Յիշեալ նախաձեռնութեան նպատակն է մշակութային եւ հոգեւոր արժէքների ցուցադրմամբ նպաստել երկու ժողովուրդների մերձեցումը եւ բարձրացնել փոխճանաչողութեան մակարդակը:

Այդ առիթով երէկ հոկտ. 15-ի առաւօտեան, Իրանի ազգային թանգարանի յարկի տակ կազմակերպւել էր մամլոյ ասուլիս, մասնակցութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի, Հայաստանի ազգային թանգարանի տնօրէն դոկտ. Գրիգոր Գրիգորեանի, Իրանի պատմամշակութային հարստութիւնների եւ թանգարանների գլխաւոր տնօրէն Մոհամմադ Ռեզա Քարգարի եւ Իրանի ազգային թանգարանի տնօրէն Ջէբրայիլ Նոքանդէի:

Ասուլիսի ընթացքում Ջէբրայիլ Նոքանդէն անդրադառնալով համատեղ ցուցահանդէսին ընդգծեց. «Երբ իրանական 1395 թւականին Իրանի հանր. նախագահ դոկտ. Ռոհանին պաշտօնական այցով մեկնեց Հայաստան Իրանի ազգային թանգարանի եւ Հայաստանի պատմութեան թանգարանի միջեւ ստորագրւեց փոխգործակցութեան յուշագիր եւ ահաւասիկ կազմակերպւած ցուցահանդէսը համընդհանուր հայեացք է երկու երկրների համատեղ մշակութային հարստութիւնների: Ցուցահանդէսին ներկայացւել են 103 նմուշներ Հայաստանի եւ 200 նմուշներ Իրանի ազգային թանգարանից»: Նա ընդգծեց, որ ցուցահանդէսը բաղկացած է չորս գալերիաներից ըստ պատմական ժամանակաշրջանների եւ աւելացրեց, որ մուտքը ազատ է լինելու:

Ասուլիսի ընթացքում դոկտ. Գրիգոր Գրիգորեանը ընդգծեց. «Ցուցահանդէսը յետահայեացք է դէպի մեր ընդհանուր անցեալը եւ լիայոյս եմ, որ սկիզբ կը դնի մեր ապագայ համագործակցութիւնների»: Ասուլիսի ընթացքում նա համապարփակ բացատրութիւններ փոխանցեց ՀՀ ազգային թանգարանի եւ արտերկրում բազմիցս կայացած ցուցահանդէսների մասին:

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը անդրադառնալով ցուցահանդէսին, յայտարարեց. «Միջոցառման նախաձեռնութիւնը եւ կազմակերպումը պարտական ենք Իրանի ազգային թանգարանի տնօրինութեանը պրն. Նոքանդէին եւ Հայաստանի ազգային թանգարանի տնօրինութեանը, խորհրդի նախագահ Անելկա Գրիգորեանին եւ տնօրէն Գրիգոր Գրիգորեանին: Բացման հանդիսութեանը մասնակցելու է ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը եւ Իրանի մշակութային ժառանգութեան կազմակերպութեան նախագահ Մունեսանը»: Դեսպանը կարեւորութեամբ անդրադարձաւ երկու երկրների մշակութային յարաբերութիւնների զարգացման հնարաւորութիւններին եւ նշեց. «Հայաստանը եւ Իրանը իրենց բազմադարեայ պատմութեան ընթացքում ունեցել են շատ խորը եւ ընդհանուր մօտ փոխառնչութիւններ եւ աշխարհի այս կարեւոր տարածաշրջանում էթնիկ հին ժողովուրդների հետ, նրանց շարքում՝ մեր երկու ժողովուրդները ստեղծել են մշակութային եւ հոգեւոր հիանալի արժէքներ»: Դեսպանը ընդգծեց. «Առերեսումը մեր ընդհանուր պատմութեան հետ, մեր ընդհանուր ժառանգութեան հետ, մեր երկու հնամենի ժողովուրդներին եւ մեր երկու պետութիւններին պարտադրում է բարեկամութիւն եւ արժանապատիւ համագործակցութիւն»: Դեսպանը ընդգծեց, որ Իրանն ու Հայաստանը եղբայրական ժողովուրդներ են իրենց պատմութեամբ եւ մշակոյթով եւ ճիշտ կը լինի, որ երկու պետութիւնները յարաբերւեն հէնց այդ հիմքի վրայ:

Ասուլիսի ընթացքում Մոհամմադ Ռեզա Քարգարը կարեւորեց հետեւեալը. «Ապահով ապագայ եւ կայուն բարեկամութիւն հաստատելու նպատակով անհրաժեշտ է կայուն ճանաչողութիւն, քանզի բարեկամութիւնը արդիւնքն է լաւ ճանաչողութեան, իսկ հակառակ դէպքում՝ թշնամութեան: Եթէ փորձենք ցուցահանդէսի կայացման օրերին երկու երկրներ միմեանց նկատմամբ խոր ճանաչողութեան, դա կը յանգեցնի Իրանի եւ Հայաստնի ժողովուրդների կայուն բարեկամութեան եւ երբ աշխարհին ներկայանանք մեր մշակոյթով եւ քաղաքակրթութեամբ, դա նշանակում է որ մարդկային քաղաքակրթութեան յորձանուտում մենք ձգտում ենք մշակութային գործակցութեան»:

Վերջում լրագրողներին առիթ տրւեց հարցումների, որոնք շօշափում էին ոչ միայն կազմակերպւած ցուցահանդէսը, այլ նաեւ Իրանի ազգային ցուցահանդէսի առաջիկայ ծրագրերը: Հարցումներից էին հետեւեալները՝ արդեօք նմանօրինակ ցուցահանդէսներ նախատեսւած են Իրանի այլ նահանգներում եւս, արդեօք Իրանը եւս Հայաստանում նման ցուցահանդէսով հանդէս է գալու..., որոնց էլ դրական արձագանգներ եղան:

Նշենք որ ցուցահանդէսը շարունակւելու է երեք ամիս եւ բացման պաշտօնական հանդիսութիւնը տեղի է ունենալու վաղը, երեքշաբթի, հոկտեմբերի 17-ին: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։