Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2017 14:50

Թեհրանն ու Երեւանը հաստատակամ են ընդլայնելու մշակութային յարաբերութիւնները

«Հայաստան եւ Իրան. hողի յիշողութիւն» ցուցահանդէսի բացման արարողութեանը մասնակցելու նպատակով Հանրապետութեան նախագահի տեղակալ, մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան նախագահ Ալիասղար Մունեսանի հրաւէրով, երկօրեայ այցով Թեհրան է ժամանել ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանի գլխաւորած պատւիրակութիւնը:

«alikonline.ir» - «Հայաստան եւ Իրան. hողի յիշողութիւն» ցուցահանդէսի բացման արարողութեանը մասնակցելու նպատակով Հանրապետութեան նախագահի տեղակալ, մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան նախագահ Ալիասղար Մունեսանի հրաւէրով, երկօրեայ այցով Թեհրան է ժամանել ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանի գլխաւորած պատւիրակութիւնը:

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին հայաստանցի իր գործընկերոջն ընդունել է Իրանի մշակոյթի նախարար Սէյէդ Աբբաս Սալեհին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են մշակոյթի, արւեստի եւ մամուլի բնագաւառում երկկողմ փոխգործակցութեան հնարաւորութիւններն ու հեռանկարները:

Նախարար Սալեհին անդրադառնալով երկկողմ պատմա-մշակութային դարաւոր յարաբերութիւններին, ինչպէս նաեւ քաղաքական եւ տնտեսական բնագաւառներում երկու երկրների սերտ կապերին, յոյս է յատնել, որ մշակութային փոխգործակցութեան նպատակով վերջին շրջանում կողմերի միջեւ ձեռք բերւած համաձայնութիւնները կը նապաստեն նաեւ այդ բնագաւառում յարաբերութիւնների զարգացմանը. «Վստահ եմ, որ մշակոյթի եւ արւեստի բնագաւառներում փոխգործակցութիւնը կը նպաստի երկու ժողովուրդների առաւել մերձեցմանը»,- ասել է նա՝ յաւելելով, որ անհրաժեշտ է բարձրացնել երկկողմ մշակութային յարաբերութիւնների մակարդակը, քանզի դրա համար առկայ են բոլոր նախապայմանները:

Նախարար Ամիրեանն էլ երախտագիտութիւն յայտնելով բարձր մակարդակի եւ ջերմ ընդունելութեան համար, եւ անդրադառնալով տարբեր բնագաւառներում երկկողմ սերտ յարաբերութիւններին, յոյս է յատնել, որ այցը կը նպաստի մշակութային բնագաւառում երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանը:

«Ուրախ եմ, որ այսօր գտնւում եմ Իրանում, քանզի այս երկրում ինձ երբեւէ օտարական չեմ զգացել: Ես իրանցիներին իմ հայրենակիցն եմ համարում»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր՝ երեկոյեան Իրանի ազգային թանգարանում տեղի կունենայ «Հայաստան եւ Իրան. hողի յիշողութիւն» ցուցահանդէսի պաշտօնական բացումը:

Ցուցահանդէում, առաջին անգամ կողք-կողքի կը ցուցադրւեն Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ (Ք. ա. 4-րդ հազարամեակից մինչեւ Ք. ա. առաջին դար) 103-ական նմուշ՝ ի ցոյց դնելու փոխառնչութիւնների եզակի այն իրողութիւնը, որը ոգեկոչում է մշակութային եւ հոգեւոր արժէքների հնամենի ակունքները՝ Հայաստանի եւ Իրանի հողի յիշողութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։