Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 10:20

Արցախում վերջին տարիներին աւելացել է հետազօտւող յուշարձանների քանակը

Արցախի Հանրապետութեան պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակում ներկայումս հաշւառւած է շուրջ չորս հազար յուշարձան: 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակում ներկայումս հաշւառւած է շուրջ չորս հազար յուշարձան: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակոյթի նախարարութեան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ից, Արցախի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրէն, պատմական գիտութիւնների թեկնածու Նժդեհ Երանեանը կարեւորում է Արցախի տարածքում յուշարձանների մանրամասն եւ օբիեկտիւ հետազօտութիւնը:

Այդ նկատառումներից ելնելով վերջին տարիներին աւելացել է հետազօտւող յուշարձանների քանակը: Արցախում պեղումների առումով բաւական յագեցած էր 2017 թւականը։ Ուսումնասիրւել է ինը յուշարձան՝ Տիգրանակերտը, Ծմակահողի Սբ. Ստեփանոսի դամբարանը, Դադիվանքը (այս երեք յուշարձաններում աշխատել է Տիգրանակերտի հնագիտական արշաւախումբը՝ պ.գ.դ., պրոֆ. Հ. Պետրոսեանի ղեկավարութեամբ), Քարինտակի Ալեքսանա Ղուզէ քարանձաւը (արշաւախմբի ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Լ. Եպիսկոպոսեան), Միրիկ գիւղի ամրոցը (Քաշաթաղի շրջան, արշաւախմբի ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Հ. Աւետիսեան), ինչպէս նաեւ Շուշիի Վերին Մզկիթը, Շուշիի Մեղրեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, Քարագլուխ գիւղի գերեզմանատունը (Հադրութի շրջան) եւ Տող գիւղի Սբ. Յովհաննէս եկեղեցին (վերջին չորս յուշարձաններում աշխատել է «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութեան» արշաւախումբը՝ պ.գ.թ. Ն. Երանեանի ղեկավարութեամբ):

Պեղւող յուշարձաններն ընդգրկում են Արցախի գրեթէ ամբողջ տարածքը եւ վերաբերում են տարբեր ժամանակաշրջանների։ Վերջին տարիներին մշակութային ժառանգութեան նկատմամբ աճել է նաեւ Արցախի բնակչութեան հետաքրքրութիւնը, այսօր նրանք աւելի շատ տեղեկութիւն ունեն հայրենի յուշարձանների մասին։ Վերը նշւած յուշարձանների պեղումներից բացի որոշ հետախուզական աշխատանքներ են տարւել նաեւ տարբեր քաղաքացիների կողմից պատահական յայտնաբերւած գտածոների տարածքներում։

«Ցանկանում եմ յատուկ ընդգծել, որ պեղումների զգալի մասն իրականացւել է մասնաւոր ներդրողների միջոցներով, ինչը փաստում է, որ Արցախում մշակութային ժառանգութեան նկատմամբ հոգատարութիւնն աւելացել է: Տարին դեռ չի աւարտւել, եւ հնագիտական հետազօտութիւնները Արցախում գուցէ շարունակւեն»,- ասել է Նժդեհ Երանեանը։  Նա նաեւ տեղեկացրել է, որ մինչեւ այժմ պեղւած յուշարձանները ներառում են քարի դարից մինչեւ միջնադարն ընդգրկող ժամանակահատւածը։

Արցախում իրականացւող հնագիտական պեղումներին մասնակցում են նաեւ (Տիգրանակերտի տարածք) ԵՊՀ-ի մշակութաբանութեան ամբիոնի ուսանողները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։