Հա

Մշակոյթ

04/11/2017 - 14:10

Երեւանը 100 հազար տարեկա՞ն է. անօթեւան ծերուկի մաքրասիրութիւնը պատմական բացայայտման առիթ է դարձել

Մայրաքաղաք Երեւանը մէկ ամիս առաջ նշեց ծննդեան 2799-ամեակը։ Իրականում պարզւում է` Հայաստանի ներկայ մայրաքաղաքի տարածքում մարդիկ բնակւել են շատ աւելի վաղ` առնւազն 100 հազար տարի առաջ։

«alikonline.ir» - Մայրաքաղաք Երեւանը մէկ ամիս առաջ նշեց ծննդեան 2799-ամեակը։ Իրականում պարզւում է` Հայաստանի ներկայ մայրաքաղաքի տարածքում մարդիկ բնակւել են շատ աւելի վաղ` առնւազն 100 հազար տարի առաջ։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Երեւանեան ամենահին բնակատեղին յայտնաբերւել է շատ պատահաբար, ընդամենը 50 տարի առաջ։ Այդ տարիներին մայրաքաղաքի սիրւած հանգստավայր Երեւանեան լճի ափին մի օր անցորդները պատահաբար ոսկորներ ու կմախքի մնացորդներ յայտնաբերեցին։

Քաղաքացիների ահազանգերին արձագանգած պատկան կառոյցները պարզեցին, որ ոսկորները ռնգեղջիւրի, արջի, իշայծեամի, վայրի ցուլի աւելի քան 70 հազար տարւայ մնացորդներ են։

Պարզւեց, որ դրանք դուրս են բերւել Երեւանեան լճի ափին գտնւող մի քարայրից, որը նախնադարեան մարդու կացարան է եղել։

Քարայրում խորհրդային տարիներին մի անտուն ծերուկ է բնակութիւն հաստատել։ Ու մի օր էլ որոշել է իր կացարանում մաքրութիւն անել` այնտեղից դուրս բերելով բոլոր «անպէտք» իրերն ու մնացորդները։ Հէնց այդ պատահականութեան շնորհիւ էլ հնագէտներն իմացել են պատմական արժէք ունեցող քարայրի գոյութեան մասին։

«Քարայրում յայտնաբերւել են հազարից աւելի քարէ գործիքներ, նետասլաքներ, նիզակի ծայրեր, բրիչներ, կոկիչներ, մարդաբանական գտածօներ, որոնց թիւն անցնում է 2500-ից»,- պատմում է Երեւան քաղաքի պատմութեան թանգարանի հնագոյն եւ միջնադարեան պատմութեան բաժնի վարիչ Անժելա Տէրեանը:

Յայտնաբերւած նիւթերը հնագէտներին առիթ են տւել ենթադրելու, որ երեւանեան քարայրը նախնադարեան որսորդ-քարագործների համար ոչ թէ բնակարան, այլ «արհեստանոց-կայան» է ծառայել։

Քարայրի կենտրոնում նաեւ 48 հազար տարւայ օջախատեղի է յայտնաբերւել։ Հնագէտները խորհրդային տարիներին քարայրում միայն մի քանի շերտ են ուսումնասիրել։ Աւելի հին շերտերը շարունակում են հողով ծածկւած ու չուսումնասիրւած մնալ։ Մասնագէտները կարծում են, որ դրանք շատ աւելի հին շերտեր են եւ մօտ 100 հազար տարւայ պատմութիւն ունեն

Ի դէպ, այս քարայրը Երեւանեան լճի ափին միակը չէ, այստեղ նմանատիպ 4-5 քարայր կայ, բայց դրանք այսօր ծածկւած են տիղմով ու աղբով, եւ որեւէ մէկը դրանց ուսումնասիրութեամբ չի զբաղւում։ Ստացւում է, որ 100 հազար տարւայ հեռաւորութիւնից մեզ հասած պատմական գանձերն անկախ Հայաստանում կարող են հիմնովին անհետանալ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։